HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցորենի ալյուր, եգիպտացորենի ալյուր ու թեփ. հացի նոր բաղադրությունը Ստեփանակերտի փռերում

Ստեփանակերտի «Յունիմարկետ» փռի տնօրեն Արմեն Գաբրիելյանն ասում է, որ հացի համար նոր բաղադրություն կա. խառնում են ցորենի ալյուրը, եգիպտացորենի ալյուրը և թեփը:

Արցախի մայրաքաղաքում հացի փռերը 4-5 օր է՝ չէին աշխատում՝ ալյուր չունենալու պատճառով: Սեպտեմբերի 4-ին նոր քանակությամբ ալյուրը՝ նոր բաղադրությամբ հացի համար հասցվեց փռեր:

«230 կգ ալյուր են տվել, որից 150 կիլոգրամը ցորենի ալյուր է, 50 կիլոգրամը՝ եգիպտացորենի, 30 կիլոգրամն էլ թեփ է: Առաջին անգամ պետք է խառնենք ու տեսնենք՝ ինչ է ստացվում: Այսօր մի փուռ այդպես թխել է, ու անհաջող է ստացվել: Վաղն էլ մենք ենք փորձելու: Մեկ պարկի հաշվարկով, այսինքն` 50 կիլոգրամի մեջ պետք է լինի 35 կիլոգրամ ցորենի ալյուր, 10 կիլոգրամ՝ եգիպտացորենի, 5 կիլոգրամն էլ պետք է լինի թեփ: Խառնել պետք է այդ հարաբերակցությամբ, ու դրանից էլ պետք է հաց թխել»,- ասում է Արմեն Գաբրիելյանը: 

51-ամյա Արմեն Գաբրիելյանի փուռը գործում է 2018 թվականից: Նա ասում է, որ 2020 թվականին փուռը պատերազմի մինչև վերջին օրը գործել է, թեկուզ աշխատողների մի մասը Արցախում չէր: Մայրը, կինը և ինքն էին աշխատում: Փռի արտադրողականությունը Ստեփանակերտի մյուս փռերի համեմատությամբ բավական մեծ է. 10 րոպեում 72 հաց են կարողանում թխել: 

«Փուռն ունի հնարավորություն մեկ օրում մինչև 1 տոննա ալյուր իրացնել: Դա մոտ 3000 հաց է ստացվում: Բայց շրջափակումից ի վեր մենք չենք աշխատում մեր ամբողջ ներուժով: Սկզբում օրական մատակարարում էին 17-18 պարկ ալյուր, հետո դարձավ 15 պարկ, որից հետո՝ 10 պարկ, հետո՝ 5, այս անգամ արդեն 3 պարկ»,- նշում է նա։ 

Կառավարությունը բոլոր փռերին մեկ օրվա համար նույն չափով ալյուր է հատկացնում։ Ասում է՝ չգիտի, թե ինչն է պատճառը, բայց կարծում է, որ դա սխալ քաղաքականության հետևանք է։ 

«Չգիտեմ, թե ինչպես են որոշում՝ որ փռին ինչքան ալյուր պետք է մատակարարել։ Բայց մեկ օրում մենք կարողանում ենք 20 պարկ ալյուրի չափ հաց թխել։ Կան փռեր՝ մեկ օրում մեկ պարկ ալյուրից ավել իրացնելու ներուժ չունեն: Բայց երկուսիս էլ նույն քանակով ալյուր են տալիս: Նման մի փռի էլ են այսօր 230 կգ ալյուր տվել, մեզ էլ»,- ասում է Արմեն Գաբրիելյանը։   

Փուռը կարող էր այլ ճանապարհով ալյուր ձեռք բերել, եթե չլիներ վառելիքի խնդիրը։ 

«Ուրիշ ճանապարհը ցորեն գնելն է, հետո՝ աղալը: Դա անելու համար վառելիք է պետք: Իսկ վառելիք չկա: Իմ երկու աշխատողները փռից շատ հեռու են ապրում։ Երբ անհրաժեշտ էր փռի աշխատանքը սկսել գիշերվա 1-ին կամ առավոտյան 5-ին, ինչպես սովորաբար նախկինում էինք անում, մեքենայով գնում էի նրանց հետևից։ Մի ամիս է՝ չեմ կարողանում դա անել։ Երկուսն էլ քաղաքի մյուս ծայրից գիշերը ոտքով գալիս են աշխատանքի»,- պատմում է Արմեն Գաբրիելյանը։ 

Մինչև շրջափակումը և շրջափակման սկզբնական շրջանում փուռը հաց էր մատակարարում քաղաքի մոտ 12 խանութի: Դրա շնորհիվ, հատկապես փռերում, հերթեր չէին գոյանում:

«Խանութներ վաղուց հաց չի մատակարարվում: Հաց թխելու ժամերին փռերում առաջանում են երկար հերթեր: Երբեմն ստիպված էինք լինում մարդկանց տեղում բաժանել երկու խմբի՝ հնարավոր ընդհարումներից խուսափելու համար: Ամենակազմակերպված փռերից ենք: Այդ առումով թաղամասի մարդիկ շատ են օգնում: Հատուկ մեկին ունենք, որ մարդկանց հերթագրում էր ու վաճառքի ընթացքում հետևում հերթին»,- ասում է նա: 

Նրա խոսքով՝ փռի ծախսերը ավելացել են՝ կապված էլեկտրաէներգիայի հետ: Եթե առաջ առավոտյան միացնում էին ու երեկոյան նոր անջատում, հիմա այդ վառարանները հոսանքի ամեն անջատվելուց հետո պետք է նորից տաքացնեն:

Սեպտեմբերի 5-ից Արցախում հաց գնելու համար գործում է կտրոնային համակարգ: Մեկ մարդուն օրվա մեջ հասնում է 200 գրամ հաց:

«Երբ ալյուրը ստանում ենք, եթե հոսանք կա, սկսում ենք թխել: Այսօր ուզում էինք նույնպես շուտ սկսել: Բայց մարդիկ դեռ նոր են կտրոններ ստանում հացի համար, իմաստ չկար այսօր սկսել: Մարդիկ գան, հերթ կանգնեն առանց կտրոնների, ի՞նչ պատասխան տամ նրանց, ասեմ՝ չե՞մ վաճառում առանց կտրոնների»,- ասում է Արմեն Գաբրիելյանը: 

Մեր առաջին հանդիպումը Արմեն Գաբրիելյանի հետ սեպտեմբերի 4-ին էր, ուշ երեկոյան: Փուռը չէր աշխատում: Ալյուրը նոր էին ստացել: Հաջորդ հանդիպումը սեպտեմբերի 5-ի առավոտյան 09:30-ին էր: Փուռը մարդաշատ էր: Սկսել էին նոր բաղադրությամբ հացը թխել:

Վիկտորյա Պետրոսյանը սկզբում ավազի մաղիչով քամում է սև ալյուրը, հետո՝ սպիտակը: Հետո խառնում է, ավելացնում աղը, խմորիչը և ջուրը: Խմորը հունցելուց հետո այն թողնում է տաք տեղում: Կես ժամ սպասում է, խմորը աչքաչափով բաժանում հավասար մասերի: Դրանց ձեռքով գնդի տեսք է տալիս ու շարում սեղանին: Հետո հերթով տեղափոխում է ջեռոցի ափսեի վրա, ձեռքով բացում է խմորի գունդը ու տեղափոխում նախօրոք միացրած ջեռոցի մեջ: Սպասում է խմորի զանգվածի հաց դառնալու պահին, որ տևում է 15-20 րոպե: Հանում է ափսեն ու խոհանոցի սեղանի մակերեսից մի քիչ վերև օդում շրջում է այն: Հացը պատրաստ է: 

Ամսից ավել է Վիկտորյան ամեն շաբաթ, երբեմն՝ երեք օրը մեկ անում է այս ամենը Ստեփանակերտի իրենց տանը: Ալյուրը մայրն է ուղարկում գյուղից: Աշխատում է հատկապես սպիտակ ալյուրը խնայել, քանի որ սև ալյուրով հացն անհաջող է ստացվում:

Ասում է՝ երբ երեխաները հենց սպիտակ հաց են ուզում, միայն սպիտակ ալյուրով է խմորը անում: 

«Բայց հիմնականում խառնում եմ իրար։ Եթե սև ալյուրով եմ անում, պետք է ընդհանուր զանգվածի մեկ երրորդը սպիտակ ալյուր լցնեմ։ Եթե սպիտակ ալյուրը քիչ լինի կամ չլինի, հացը շատ բարակ կստացվի»,- ասում է նա:

Տանը հաց թխելու շնորհիվ Վիկտորյայի ընտանիքը երբեմն կարողանում է խուսափել փռերում երկար հերթ կանգնելուց: Նա նաև եղբոր ընտանիքին է օգնում: Ամեն անգամ, երբ տանը հաց է թխում, մի մասը ուղարկում է նրանց: 

«Եթե վեց հատ հաց եմ թխել, 3 օր հետո պետք է նորից մտածեմ հացի մասին: Կամ նորից եմ թխում, եթե ալյուր է լինում տանը, կամ գնում ենք փուռ՝ հերթագրվելու»,- պատմում է Վիկտորյան:

Ասում է՝ երբ երեխաների հետ տնից դուրս են գալիս, միշտ իր հետ հաց է վերցնում:

«Քանի որ քաղցրավենիք չկա, երեխաներին միայն հացն է կշտացնում: Հաճախ են գալիս ու մի կտոր հաց խնդրում, նույնիսկ երբ դուրս ենք գալիս զբոսնելու»,- պատմում է Վիկտորյա Պետրոսյանը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter