HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասկերանում շարունակվում է հավաքը՝ թույլ չտալու ադրբեջանական բեռնատարների մուտքը Արցախ

Արցախի Ասկերան քաղաքից, մոտակա բնակավայրերից, ինչպես նաև Ստեփանակերտից մարդիկ տարբեր գրությամբ պաստառներով շարունակում են հավաքը Ասկերան քաղաքի հուշարձան-տանկի մոտ, որը խորհրդանշում է Արցախյան ազատամարտը: Նրանց նպատակն է՝ թույլ չտալ ադրբեջանական որևէ հումանիտար բեռի մուտքն Արցախ: 

«Ադրբեջանցիները ուզում են ռուսների հետ բանակցել ու անցնել ճանապարհը, գալ Ասկերան: Այստեղ հավաքել ենք, որ չթողնենք ադրբեջանցիները մուտք գործեն մեր քաղաք: Մենք երբեք չենք համաձայնելու ադրբեջանական այսպես կոչված օգնությունը ընդունել»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց հավաքի մասնակից Լանա Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նաև միջազգային լրատվամիջոցների է հրավիրել Աղդամ-Ասկերան սահմանային գոտի: 

«Մեր կողքին են Ասկերանի վարչակազմի ղեկավարը, Ասկերանի քաղաքապետը: Ինչքան պետք լինի, կանգնելու ենք ու տուն չենք գնալու»,- ասաց Լանա Համբարձումյանը: Նա նշեց, որ հավաքի մասնակիցները վրաններ են տեղադրել ու գիշերելու են այդտեղ: 

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախին այս տարվա օգոստոսի 29-ին Ադրբեջանը Կարմիր մահիկի միջոցով մի քանի բեռնատար ալյուր է ուղարկել Աղդամ-Ասկերան սահմանային գոտի։ Ռուսական խաղաղապահ զորախումբը արգելապատնեշներ և փշալարեր է տեղադրել սահմանային գոտում։ Ադրբեջանի Կարմիր մահիկի ներկայացուցիչներն էլ վրաններ են տեղադրել իրենց կողմում։ 

Օգոստոսի 30-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Ասկերանում էր՝ տանկի մոտ հավաքված քաղաքացիներին հանդիպելու համար: Նույն օրը տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ Աղդամ-Ասկերան ճանապարհը փակ կմնա: Նա նշեց՝ միակ ճանապարհը, որ պետք է գործարկվի, Լաչինի միջանցքն է: 

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է՝ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակեց նաեւ Հակարիի կամուրջը, որը Արցախի ու Հայաստանի սահմանագծին է: Իսկ 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է հումանիտար բեռների ներկրումը Արցախ։ Շրջափակման 263 օրվա ընթացքում Ստեփանակերտ-Գորիս մայրուղով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 731 բուժառու՝ համապատասխան բուժում ստանալու նպատակով: Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 196 օր ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումն ամբողջությամբ խափանված է արդեն 234 օր շարունակ։ 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter