HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի իշխանությունները չեն մեկնաբանում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու մասին Փաշինյանի հայտարարությունը

Այսօր՝ օգոստոսի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստը սկսեց այն հայտարարությամբ, թե իրեն հավաստի տեղեկություններ են հասել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու վերաբերյալ։

Փաշինյանի հայտարարության մասին «Հետքը» մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից։  Նա ասաց, որ Արցախի կառավարությունը և իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու մասին Փաշինյանի հայտարարությունը։   

Հիշեցնենք՝ իր այսօրվա ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Արցախ, ևս 30 000-ը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքով։ 

«Մի շարք դրույթների չկատարումը շարունակաբար վկայում է, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Ղարաբաղի հայության էթնիկ զտումն է, Լեռնային Ղարաբաղից հեռացնելը՝ սովահարության, ռազմական օպերացիայի կամ այլ միջոցներով։ Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա։ ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

***

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Հակարիի կամուրջը, որը գտնվում է Արցախի ու Հայաստանի սահմանագծին: 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է հումանիտար բեռների ներկրումը Արցախ։ 256 օր է Ստեփանակերտ-Գորիս մայրուղով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 710 բուժառու համապատասխան բուժում ստանալու նպատակով: Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 189 օր ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումն ամբողջությամբ խափանված է արդեն 227 օր շարունակ։ 

Լուսանկարը՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter