HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Սա մղձավանջ է, որի վերջը չի երևում». Ստեփանակերտի բնակիչը վերհիշում է սեպտեմբերի 19-ը

Ստեփանակերտի բնակիչ Անի Հովհաննիսյանի կրտսեր դստերը սեպտեմբերի 19-ին նրա ամուսնու հորաքույրը նոր էր դպրոցից բերել, նստել էին ճաշելու, երբ հրետակոծության ձայներ են լսել։ Խուճապի է մատնվել, երբ կրտսեր դուստրը վախից սկսել է լաց լինել։ Այդ ժամանակ տանը եղել են երեքով՝ հորաքույրը, Անին ու Անիի կրտսեր դուստրը։ Ուտելիքը թողել են սեղանին, դստերն արագ տաք հագուստ է հագցրել, ու իջել են առաջին հարկ։ Անիենց տանը նկուղ չկա, հետո հիշել է, որ ավագ դուստրը դեռ դպրոցում է։

«Մտածեցի, որ ես տանը էս վիճակում եմ, աղջիկս դպրոցում տեսնես ոնց է անում։ Հորքուրին ասեցի՝ դու փոքրի մոտ մնա, ես գնամ մեծ աղջկաս վերցնեմ, գամ, բայց զգում եմ, որ թուլացել եմ, ոտքերս դողում են, չեմ կարում ինձ հավաքեմ, ոտքի վրա կանգնեմ։ Ինքս ինձ ասեցի՝ Անի՛, մի հատ հավաքի քեզ, որ դու էստեղ էս վիճակում ես, աղջկադ ո՞վ ա գնալու տիրություն անի։ Ուզեցի աստիճաններով բարձրանամ, որ գնամ դպրոց, լսեցի, որ քաղաքի օդային տագնապը միացրել են։ Ահավոր ռմբակոծում էին, ամբողջ տունը դղրդում էր, աղջիկս անդադար լացում էր։ Գնացի հետ՝ առաջին հարկ, փոքր աղջկաս ձեռքը բռնեցի, ասացի՝ վերջ, մենք էլ ենք դուրս գալիս տնից, էստեղ չենք կարող մնալ»,- հիշում է Անին։

Միասին երեքով փորձել են արագ դպրոց հասնել, Անին ամենավատ սցենարներն է պատկերացրել ճանապարհին, մտածել է, որ կարող է դպրոցին հարվածեն ու երեխաները,  այդ թվում՝ ավագ դուստրը, մնան փլատակների տակ։

«Մտել ենք դպրոց, դա մի սարսափելի տեսարան էր, դպրոցը դատարկ, բոլորը նկուղում, աղմուկ աղաղակի ու լացի ձայներ են լսվում։ Հեռախոսիս լապտերը միացրել եմ ու կանչում եմ դստերս անուն-ազգանունը՝ Սարգսյան Մարիամ, Սարգսյան Մարիամ, բայց պատասխան չկա ու չկա։ Ում հարցնում եմ, չի տեսել, չգիտի, թե որտեղ ա։ Մի կերպ գտնում եմ դպրոցի տնօրենին, հարցնում եմ՝ որտեղ են երրորդ դասարանի երեխաները, ասում ա՝ մյուս մասնաշենքի նկուղում, բայց դուրս գալ չեք կարող, բոլորս էստեղ պիտի մնանք, ուժեղ ռմբակոծություն է»,- պատմում է Անին։

Նա չի լսել տնօրենին, հորաքրոջն ու կրտսեր դստերը թողել է նկուղում, ինքը դուրս եկել, գնացել մյուս մասնաշենք, հերթով բացել է բոլոր դռները, բայց դստերը՝ Մարիամին, չի տեսել։ Ի վերջո, դպրոցի ծնողներից մեկին, որը նաև դպրոցում է աշխատում, հարցրել է, տեղը գտել, գնացել ու բացել է նկուղի դուռն ու տեսել, թե ինչպես է Մարիամը վախից գետնին պառկած դողալով լաց լինում ու գալարվում։ Լաց էին լինում նաև մյուս երեխաները։ Անիին տեսնելով՝ Մարիամը հարցրել է, թե ինչ է կատարվում, ինչու են նորից ռմբակոծում ու այս անգամ ավելի ուժեղ։

Անին խոսելիս չի կարողանում արցունքները զսպել, բայց նշում է՝ այդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, իրեն ուժեղ է պահել, լաց չի եղել, հիմա ուղղակի վերապրելուց հույզերը չի կարողանում զսպել։

Անին փորձել է մի փոքր հանգստացնել դստերը, ապա վերցնել է նրան ու միասին վերադարձել են մյուս նկուղ, որտեղ Անիի ամուսնու հորաքույրն ու Անիի կրտսեր դուստրն են եղել։

«Սա մղձավանջ է, որի վերջը չի երևում։ Չգիտեմ, այս անգամ ամեն ինչ ավելի սարսափելի է թվում։ Հեռախոսիս մարտկոցը նստում է, լույս չկա, ամուսնուցս, եղբորից, որոնք սահմանում են, լուր չունեմ, ծնողներիցս, քրոջիցս լուր չունեմ ու մտածում եմ՝ մենք գոնե 4-ով միասին բոլորս մի տեղ լինենք, որ ինչ էլ լինի, բոլորս իրար հետ լինենք։ Գիշերը դուստրերս չեն քնում, ավագ դստերս կրծքավանդակը վախից սեղմվում է, շունչը կտրվում է, վախենալով մի կերպ նկուղից դուրս եմ հանում, որ մի քիչ մաքուր օդ շնչի։ Վախից դողումա, ես ինձ անզոր եմ զգում, զգում եմ, որ իրոք վատանում ա, էդպես սառը բետոններին, մեծ ու փոքր, գիշերը ցուրտ, ծածկոցներով, մի կերպ անցկացնում ենք»,- պատմում է նա։

Լուսաբացին, երբ մոտ կես ժամ կրակոցի ձայներ չեն լսվում, երբ կրակը դադարում է, մարդիկ ոչ թե ուրախանում են, այլ տագնապում, որ կարող է քիչ անց ավելի մեծ թափով հարձակում լինել։ Բոլորով մինչև հիմա Արցախի կառավարության շենքի նկուղում են։

Երեկ վերջապես զանգահարել են ամուսինն ու եղբայրը, որոնք զինվորականներ են։ «Լսել էինք, որ եղբայրս չկա։ Փառք Աստծո, հերքվեց, բայց մորիցս մինչ օրս լուր չունեմ»։

Անի Հովհաննիսյանի հայրական տունը գտնվում է Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում։

Անին, ինչպես ևս մնացած բոլոր արցախցիները, չգիտեն, թե ինչ են անելու, նրանց ոչ ոք հստակ ոչինչ չի ասում։ Չգիտեն, թե հաջորդ պահին ինչ կլինի, տարհանման մասին էլ տեղեկություն չկա։ Սպասողական վիճակն էլ տագնապի մեջ է պահում նրանց։

Լուսանկարը՝ Ալյոնա Հայրապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter