HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սամվել Բաբայանը, սուտ տեղեկություններ տարածելով, փորձում է հանրային շրջանակներում ստեղծել լարված մթնոլորտ». Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սամվել Բաբայանի մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում հրապարակված մեկնաբանությունը չի համապատասխանում իրականությանը: Արցախի ԱԺ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ աշխատակազմը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե ինչու «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Սամվել Անդրանիկի Բաբայանի թեկնածության  առաջադրման դիմումը հետ է վերադարձվել՝  ԱՀ Սահմանադրությամբ պահանջվող փաստաթղթի բացակայության պատճառով:

Սեպտեմբերի 7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մ. Պետրոսյանին զգուշացվել է համապատասխան փաստաթղթի բացակայության մասին և նշվել, որ ՆԳՆ վիզաների և անձնագրային վարչության բաժինը մինչև այդ օրվա ավարտը՝ ժամը 24:00-ն հնարավորաույթուն ունի տրամադրելու փաստաթուղթը և ԱԺ աշխատակազմը պատրաստ է ընդունել այն: Դեռ ավելին, այդ կապակցությամբ սեպտեմբերի 8-ին պարոն Մ. Պետրոսյանին տեղեկացվել է, որ օրենքը հնարավորություն է  ընձեռում համալրել չներկայացված  փաստաթուղթը: Պարոն Պետրոսյանը հայտարարել է, որ «այս փուլում» չենք ներկայացնելու որևէ փաստաթուղթ: 

Պարոն Բաբայանի  մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում սույն թվականի սեպտեմբերի 9-ին հրապարակված մեկնաբանության մեջ ասվում է. «Դատական վճիռը նույն օրը  կցվել է Սամվել Բաբայանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումին և ներկայացվել Ազգային ժողով, սակայն կրկին մերժվել է՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերի փաթեթը չի ենթադրում դատական վճիռ, այլ այդ վճռի հիման վրա տրված տեղեկանք»։ 

Վերոնշյալը բացարձակ սուտ տեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի համապատասխան բաժին «Միասնական Հայրենիք» խմբակցության կողմից հարցի կապակցությամբ  հ. 70 առ 05 սեպտեմբեր 2023 թվակիր դիմումից բացի որևէ այլ փաստաթուղթ չի մուտքագրվել: 

Սամվել Բաբայանը և իր շուրջ համախմբված անձինք, այսօրինակ սուտ տեղեկություններ տարածելով, փորձում են հանրային շրջանակներում ստեղծել լարված մթնոլորտ, միաժամանակ անհիմն բանսարկությամբ փորձում են վարկաբեկել ԱՀ պետական կառույցները, այդ թվում՝  ԱՀ  նախագահական և Ազգային ժողովի ինստիտուտները, որը այլ բան չէ, քան  թշնամու ցանկություններին տուրք տալը:

 Ի դեպ իրականությանը  չհամապատասխանող նման մի տեղեկություն է տարածել պարոն Բաբայանը ԱՀ նախագահին ուղղված  սեպտեմբերի 9-ի շնորհավորական գրառման մեջ: Պարոն Բաբայանը գրում է. « Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից...»: Հարկ ենք համարում շեշտել, որ պարոն Բաբայանը հրավիրվել է ԱԺ, տեղեկացվել որոշ զարգացումների և այդ ուղղությամբ կայացված որոշումների մասին: Նրան  ոչ թե «խնդրել են», այլ ՊԱՀԱՆՋԵԼ և ԶԳՈՒՇԱՑՐԵԼ են , որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց: Պարոն Բաբայանը տվել է իր համաձայնությունը»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում Սամվել Շահրամանյանը 22 կողմ և 1 դեմ ձայնով ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ։ Նա միակ թեկնածուն էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter