HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անորոշության 4-րդ օրը Արցախում

4-րդ օրն է՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը պատված է ծխի թանձր ամպով։ Առաջին օրը հրետակոծությունից բարձրացող ծուխն էր։ Բացի նրանից, որ քաղաքում աղբահանություն չի կատարվում, և կուտակված աղբն այրում են, այրում են նաև զինվորական հագուստներ և կոշիկներ, տարբեր փաստաթղթեր։ 

Մարդիկ վերջին օրերին սկսել են դրսում՝ փայտի վառարանների վրա կերակուր պատրաստել։

Արցախցիները հանել են իրենց ունեցած վերջին սնունդը, կիսվում են նրանց հետ, որոնք ոչինչ չունեն, փորձում են քաղցած չմնալ։

Ստեփանակերտցիները հյուրընկալել են իրենց տարհանված հարազատներին։ 

Հիմա պետք է ավելի շատ կերակուր պատրաստեն, որ բոլորին բավականացնի։

Արցախի տարբեր գյուղերից տեղահանված մարդիկ ավելի վատ վիճակում են, նրանք տաք հագուստի, սննդի կարիք ունեն։ Հապճեպ տարհանվածներն իրենց հետ ոչինչ չեն վերցրել ու տուն վերադառնալու հնարավորություն չունեն։ 

«Հետքի» Արցախի թղթակիցը հայտնում է, որ սնունդը վերջանում է։ Այսօր մի զույգի է հանդիպել, որոնք տարհանվել էին։ Ամուսինները 2 օր ոչինչ չէին կերել, տաք հագուստ չունեին։ Նրանց համար հաց են տարել, բայց վաղը նույնպես չգիտեն, թե ինչ են ուտելու: 

Քաղաքի մի քանի ճաշարաններ անվճար սնունդ են բաժանում տեղահանվածներին, բայց այսօր հայտնել են, որ վաղը հնարավոր է՝ այլեւս չկարողանան բաժանել, քանի որ եղածը սպառվել է։

Արցախցիները հասկանում են, որ վիճակը ծայրահեղ է։ «Հետքի» թղթակից Ալյոնա Հայրապետյանը պատմում է, որ իրենց շենքի բնակիչները տնետուն հավաքել են բոլորի ունեցած ալյուրը, տարել մոտակա թոնրատուն, բոլորով հաց են թխել ու բաժանել շենքի բնակիչներին։ 

Որոշ փռեր սկսել են գործել, բայց դրանց դիմաց մեծ հերթեր են գոյանում։ Ստեփանակերտի տարբեր հատվածներում նաեւ միս են վաճառում, կրկին մեծ հերթերով:

Այսօր Ալյոնայենց բակում երեխաները գնդակ էին խաղում, ասում է՝ մի պահ թվում է, թե մարդիկ փորձում են վերադառնալ նախկին կյանքին, բայց անորոշությունն ու վախը թույլ չեն տալիս։

Ապաստարաններում գտնվող տեղահանված արցախցիները գետնին են քնում։ Առանց տաք հագուստի ու սննդի մնացած մարդիկ չգիտեն, թե մինչեւ երբ են մնալու Արցախում։ Հոսանք գրեթե չկա։ Մյուս գյուղերում ու քաղաքներում մնացած մարդկանց հետ կապ հաստատել հազվադեպ է ստացվում։ Արցախցիների հարցերի պատասխանները դեռեւս ոչ ոք չունի։

Լուսանկարներում` Ստեփանակերտն այսօր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter