
Տնտեսական ակտիվության տեմպը թուլանում է. արդյունաբերությունը անկում է ապրում
2023 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 10.4%-ով։
Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի սոցիալ-տնտեսական տվյալները, տնտեսության ակտիվությանը շարունակում են մեծապես նպաստել առևտուրն ու ծառայությունները։ Շինարարությունը ևս աճում է։ Բացասական դինամիկա է գրանցում արդյունաբերությունը։
Ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության աճի տեմպը գնալով թուլանում է։ Եթե տարվա սկզբում, ամսական կտրվածքով, ՏԱՑ-ն աճում էր երկնիշ տեմպով, ապա հուլիսին, 2022-ի հուլիսի համեմատ, այն աճել է 6%-ով։
Առավել «տխուր են» արդյունաբերության ցուցանիշները։ Արդեն երկու ամիս է՝ արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազում են։ Ընդ որում՝ նվազում է ինչպես մշակող արդյունաբերությունը, այնպես էլ՝ հանքարդյունաբերությունը։ Հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ամբողջ արդյունաբերության ծավալները նվազել են 7.4%-ով, հուլիսին՝ 2.4%-ով։
Հատկանշական է, որ արդյունաբերության անկման ֆոնին աճում է արտահանումը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտահանման աճը Հայաստանում ոչ թե տեղական ապրանքների հաշվին է, այլ՝ վերաարտահանման։ Հունվար-հուլիսին արտահանումն աճել է 62.1%-ով։
Երկնիշ տեմպով աճում են շինարարության ծավալները, սակայն բացարձակ թվով շինարարությունը մեծ ցուցանիշներ չի գրանցում (222 մլրդ դրամ հունվար-հուլիսին), որի պատճառով այն տնտեսական աճի վրա այնքան մեծ ազդեցություն չի թողնում, որքան, օրինակ, ծառայությունները։
Այս տարվա առաջին յոթ ամսում ծառայությունների ծավալը Հայաստանում աճել է 14.9%-ով և կազմել 1 տրլն 689 մլրդ դրամ։
Ակնհայտ է, որ ծառայությունների ոլորտում ևս աճի տեմպը թուլացել է։ 2022 թվականի մեծ թվով ռուսաստանցիների ներհոսքը նպաստեց ծառայությունների ոլորտում գրանցված 28.2% աճին։ Սակայն, այս տարվա մայիսից աճի տեմպը թուլանում է, որի հիմնական պատճառներից մեկը նախորդ տարվա համեմատական բարձր բազան է։ Այսինքն ՝ այս տարին համեմատվում է նախորդ տարվա արդեն իսկ բարձր ցուցանիշների հետ։ Թեև աճ է գրանցվում, սակայն այն շատ ավելի թույլ է, քան նախորդ տարի։
Առավել բարձր աճ է գրանցվում առևտրի ոլորտում։ Յոթ ամսում առևտրի ծավալներն աճել են 23%-ով՝ կազմելով 2 տրիլիոն 759 մլրդ դրամ։ Առևտրի ոլորտում ևս աճի տեմպը վերջին երկու ամիսներին թուլացել է, սակայն դեռևս մնում է բարձր մակարդակում։
Գյուղատնտեսության տվյալները դեռևս չեն հրապարակվել: Դրանք հրապարակվում են եռամսյակային պարբերականությամբ։
Մեկնաբանել