HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացնում է, թե ինչ է արել Արցախում շրջափակված ՀՀ քաղաքացիների համար

268 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է։ «Հետքը» հարցում է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ փորձելով պարզել, թե գերատեսչությունը ինչ տեղեկություն ունի շրջափակման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների, նրանց՝ սնունդով և կեցության պայմաններով ապահովվածության մասին, ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիներին ՀՀ տարածք տեղափոխելու և Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքում սննդի և կեցության պայմաններով ապահովելու ուղղությամբ։ Ի պատասխան՝ նախարարությունից 4 էջից բաղկացած գրություն են ուղարկել՝ ներկայացնելով 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո տեղի ունեցած իրադարձությունները։ 

Արտգործնախարարության պատասխանում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները, որոնց թվաքանակը կազմում է շուրջ 120 հազար մարդ, կրում են ՀՀ քաղաքացու անձնագիր։ 

«2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից ի վեր Հայաստանը ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելուն և Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը վերականգնելուն՝ համաձայն ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին ընդունված և հուլիսի 6-ին վերահաստատված իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների»,- հայտնում են ԱԳՆ-ից:

Այս ընթացքում, մասնակվորապես 2023թ. օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: 

Հայաստանի պահանջով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը ԱՄՆ-ում տեղի է ունեցել օգոստոսի 16-ին: 

Նախարարության փոխանցմամբ՝ մինչ այդ, Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ կողմից որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթղթեր` շրջանառվել են ավելի քան 20 նամակներ և հայտարարություններ՝ Լաչինի միջանցքի արգելափակման, ԼՂ-ում հումանիտար վիճակի, ռազմագերիների վերադարձի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և այլ խնդիրների վերաբերյալ, որոնք հասանելի են ՄԱԿ թվային գրադարանում։ 

Բացի այդ, ՄԱԿ Գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Բնակչության հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի, Զարգացման ծրագրի, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավարներին փոխանցվել են ՀՀ ԱԳ նախարարի և ՀՀ այլ գերատեսչությունների ղեկավարների նամակները

Հայաստանի դիմումի համաձայն՝ 2022թ. դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում։ 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԽ նախագահին հասցեագրված հուլիսի 12-ի իր նամակում ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի վրա՝ կարևորելով ԱԽ կողմից հրատապ ու արդյունավետ միջոցների ձեռնարկումն ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտման՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների կատարումը և Լաչինի միջանցքով անձանց, ավտոմեքենաների ու բեռների ազատ տեղաշարժի վերականգնումը։ 

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին, մասնավորապես սնունդի ու այլ կենսական ապրանքների պակասին և թերսնման խնդիրներին անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը օգոստոսի 3-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանություն» օրակարգի կետի ներքո ԱՄՆ կողմից կազմակերպված «Սովի և հակամարտության հետևանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկման ընթացքում իր ելույթում՝ շեշտելով, որ Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին՝ ընդլայնելով բնակչությանը սով պարտադրելու իր ակնհայտ գործողությունները: 

Արտգործնախարարությունից հայտնում են նաև, որ նշյալ ժամանակահատվածում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից հնչել են ևս 9 հայտարարություններ, որոնք, ըստ ԵԱՀԿ կանոնակարգի, ենթակա չեն հանրայնացման

Եվրոպայի խորհրդի քարտուղարություն են փոխանցվել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցները, Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարի նամակները՝ խնդրելով այդ փաստաթղթերը տարածել որպես ԵԽ Նախարարների կոմիտեի պաշտոնական փաստաթղթեր։ Նախարարների կոմիտեի կանոնների համաձայն՝ տվյալ փաստաթղթերը, սակայն, ենթակա չեն հրապարակման

Միևնույն ժամանակ, ԱՊՀ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում կայացած կանոնադրական մարմինների նիստերի և այլ միջոցառումների ընթացքում, ինչպես նաև երկկողմ հանդիպումների ժամանակ ՀՀ պատվիրակության ղեկավարներն համապատասխան ժամանակահատվածում իրենց ելույթներում մշտապես անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման և վերջինիս հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացման հարցերին: 

Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար հանդիպումներ են ունենում հավատարմագրման երկրների օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ և փոխանցում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը նկարագրող և ՀՀ պաշտոնական դիրքորոշումն արտահայտող փաստաթղթեր։ Դեսպանները հանդես են գալիս ելույթներով և հարցազրույցներով։ 

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և անձնակազմերի հետ շփումների ընթացքում պարբերաբար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ: 

ԱԳՆ միջոցով փոխանցվել են ՀՀ ԱԺ նախագահի, փոխնախագահի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի, համապատասխան բարեկամական խմբերի ղեկավարների, ինչպես նաև պատգամավորների նամակները՝ հասցեագրված իրենց գործընկերներին՝ երկկողմ և բազմակողմ մակարդակներով: 

Գերատեսչության գրության համաձայն՝ օտարերկրյա լրատվամիջոցներում հրապարակվել են հումանիտար ճգնաժամը ներկայացնող ավելի քան 2000 հոդվածներ։ 

«Հայկական կողմը իր ամենօրյա աշխատանքների միջոցով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում հատկապես հունիսի 15-ից Լաչինի միջանցքի լիակատար արգելափակման ու մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցման վրա, ի խախտումն ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի՝ շեշտելով, որ դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյությունը հայտնվել է լուրջ սպառնալիքի տակ»,- նշված է գերատեսչության պատասխանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter