HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Արտաշատի համայնքապետարանին հանձնարարվել է կասեցնել շուկայի կրպակների ապամոնտաժումը

Քննչական կոմիտեն Արտաշատի համայնքապետարանին հանձնարարել է արգելել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ կապվող ընկերությանը՝ ապամոնտաժել համայնքային հողում գտնվող կրպակները։  

ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ինքնիրավչության հոդվածով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

«Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից գրություն է ուղարկվել Արտաշատի համայնքապետարան՝ հանձնարարելով կասեցնել «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ի կողմից Արտաշատի շուկայի տարածքում տեղակայված տաղավարներն ապամոնտաժելու գործընթացը՝ մինչև քրեական վարույթով վերջնական որոշում կայացնելը»,- հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնյան։

Այդուհանդերձ, նախկին ոստիկանապետի եղբորը պատկանող ընկերությունը կրկին դիմել է կրպակատերերին, որպեսզի նրանք սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժեն կրպակները։ Նման «առաջարկ» է ներկայացվել այն դեպքում, երբ կրպակների զբաղեցրած հողատարածը համայնքային սեփականություն է։

Արտաշատի շուկայի, տարածքի կրպակատերերի և համայնքապետարանի միջև վեճը ծագել է նախորդ տարեվերջին։ Տարիներ շարունակ Արտաշատի շուկայի տնօրինությանը տարածքի վարձակալության վճար տված կրպակատերերը նախորդ տարի պարզել են, որ իրենց կրպակների զբաղեցրած հողատարածքը պատկանում է Արտաշատ համայնքին, ոչ թե շուկան շահագործող ընկերությանը։ Այդ ամենից հետո սկսել են վարձավճար չվճարել։ Ավելին՝ դիմել են Արտաշատի քաղաքապետին, որ ինքնակամ կառուցած կրպակներն օրինականացնեն։ Շուկայի տնօրինությունն էլ սպառնում է ապամոնտաժել կրպակները, քանի որ սեփականության վկայական ունեն, ըստ որի՝ կրպակները գտնվում են իրենց հողատարածքում։

«Հետքն» այս տարվա ապրիլին գրել էր, որ շուկայի սեփականության վկայականի հիմքերը կասկածելի են, հողամասը շուկային վաճառելու մասին Արտաշատ համայնքի ավագանու և համայնքապետի համապատասխան որոշումներ չկան։ Ըստ կրպակատերերի՝ Արտաշատի ՔՊ-ական քաղաքպետն էլ զբաղված է նախկին ոստիկանապետի ընկերության շահերը սպասարկելով։ Որոշ ժամանակ անց կրպակատերերի բողոքների հիման վրա քրեական վարույթ նախաձեռնվեց։

Կրպակատերերից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը նկատում է, որ ինքնիրավչության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհրաժեշտ է քննարկել նաև Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձանց գործողությունները։ Ըստ փաստաբանի՝ «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ին տարիներ առաջ տարածք է տրամադրվել վարձակալությամբ, առանց համայնքի ավագանու որոշման, որն օրենքի խախտում է։

«Տեցի է ունեցել ՏԻՄ օրենքի դրույթների խախտում։ Խոսքը համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի լիազորությունների մասին է։ Համայնքի ղեկավարն իրավունք է տվել «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ին որոշակի տարածքներ զբաղեցնելու։ Ունենք նաև փաստաթուղթ, որ Կադաստրի կոմիտեն այդ ամբողջը չի գրանցել։ Ամբողջ խնդիրը հետևյալն է, որ օրենսդրությամբ՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ համայնքի ավագանին է որոշում կայացնում այդ տարածքներն ինչ-որ անձանց տրամադրելու համար: Համայնքի ղեկավարը նման լիազորություն չունի։ Ինչպե՞ս է եղել, որ համայնքի ղեկավարն առանց ավագանու որոշման տարածք է հատկացրել։ Այդ հարցի քննարկումը պետք է անպայման լինի, որովհետև հողի սեփականատերը ավագանին է, ոչ թե համայնքի ղեկավարը»,- նշեց փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ 

Եթե քրեական վարույթի շրջանակում այս հարցը չքննարկվի, նա միջնորդությամբ դիմելու է վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հարցն անպայման քննության առարկա դառնա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter