
Սահմանափակ կարողություններով քաղաքացին վերականգնեց իր իրավունքը
Այսօր Երևանի բնակիչ Ալինա Հարությունյանը ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքից վերցրեց իր անձնագիրը՝ ձեռքով ստորագրելու փոխարեն անձնագրում դնելով իր անհատական կնիքը:
Անձնագրում կնիք դնելու նրա նախորդ փորձի ժամանակ՝ հունիսի 6-ին, միջադեպ էր գրանցվել, ինչի հետևանքով Ալինա Հարությունյանը, ով 15-16 տարեկանում կորցրել է տեսողությունը, չէր կարողացել վերցնել փաստաթուղթը: Ալինայի հավաստիացմամբ՝ Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանն արգելել էր իրեն, ստորագրելու փոխարեն, անձնագրում դնել անհատական կնիք, գոռացել էր իր վրա և ասել՝ գնա, որտեղ ուզում ես, քո իրավունքները պաշտպանի: Իսկ Նաիրա Բարսեղյանը «Հետքին» ասել էր, որ ընդհակառակը՝ Ալինա Հարությունյանը և իր մայրն են գոռացել բաժանմունքում, իրենց ագրեսիվ պահել, շպրտել փաստաթուղթը և ասել, որ իրենց անձնագիր պետք չէ:
Մինչդեռ Երևանի անձնագրային այլ բաժանմունքներում տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների դեպքում, առանց խոչընդոտների, կիրառվում է անհատական կնիք դնելու պրակտիկան: Հաշմանդամների շահերի պաշտպանության ազգային դաշինքի գործադիր տնօրեն, իրավաբան Մհեր Վասիլյանի խոսքերով՝ առհասարակ ձեռքով ստորագրելու փոխարեն կնիք դնելու պրակտիկան Հայաստանում կիրառվում է մոտ 15 տարի ցանկացած գործարք կատարելիս, ցանկացած փաստաթուղթ կնքելիս/ստորագրելիս:
Ալինա Հարությունյանի անձնագրում դրված անհատական կնիքը |
Ալինա Հարությունյանը «Հետքին» հայտնեց, որ այսօր Էրեբունու անձնագրային բաժանմունքում իրացրեց, բացի անձնագրից, ևս 2 փաստաթղթում անհատական կնիք դնելու իր իրավունքը: Քաղաքացու խոսքերով՝ Նաիրա Բարսեղյանն ինքը կնիքը դրեց փաստաթղթի՝ պետք եղած մասում, և Ալինան կնքեց, իսկ անձնագրի ստորագրության դաշտում, Ալինայի առաջարկով, բաժանմունքի պետն ինքն ամուր սեղմեց կնիքը:
Հիշենենք, որ զուգահեռաբար ընթացքի մեջ է ոստիկանության ծառայողական քննությունը, որը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշանակել է հունիսի 15-ին, երբ «Հետքում» տեղադրվեց հունիսի 6-ին անձնագրային բաժանմունքում տեղի ունեցածը լուսաբանող «Ի՞նչ է եղել չտեսնող քաղաքացուն ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» հոդվածը:
Օրենքը երկամսյա ժամկետ է սահմանում ծառայողական քննության համար: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Հայկ Քոչինյանի տեղեկացմամբ՝ ոստիկանությունը դեռ ապացույցներ է հավաքում՝ կատարվածի վերաբերյալ: «Հետքն» իր ընթերցողներին կտեղեկացնի ծառայողական քննության եզրակացության մասին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել