HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր աչքի առաջ Ալենին ծեծելով տարան ու գցեցին մեքենան»․ պատմում է դեպքի ականատեսը

Օգոստոսի 28-ին ադրբեջանական սահմանապահ ծառայություն իրականացնող անձինք առևանգել են Արցախից Հայաստան տեղափոխվող երեք ուսանողների՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ 

Ուսանողները տեղափոխվում էին ռուսական խաղաղապահ առաքելության ուղեկցությամբ։ Ժամը 13:00-ի սահմաններում տեղափոխվողները հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անցակետ։ Ուսանողների խմբում տեղափոխվում էր նաև Սյուզաննա Մարգարյանը, որն ականատես է եղել 22-ամյա Ալեն Սարգսյանի առևանգմանը։ 

«Մինչև անցակետին մոտենալը մեքենաներում մոտ 3 ժամ սպասել ենք, որովհետև մաս-մաս էին բաց թողնում։ Մեր խմբում բոլորն ուսանողներ էին։ Հերթով մոտենում էինք, անձնագիրը ստուգում էին, որից հետո կարող էինք հատել անցակետը։ Ալենը նույնպես մոտեցավ անցակետի աշխատողին ու ցույց տվեց անձնագիրը։ Անունը ինչ-որ տեղ ստուգեցին ու անմիջապես մի կողմ քաշեցին։ Ասացին՝ մնացածին բաց թողեք, ինքը կասկածելի է։ Ալենը հարցրել է՝ ինչո՞ւ են իրեն մի կողմ քաշել, ինչի՞ վրա են կասկածում։ Բայց ադրբեջանցիները ոչինչ չէին պատասխանում։ Ալենը ուզում էր ազատվել իրենց ձեռքից ու գնալ ռուսների մոտ՝ օգնություն խնդրելու։ Իսկ ռուսները այդ պահին հաջորդ խմբին պետք է բերեին»,- պատմում է Սյուզաննան։ 

Ասում է՝ տղային չեն թողել ռուսների կողմը գնա ու սկսել են մարմնի տարբեր հատվածների հարվածներ հասցնել։ 

«Ավտոմատով գլխին ու ուսին էին խփում։ Մեր աչքի առաջ Ալենին ծեծելով տարան ու գցեցին մեքենան։ Նա գոռում էր։ Մինչև հիմա ձայնը ականջներիս մեջ է։ Այդ ընթացքում, ավտոմատով զինված ադրբեջանցիները շրջապատեցին մեզ։ Մոտ 40 հոգի էինք։ Մտածում եմ՝ շրջապատեցին, որ հանկարծ ինչ-որ բան չանենք, չմոտենանք Ալենին։ Մենք անզոր այնտեղ կանգնած էինք ու չգիտեինք ինչ անել»,- ասում է 21-ամյա Սյուզաննան։ 

Նրա խոսքով՝ ևս մեկ տղայի բռնեցին ու տարան անցակետի մոտ գտնվող սենյակ՝ հարցաքննելու, բայց ռուսների հետ բանակցությունից հետո նրան ավելի ուշ բաց թողեցին։ Ասում է՝ տղաներին շատ դժվար էին բաց թողնում։ Երբ նրանց մեքենան հատել էր անցակետը, որոշ ժամանակ անց իմացել են, որ ևս երկու հոգու՝ Վահե Հովսեփյանին ու Լևոն Գրիգորյանին նույնպես առևանգել են։ 

Երեք ուսանողների առևանգումից հետո, նույն օրը ժամը 17։00-ին հավաք էր կազմակերպվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Հավաքի մասնակիցները պահանջում էին Արցախի իշխանություններից քայլեր ձեռնարկել ուսանողներին հետ բերելու համար: 

«Այսօր՝ բլոկադայի ամենասուր օրերին, երբ միաժամանակ դեռ Վագիֆ Խաչատրյանի հարցը լուծված չէ, մեր ուսանողները Երևան գնալու ճանապարհին առևանգվել են: Մենք այստեղ հավաքվել ենք՝ հասկանալու համար, թե ինչ ենք ձեռնարկում, որպեսզի նման դեպքեր չլինեն, ինչ ենք ձեռնարկում, որպեսզի մեր երեխաներն այսօր կամ լինեն այստեղ՝ Արցախում, կամ Երևանում: Մեր պահանջը ներկայացրել ենք Արցախի նախագահին: Այն է՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել հարցը Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարի մասնակցությամբ»,- ասում է հավաքի մասնակից Նարինե Գրիգորյանը: 

Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր հավաքի մասնակիցներին ու հայտարարել, որ ԱԺ արտահերթ բաց նիստ կհրավիրեն միայն հաջորդ օրը՝ օգոստոսի 29-ին: Հավաքի մասնակիցները հրաժարվել են տուն գնալ ու պահանջել են հարցը քննարկել նույն օրը: Ավելի ուշ Ազգային ժողովում հրավիրվեց ընդլայնված խորհրդակցություն, որը տևեց մինչև ուշ երեկո։ Նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցության ավարտից հետո հանդիպեց ժողովրդի հետ ու ասաց, որ առավոտյան լավ լուր կհայտնի առևանգված ուսանողների ծնողներին։ Հաջորդ օրը ծնողները հեռախոսով խոսել են տղաների հետ։ Սակայն, նրանք դեռ անազատության մեջ են։ 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ տղաները 10 օր կմնան բանտում, որից հետո կարտաքսվեն Հայաստան։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երեք հայ երիտասարդները ձերբակալվել են՝ նախկինում մի տեսանյութում ադրբեջանական դրոշի վրա քայլելու պատճառով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter