HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երասխի գործարանի ուղղությամբ կրակոցները ՊՆ-ն հրադադարի ինտենսիվ խախտում չի համարում

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Երասխի մետալուրգիական գործարանը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ օգոստոսի 25-ից 27-ը ադրբեջանական զինուժը բարձր ինտենսիվությամբ, աննախադեպ քանակի՝ 60 կրակոց է արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը:

«Շարունակում են նույն զինատեսակներից կրակել։ Շաբաթ օրն ունեցել ենք գրեթե 60 կրակոց, կրակում են աշխատողների կացարանի վրա, որը, կարելի է ասել, նորություն է, որովհետև հիմնականում արտադրական կամ աշխատանքային պրոցեսների ժամանակ են կրակում, հիմա արդեն՝ էն շենքերի վրա, որտեղ մարդիկ են»,- «Հետք»-ին ասաց գործարանի տնօրեն Տիրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ վնասվել են շենքի պատուհանները, մարդկանց շրջանում տուժածներ չկան։ Այսօր կրակոցներ չեն եղել։

Այն հարցին, թե ինչու Պաշտպանության նախարարությունը չի հաղորդում նշված դեպքի մասին՝ Հակոբյանն առաջարկեց դիմել ՊՆ-ին։

«Անհնար է տեղյակ չլինեն կրակոցներից, ամբողջ գյուղն է տեղյակ։ Նենց ցածր չի, որ չլսեն։ Զորքերն առաջնագծում էդ ամեն ինչը տեսնում և վավերագրում են»,- ասաց նա։

«Հետքը» կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ՝ փորձելով ճշտել, թե ինչ տեսակի զենքերից է հակառակորդը կրակել, և ինչու ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածել։

«Հրադադարի ինտենսիվ խախտումների մասին ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածում»,- ասաց Թորոսյանը՝ հորդորելով մեկնաբանություն ստանալ գործարանից։

Մեր ճշտող հարցին՝ ինչո՞ւ ՊՆ-ն չի հայտնել այս դեպքի մասին՝ Թորոսյանը կրկին պատասխանեց. «ՊՆ-ն հրադադարի ինտենսիվ խախտումների պարագայում պաշտոնական հաղորդագրություն տարածում է»։

«Այս դեպքում չի՞ եղել խախտում»,- կրկին հարցրինք խոսնակին։

«Ես մեկնաբանեցի»,- պատասխանեց Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։

Ադրբեջանը պարբերաբար կրակում է գործարանի ուղղությամբ՝ պահանջելով դադարեցնել շինաշխատանքները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն էլ հայտնում է՝ Երասխի գործարանի շինաշխատանքները դադարեցնելու Ադրբեջանի պահանջի համար որևէ հիմք առկա չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter