HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատախազությունը հրաժարվեց Երևանի նախկին փոխքաղաքապետից 9.5 մլն դրամի բռնագանձման պահանջից

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 30-ին, շարունակվեց Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի ու կնոջ` Արմինե Գրիգորյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը ներկայացրեց միջնորդություն՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխության մասին:

Մասնավորապես՝ դատախազությունը օրինական է ճանաչել 2017 թվականին Նիկոյանի վարորդի կողմից իր հաշվին իրականացրած 2.5 մլն դրամի փոխանցումը: Ըստ դատախազի՝ վարորդ Եղիշե Համբարձումյանը ցուցմունք է տվել, որ այդ գումարը ոչ թե իր, այլ հենց Նիկոյանի դրամական միջոցներից է փոխանցել:

Փոփոխվել է նաև Վահե Նիկոյանի 2004 թվականի աշխատավարձի հաշվարկը: Դատախազությունը այն հաշվարկել էր 982 հազար 966 դրամ միջին վիճակագրական աշխատավարձ, սակայն Նիկոյանի կողմից պարզաբանվել է, որ ստացել է ավելի շատ աշխատավարձ՝ 1 մլն 182 հազար 534 դրամ, քան դատախազության հաշվարկածն է, ուստի օրինական եկամուտներն այդքանով ավելացել են՝ համապատասխանաբար նվազելով անօրինական եկամուտները:

Իսկ երրորդ փոփոխությունը վերաբերում էր ապօրինի եկամուտներին, որոնք ներառված են եղել հայցապահանջում, սակայն չպետք է ներառված լիենին: Նաիրա Արտաշեսյանը մեզ պարզաբանեց՝ այդ եկամուտները դիտարկվում են որպես ապօրինի, սակայն վերջում պահանջի մեջ չեն ներառվում, քանի որ այդ մասով ուսումասիրության նոր ժամանակահատված սահմանելու մասին որոշում առկա չի եղել: 

Եթե նախկինում դատախազությունը պահանջ էր ներկայացրել Վահե Նիկոյանից և նրա կնոջից բռնագանձել 19 մլն 786 հազ. դրամի չափով գումար, որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ, որը գոյացել է վարձավճարներից և 2017թ․ փոխանցումներից, այժմ դատախազությունը պահանջում է բռնագանձել 8 մլն 976 հազար դրամ: Դատախազությունը պահանջում էր նաև բռնագանձել 8 մլն 258 հազ. դրամի չափով գումար, որը 2013-2022թթ. ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, սակայն այժմ դրա փոխարեն պահանջում է բռնագանձել 9 մլն 541 հազ դրամ:  

Փաստորեն դատախազությունը հրաժարվեց Վահե Նիկոյանից 9.5 մլն դրամի բռնագանձման պահանջից: Այսինքն՝ եթե նախնական հայցապահանջով Նիկոյանից ու նրա կնոջից պահանջում էին բռնագանձել մոտ 28 մլն դրամ, միջնորդության բավարարման դեպքում դատախազության հայցապահանջը կնվազի՝ դառնալով 18.5 մլն դրամ:

Սակայն գույքային պահանջների մասով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Վահե Նիկոյանը ևս ներկա էր դատական նիստին: Մինչ դատախազի կողմից միջնորդության ներկայացնելը, նա հարցեր տվեց դատախազին, որոնք առնչվում էին նաև միջնորդության մեջ ներառված փոփոխություններին:

Ներկայացնենք նրա հարցերից մի քանիսը: Դրանցից մեկը վերաբերում էր 2002-2003 թվականին իր կողմից ձեռք բերված և օտարված «Կամազ» և «Գազ» մակնիշի մեքենաներին: Նիկոյանը հայտնեց, որ դատախազությունը այդ մեքենաները համարել է ապօրինի, սակայն բռնագանձման պահանջ չի ներկայացրել, քանի որ տարեթվերը, նույնականացման համարները հայտնի չեն եղել: Նիկոյանն ասաց, որ այդ ամբողջ տեղեկատվությունը ձեռք է բերել ու հարցրեց դատախազությանը, թե այժմ էլ չեն ներառելու՞ այդ մեքենաներն իրենց հաշվարկներում:

Դատախազ Նաիրա Արտաշեսյանը հայտնեց, որ այդ փաստաթղթերը ևս բավական չեն, պետք է լինեն ապացույցներ, թե ինչ գնով են ձեռք բերվել և ինչ գնով են օտարվել: Իսկ եթե փաստաթղթերը պահպանված չեն, դատախազը հայտնեց, որ Նիկոյանը կարող է դիմել փորձագետի և ստանալ այդ մեքենաների արժեքների մասին տեղեկություններ: Դատավոր Նարինե Ավագյանը հետաքրքրվեց, թե ինչու այդ գործողությունը չի արել դատախազությունը:

Դատախազն ասաց, որ տվյալ մակնիշների մեքենաների համար մաքսային արժեք չեն տրամադրում: Իսկ փորձագետի չեն դիմել, քանի որ չեն ունեցել ելակետային տվյալներ այդ մեքենաների հետ կապված:

Նիկոյանի հաջորդը հարցը իր ընկեր Վլադիմիր Չթրյանի կողմից 15 մլն դրամ նվիրատվություն ստանալու մասին էր: Ըստ Նիկոյանի` դատախազության ներկայացրած տվյալներով արդեն իսկ երևում է, որ Չթրյանը ունեցել է բավարար միջոցներ այդ նվիրատվությունն անելու համար: Սակայն դատախազը հայտնեց, որ գուցե նրա ընտանիքն ունեցել է բավարար միջոցներ, սակայն ուսումնասիրելով անձամբ Վլադիմիր Չթրյանի եկամուտները` եկել են այն եզրահանգման, որ նա չէր կարող ունենալ: Դատախազը նշեց մի հանգամանք սակայն, որ Չթրյանի բանկային գաղտնիքի վերաբերյալ տեղեկություն չեն կարողացել ստանալ:

Նիկոյանը անդրադարձավ նաև հոր կողմից 2008 թվականին 54 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն ստանալուն: Նա հարցրեց դատախազին, թե ինչ տվյալ պետք է ներկայացնի այս մասին, որ արժանահավատ համարվի: Դատախազը հայտնեց` եթե կլինեն նման փաստեր, թող ներկայացնեն և կգնահատվի դատախազության կողմից: Նիկոյանը և վերջինիս ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը դատախազին խնդրեցին հայտնել, թե իր անձնական կարծիքը որն է, դատարանը ևս խնդրեց հիշատակել մեկ օրինակ, որը դատախազը կգնահատի արժանահավատ փաստ տվյալ պարագայի համար: Սակայն դատախազը հայտնեց, որ չի կարող իմանալ, թե օբյեկտիվ իրականության մեջ նմանատիպ ինչ ապացույց կարող է գոյություն ունենալ այդ փաստը հաստատելու համար և չգիտի, թե անձի տիրապետության տակ ինչ ապացույցներ կարող են լինել:

Դատախազի միջնորդության վերաբերյալ դատարանը որոշումը կկայացնի առանձին ակտի ձևով: Գործով հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 28-ին` ժամը 15:00-ին:

Կարդացեք նաև`

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter