HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժը ՀՀ պետական սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով. Փաշինյան

Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված։ Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։ Այս մասին Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։ Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։

Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ, շարունակում են ԼՂ մուտքի հնարավորության սպասել։ Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձակա հատվածում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին։ Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումներն ապահովելու համար։

«Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ ներկայացուցիչները։ Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի, և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- նշեց նա։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։

«Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ «էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից»։

«Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, և այն միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր երկրների, մեր տարածաշրջանի երկրների ինքիշխանությունը, անկախությունը տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար։

Այսօր այս իմաստով հրատապ է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարումն, ինչի ուղղությամբ, ինչպես ասացի, կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,- հայտնեց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter