HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Առավոտյան արթնանալիս միանգամից մտածում եմ` ի՞նչ կլինի այսօր, ի՞նչ կփոխվի այսօր»,- ասում է արցախցի Աշոտ Գաբրիելյանը

«Առավոտյան արթնանալիս միանգամից մտածում եմ` ի՞նչ կլինի այսօր, ի՞նչ կփոխվի այսօր։ Ճիշտ է՝ դեպքերը բավականին դանդաղ են ընթանում, բայց իրավիճակը արագ է փոխվում, պետք է կարողանաս հետևել իրավիճակին, որպեսզի հասկանաս, ինչ է կատարվում շուրջդ։ Ամենադժվարն ու բարդը թերևս բլոկադայի պայմաններում տեղաշարժի խնդիրն է։ Մենք մեզ ազատ չենք զգում, մեր ինչ-որ տեղ գնալն է սահմանափակված, թեկուզ քաղաքից քաղաք՝ Արցախի ներսում։ Սա իմ ամենաերկար Արցախում մնալն է, 16 տարեկանից հետո, դեռ երբեք այսքան երկար Արցախում չէի մնացել»,- պատմում է Աշոտ Գաբրիելյանը։ Նա բլոկադայի ընթացքում՝ 2023-ի հունվարին կարողացավ Երևանից Արցախ՝ ընտանիքի մոտ վերադառնալ։ Աշոտն Ասերանից է։ 

Աշոտը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ուսուցիչ-առաջնորդներից էր։ Դասավանդում էր Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի դպրոցում։ Նրա մասին գրել էինք դեռևս այս տարվա հունվարի 20-ին, երբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը նոր էր փակվել։ Աշոտը եկել էր Երևան ու մնացել այստեղ։ Այդ պատճառով դասերը հեռավար էր անցկացնում։

Այդ ժամանակ Աշոտը մի ցանկություն ուներ՝ որքան հնարավոր է շուտ հասնել Արցախ ու հանդիպել ընտանիքին ու աշակերտներին։ Աշոտի ցանկությունն իրականացավ, նա Արցախ վերադարձավ, բայց ճանապարհը փակ մնաց։

Աշոտն ասում է՝ չի ափսոսում Արցախ վերադառնալու որոշման համար։ Կոլխոզաշենում կուտակված անելիք կար։ Աշակերտները պիտի 12-րդ դասարանն ավարտեին։ Ավարտվում էր ուսումնական տարին ու նաև ավարտվում էր ծրագիրը, որի շնորհիվ Կոլխոզաշեն էր հասել։

««Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ավարտից հետո էլ հնարավորություն կար նորից Երևան վերադառնալու, բայց շատ խորը գիտակցում էի, որ եթե դուրս գամ, հնարավոր է, որ էլ երբեք չկարողանամ վերադառնալ, իսկ էստեղ իմ տունն է, իմ ընտանիքն է, այդ պատճառով որոշեցի մնալ։ Չեմ փոշնաում, շատ ուրախ եմ, իրարից առանձին ավելի դժվար կլիներ։ Հիմա նաև ընտանիքիս եմ կարողանում օգնել, ֆիզիկական աշխատանքներ կատարելու հարցում։ Դե իհարկե, մտածում եմ նաև, որ ընտանիքիս համար ավելորդ դժվարություն եմ ստեղծում՝ այստեղ մնալով, քանի որ ուտելիքի պակաս կա, բայց դա պատճառ չէ, փոշմանելու համար»,- ասում է նա։ 

«Դասավանդի՛ր, Հայաստան»  երկամյա ծրագրի ավարտից հետո Աշոտն այս պահին զբաղվածություն չունի։ Վերջին շրջանում փորձում է սոցիալական ցանցի իր էջերում ցույց տալ, թե ինչպես է անցնում բլոկադայում ապրող արցախցիների առօրյան։ Ամենատարբեր իրավիճակներ ու պատմություններ է ներկայացնում։ Թե ինչպես է եղբոր հետ ժամերով կանգնում հացի հերթում, կամ ոտքով տասնյակ կիլոմետրեր անցնելով Ստեփանակերտ հասնում։

«Եթե առաջ ավտոստոպով կամ ինչ-որ մեքենայով հնարավոր էր լինում քաղաք հասնել, ապա հիմա այն գրեթե անհնար է, ուստի փորձել ենք էնպես դասավորել ամեն ինչը, որ Ստեփանակերտ գնալու կարիք շատ քիչ լինի»,- ասում է նա։

Այս օրերին Արցախում ինչ-որ բան գումարով գնելու փոխարեն հիմնականում փոխանակումներ են անում։ Աշոտն ասում է, այս սեզոնին ուտելիքի մեծ մասը այգուց են ստանում։ Բանջարեղեն են աճեցրել, բայց դա հարցի լուծում չէ։ Ձմռանն ամեն բան ավելի դժվար կլինի։ Նախոոդ ձմեռ, երբ ճանապարհը նոր էր փակվել, մարդիկ բավական շատ խնայողություններ, պահածոներ ունեին, հիմա դրանք էլ չկան, ձմեռը մոտենում է, իսկ արցախցիեները մտածում են, թե ինչպես են հաղթահարելու սովը։ 

Աշոտը նաև Երևանն է կարոտել, ուսանողական տարիներն այստեղ են անցել։ Ճանապարհի բացվելուց հետո Աշոտն առաջինը կայցելի Երևան՝ ընկերներին տեսնելու, մագիստրատուրայի դիպլոմը վերցնելու, իր արդեն ուսանող դարձած աշակերտներին տեսնելու, ապա նորից Արցախ կերադառնա։ Անկեղծանում է, որ շատ քաղցրավենիք կգնի, քանի որ այս ընթացքում ամենաշատը քաղցրավենիքի պակասն է զգում։

Թեև շատ դժվարությունների առաջ են կանգնած Արցախում, ամեն դեպքում չի մտածում Արցախը լքելու ու ուրիշ տեղում ապրելու մասին։ 

Կարոտել է նաև Կոլխոզաշենը, որտեղ երկու տարի դասավանդել է։ Չնայած, որ հարևան շրջանում՝ Մարտունիում է գտնվում գյուղը, այնուամենայնիվ վառելիքի սղության պատճառով այնտեղ գնալ չի կարողանում։ Վերջին անգամ հունիսի 25-ին է եղել Կոլխոզաշենում։ 

Անձնական իրերից շատ բաներ է գյուղում թողել՝ մտածելով, որ ամռան ամիսներին կկարողանա գյուղ այցելել, բայց շրջափակման պայմաններում, երբ գյուղից գյուղ, քաղաքից քաղաք հասնելը անհնար է, Աշոտը չի կարողանում նաև այնտեղ գնալ։

«Հիմա Արցախում վիճակը կրիտիկական է, Ասկերանում մենք 5-6 օր հաց չենք ունենում, բայց Ստեփանակերտում վիճակն ավելի բարդ է, քանի որ փռերը գրեթե չեն գործում, գործող փռերում էլ հացը չի հերիքում, որովհետև ալյուրն էլ չի հերիքում։ Ստեփանակերտում հնարվոր չի նաև ուտելիք ու բանջարեղեն գտնել, եղածն էլ թանկ է շատ։ Շրջաններում մարդիկ էլի գոնե բանջարանոցներ են մշակում, էսպես շարունակվելու դեպքում հետևանքները շատ ցավալի են լինելու»,- ասում է Աշոտը։ 

Ասկերանում երբ էլեկտրաէներգիան անջատում են բակի երեխաները դուրս են գալիս փողոց բակային խաղեր խաղալու։ Երբեմնի մայրուղին, հիմա դարձել է խաղահրապարակ, ճանապարհով օրը մեկ կամ երկու մեքենա հազիվ կարող է անցնել։

Աշոտը ինչպես Արցախում ապրող ցանակացած մարդ չիգտի, թե ինչ է լինելու հետո։ Ասում է՝ պետք է գիտակցեն, որ թեև Արցախի հարցը քաղաքական է, բայց արդյունքում տուժում են հասարակ մարդիկ, որ չեն ուզում ոչ մտնել Ադրբեջանի կազմի մեջ, ոչ էլ լքել Արցախն ու իրենց տունը, այլ ուզում են խաղաղ ապրել հայրենիքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter