HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր պայքարը նրա համար է, որ Կարմիր մահիկի բեռները չանցնեն այդ ճանապարհով». Ասկերանի քաղաքապետ

«Սեպտեմբերի 12-ին հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, Արցախի Հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել հանրապետություն՝ Ասկերան քաղաքով»,- այսօր առավոտյան հայտարարել էր Արցախի Տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան գրառմամբ: 

Ասկերանի բնակիչ Հերմինե Խաչատրյանը պատմում է, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին, սովորության համաձայն, գնացել էր Աղդամ-Ասկերան սահմանագոտում հավաքված մարդկանց մոտ: Խարույկ էին վառել, զրուցել էին, հետո Հերմինեն վերադարձել էր տուն: 

«Բավական ուշ էր: Տուն վերադառնալու ճանապարհին անձրևից ահավոր թրջվել էի: Հենց հասա, արագ լողացա ու պառկեցի: Ուզում էի հանգստանալ, որովհետև ամբողջ օրը ոտքի վրա էի: Հաց էլ չկերա»,- պատմում է Հերմինեն: 

Հաջորդ օրը առավոտյան նրան զանգել ու ասել են, որ ռուսական հումանիտար բեռով մեքենան անցել է ճանապարհը և ուղևորվել է Ստեփանակերտ։ 

«Առավոտյան երևի ժամը 07։30 էր: Հենց իմացա, արագ հագնվեցի ու տնից վազելով դուրս եկա: Պետք է իմանաի՝ ինչ է կատարվել: Երեկ էի այնտեղ, տղաները հերթապահությունը պարտաճանաչ իրականացնում էին: Չէի հասկանում` մեքենան ինչպե՞ս կամ ինչո՞ւ է անցել ճանապարհը: Եթե ռուսները ուզում են օգնել մեզ, կարող էին այդ բեռը Լաչինի միջանցքով ուղարկել, ինչո՞ւ են Ակնայով ուղարկում»,- ասում է նա: 

Հերմինեն սահմանագոտում հավաքավծներից հարցուփորձ արեց կատարվածի մասին: 

«Այդ պահին «Տանկի» հուշահամալիրի մոտ եղածները ասել են՝ Ստեփանակերտից ոստիկաններ էին եկել։ Ոստիկանները կանգնել ու հայտարարել են, թե «կառավարության որոշումն է, պետք է ճանապարհը բացեք ու մեքենան պետք է անցնի»: Նաև ասել են, որ ռուսական բեռների մուտքը թույլ են տալիս, այլ հարց է ադրբեջանականը. ադրբեջանական բեռները թույլ չեն տալու մուտք գործեն Արցախ»,- պատմում է Հերմինե Խաչատրյանը։ 

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը ասում է, որ մեքենան անցնելու պահին այնտեղ չի եղել: 

«Ռուսական բեռով մեքենայի մուտքը ամեն դեպքում մենք չենք խոչընդոտել: Տղաները նախկինի պես շարունակում են հերթապահել նույն տեղում: Բետոնե արգելապատնեշներով շարունակում ենք փակ պահել ճանապարհը: Մեր պայքարը նրա համար է, որ Կարմիր մահիկի բեռները չանցնեն այդ ճանապարհով»,- հավելեց նա: 

Ասկերանի բնակիչ Սնեժանա Թամրազյանի խոսքով՝ բնակիչների մի մասը լուրը իմացել է սոցցանցերից: Նա ասում է՝ ոչ ոք չէր սպասում նման իրադարձության: 

Օգոստոսի 30-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կա հստակ որոշում՝ Ակնա-Ասկերան ճանապարհը չօգտագործելու և փակ պահելու վերաբերյալ: Նա նաև այցելել էր Ասկերանի «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մարդկանց: 

Որևէ մեկնաբանություն Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական բեռի մուտքի և Լաչինի միջանցքի բացման երաշխիքների մասին Արցախի Կառավարությունից չստացվեց վերցնել: 

Հիշեցնենք, որ Աղդամ-Ասկերան ճանապարհը այս տարվա օգոսոտոսի 29-ից փակ է արգելապատնեշներով ու փշալարերով: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, 2023 թվականի հունիսի 15-ից էլ փակ է հումանիտար բեռների տեղափոխման համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter