HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Ամուսնուս գերեզմանն այստեղ չեմ թողնի»․ պատերազմում զոհված Գևորգ Համբարձումյանն այսօր կդառնար 40 տարեկան

Այսօր՝ օգոստոսի  28-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Համբարձումյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 40 տարեկան։ Գևորգի կինը՝ Նանար Գրիգորյանը, ամեն կերպ փորձում էր Մարտունուց Ստեփանակերտ՝ ամուսնու գերեզման հասնել։ Դեռ մեկ ամիս առաջ սկսել էր հետաքրքրվել, թե ով է բենզին վաճառում կամ պատահաբար ով է այդ օրը Ստեփանակերտ գնալու։ Առավոտյան հուսահատ գրել էր, որ հնարավոր է չկարողանա այցելել ամուսնու գերեզմանին։ Գևորգ Համբարձումյանը հուղարկավորված է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը։

Երբ պայմանավորվել էինք զրուցել, Նանարը խնդրեց մեր զանգը տեղափոխել մի քանի ժամ հետո, քանի որ մեքենա էր գտել, որ կկարողանար Ստեփանակերտ հասնել։

Մարտունու քաղաքապետարանը Մարտունուց Ստեփանակերտ տեղափոխվող ուսանողներին ավտոբուս էր հատկացրել, Նանարը խնդրել էր, որ իրեն էլ ուսանողների հետ քաղաք տանեն։ Ասում է՝ շատ կնեղվեր ու իրեն չէր ների, եթե այդ օրը չկարողանար ամուսնու շիրիմին այցելել։

«Վարորդներին 50 000 դրամից ավել էի առաջարկում, ինչ գին ուզում է լինի, կտայի, ուզում էի քաղաք հասնել։ Ամեն տարի ժամը 12:00-ին ենք գերեզման այցելել, բայց մարդիկ բացատրում էին, ասում էին ՝չկա, վառելիք չկա, չունենք, որ լիներ, հաստատ չէին մերժի։ Բայց որոշել էի, ինչ էլ ուզում է լինի, պետք է հասնեմ Գևորգի գերեզմանին։ Լավ է՝ բախտս բերեց, հասա, սիրտս հանգստացավ»,- պատմում է Նանարը։

 Գևորգ Համբարձումյանը զոհվել էր հայրենի Ավետարանոց գյուղում 2020թ․ հոկտեմբերի 26-ին։

Պատերազմից հետո Գևորգի մայրը՝ Բելա Համբարձումյանը, բնակվում էր Ստեփանակերտում՝ դստեր տանը, Նանարն իր դստեր՝ Լուսեի հետ Մարտունի քաղաքում՝ վարձով։ Այժմ Բելան տեղափոխվել է որդու՝ Գևորգի հիշատակին ստացած տուն, իսկ Նանարը դստեր հետ դեռևս բնակվում է Մարտունիում՝ եղբոր ընտանիքի ու ծնողների հետ։ 

Նանարի ծնողներն ապրում էին Ազոխում, Նանարն ամուսնու, սկեսուրի և դստեր հետ՝ Ավետարանցում։ Պատերազմից հետո երկու գյուղերն էլ անցան ադրբեջանական վերահսկողության տակ։

Լուսեն՝ նրանց դուստրն ընդամենը 8 ամսական էր, երբ Գևորգը զոհվեց։ Հիմա Լուսեն 3.5 տարեկան է։ Հոր մասին շատ բան գիտի։ Նանարը Գևորգի մասին շատ է պատմում։

Լուսեն էլ հորական տատի՝ Բելայի հետ շատ կապված է։ Այսօր Լուսեին հնարավոր չեղավ Ստեփանակերտ բերել։

«Շատ կապված ա տատիկի հետ։ Չէի ուզում իմանար, որ Ստեփանակերտ եմ գալիս, հասկանում ա ամեն ինչ։ Գիտի, որ հոր մոտ ենք գնում, գիտի, որ երբ ինքը շատ փոքր ա եղել, պապան գնացել ա մեր տունը պահի ու էլ հետ չի եկել, մնացել ա, զոհվել»,- պատմում է Նանարը։

Երբ զրուցում էինք Նանարի հետ, սկեսուրի՝ Բելայի տանն էր։ Երեկոյան ժամը 6-ին պիտի նորից նույն ավտոբուսով Մարտունի վերադառնար։

Նանարը երկու ամիս առաջ աշխատանքի է անցել «Արցախէներգոյում»՝ որպես հաշվապահ։ Մինչ այդ տանը քաղցրավենիքով փնջեր ու կոմպոզիցիաներ էր պատրաստում։ Այժմ երբ քաղցրավենքիքը արդեն քանի ամիս է խանութներից բացակայում է, Նանարը գործը դադարեցրել է, հիմա բակի ծաղիկներով է փնջեր պատրաստում ու վաճառում։

Հացի ու խանութի հերթերում Նանարի հայրն է սպասում։ Վերջին շրջանում հացը ևս դարձրել են կտրոնով։ 8-հոգանոց ընտանիքին 7 հաց են տրամադրում։ Հաճախ եղել են օրեր, երբ Նանարի հայրը հացի հերթից ձեռնունայն է վերադարձել։

Ասում է ամենաբարդը Լուսեին՝ դստերը մերժելն է։

«Մեկ-մեկ լինում ա ինձ, կամ հորս ասումա ա՝ արի գնանք խանութ, քաղցր առնենք, սոկ առնենք։ Պապայիս սիրտը կտոր-կտոր ա լինում, որտեղի՞ց առնի, խանութները դատարկ ա ախր»,- պատում է նա։

Նրանք վերջին բաժին շաքարավազն են սկսել օգտագործել։ Քաղցր թեյ Լուսեն է սիրում, շաքարավազն օգտագործում են Լուսեի ու Նանարի եղբոր երկու երեխաների համար։

Բանջարեղեն են աճեցրել, մեծ մասը չորացել է, քանի որ ջրամատակարարում չկա։

Նանարը չգիտի, թե մինչև երբ կարող են դիմանալ։ Լուսեն մանկապարտեզ է գնում։ Ասել են, որ մանկապարտեզը կգործի մինչև սեպտեմբերի վերջ։ Պատերազմից հետո Նանարը գիտեր, որ Արցախի վիճակը վատանալու է, բայց երբեք չի մտածել դուրս գալու մասին։

«Ամուսնուս գերեզմանն այստեղ չեմ թողնի, առանց եղբորս ու հորս էստեղից դուրս չեմ գա»,- ասում է նա։

Գլխավոր լուսանկարում՝ Նանարն ու Գևորգը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter