
«ՄԱՊ-ի Ալիկը», կինն ու որդին ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել են դատախազություն
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին, կնոջն ու որդուն` Մակար Պետրոսյանին, հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվող ուսումնասիրության նյութերին ծանոթանալու նպատակով:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրոսյանն ԱԺ պատգամավոր է եղել 2003-2007 թթ․՝ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակով, 2007-2012թթ․ «Հանրապետական» կուսակցության ցուցակով, իսկ 2012-ին՝ Արմավիրի տարածքից՝ մեծամասնական կարգով:
Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է նրան, սակայն դատախազը բողոքարկել է դատավճիռը, և այժմ գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանում:
Քրեական գործը հարուցվել էր 2015թ․, սակայն Ալեքսան Պետրոսյանը դատավարական կարգավիճակ ստացել է իշխանափոխությունից հետո՝ 2019թ․։
Նախկին պատգամավորի որդին՝ Մակար Պետրոսյանը, Արմավիրի մարզում գործող պահածոների «ՄԱՊ» գործարանի տնօրենն է: Գործարանի սեփականատերը հայրն է՝ Ալեքսան Պետրոսյանը:
Մակար Պետրոսյանին է պատկանում «Տար-Մուշ» ՍՊԸ-ն: Այն հիմնադրվել է 2009թ․: Ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը Մ. Պետրոսյանն է: Թե ընկերությունն ինչ գործունեություն է իրականացնում, հարկային մարմնում հրամապարկված տեղեկություններ չկան:
«ՄԱՊ Լուդինդ» ՍՊԸ-ի 50%-ը ևս Մակար Պետրոսյանինն է: Ընկերությունը ստեղծվել է 2020թ․: Ընկերության մնացած 50%-ը հավասարաչափ պատկանում է ռուսաստանցի հայ գործարարներ՝ Արթուր Վարժապետյանին և Արմեն Շախազիզյանին:
«ՄԱՊ Լուդինդ» ՍՊԸ-ի գործունեության տեսակը մանրածախ առևտուրն է:
Նշենք, որ 2020թ. հուլիսի սկզբին ռուսաստանյան «Լուդինգ» ընկերությունների խումբը հայտարարել էր «ՄԱՊ» ՓԲԸ-ի հետ ռազմավարական գործարքի կնքման մասին: «Այվազովսկի» ապրանքանիշը գործընկերներին պատկանում է 50/50 համամասնությամբ:
2023թ. հուլիսի 4-ին էլ ստեղծվել է «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն, որի 51%-ի սեփականատերը Մակար Պետրոսյանն է:
Նորաստեղծ այս ընկերությունն արդեն հասցրել է հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում: «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ծրագիրի շրջանակներում նորաստեղծ ընկերությանն է վստահվել սեպտեմբերին Երևանում կայանալիք ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպումը:
Կառավարությունը Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացրել է 6 միլիոն դոլար:
Մեկնաբանել