HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղահանում 2-րդ անգամ. Սուսաննա Ավանեսյանը չի պատրաստվում ադրբեջանցիների հետ Արցախում ապրել

62-ամյա Սուսաննա Ավանեսյանի ընտանիքն ապրում էր Ստեփանակերտի Կրկժան արվարձանում: Սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանցիները հարձակվել են Արցախի վրա, Սուսաննան պատրաստվում էր աշխատանքի գնալ: Նա Ստեփանակերտի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում մաքրուհի է աշխատում:

Ժամը 13:50-ին նա հասել էր ՑՈՐ-ի զորամասի մոտ, կրակոցի ձայներ է լսել, ապա ծուխ է նկատել: 

Սուսաննան հասել է դպրոց ու տեսել, որ բոլորը խուճապահար նկուղ են վազում: Հասկացել է, որ ադրբեջանցիները հարձակվել են, վերադարձել է տուն, քանի որ 5-ամյա թոռնուհին տանը մենակ է եղել:

Տուն հասնելուն պես իմացել է, որ թոռը հարևան երեխաների հետ գնացել ու պատսպարվել է 9-րդ դպրոցի նկուղում:

Ինքն էլ է գնացել այնտեղ, գիշերը թոռը մնացել է ապաստարանում, ինքը վերադարձել է տուն: Սուսաննան պատմում է, որ հրետակոծութունից հարևանի տան ապակիները փշրվել ու լցվել էին նաև իրենց տուն: Կրկժանը անմիջապես թիրախի տակ էր, ամբողջ գիշեր Սուսաննան հրետակոծության ձայներն էր լսում տանիքին: Արկերից մեկն ընկել էր հարևանի այգին: Ըստ նրա՝ թշնամին արդեն այդ գիշեր հասել էր Ստեփանակերտի մատույցներ՝ «26 դիրք» կոչվող տեղամաս: Առավոտյան Կրկժանը տարհանել ու նրանց մեքենաներով տեղափոխվել են Կառավարության ապաստարան:

Սուսաննայի հարևանն ու որդին տեսել են, թե ինչպես է թշնամին առաջանում դեպի Կրկժան, իսկ ՊԲ ստորաբաժանումը հետ քաշվում: Ըստ նրա՝ ադրբեջանցիները մտել են նաև հարևանուհու տուն:

«Հարևանը հետ ա դառել, որ գնա, տնից մի քանի բան վերցնի, տեսել ա կոֆեի բաժակները կեղտոտ, կոֆե խմած, ձու եփած, կերած, սեղանը թողել են թափած ու դուրս եկել: Ասում են՝ նորից հետ են քաշվել, բայց հաստատ գիտենք, որ մտել էին Կրկժան: Տները չեն վնասել, բայց հերթով մտել են, տեսնեն, կարող ա կոֆե կարողանան խմել կամ ինչ-որ բան գտնեն ուտելու»

Սուսաննա Ավանեսյանի ընտանիքը 1989-ին էր Բաքվից Ստեփանակերտ տեղափոխվել: Նա վերհիշում է, որ 1989-ին, երբ տեղափոխվել են, ոչինչ չեն ունեցել: Սկսել են զրոյից ամեն ինչ կառուցել: Հիմա արդեն երկրորդ անգամ են ստիպված ողջ կյանքի կառուցածը թողել ու դուրս գալ:

Սուսաննան սեպտեմբերի 19-ի իրադարձությունների մասին պատմելիս առաջինը տագնապի մասին է հիշում: «Ոտքերս դող ընկավ, ու միանգամից հասկացա, որ կռիվ ա: Համ շատ անսպասելի էր, բայց համ էլ միանգամից գլխի ընկա՝ ինչ ա կատարվում»,- ասում է նա:

Սուսաննան ապրում է ամուսնու, որդու և 5-ամյա թոռան հետ: Ամուսինը վիրավորվել է Արցախյան առաջին պատերազմում:

Սուսաննա Ավանեսյանը նշում է, որ չի պատկերացնում ադրբեջանցիների հետ համակեցությունը: Թեև ադրբեջանցիների հետ ապրել է Բաքվում: Ընտանիքը չգիտի նաև, թե որտեղ են ապրելու, երբ Հայաստան գան, բայց հստակ որոշել են՝ ադրբեջանցիների հետ Արցախում ապրել չեն ուզում: Նա մտավախություն ունի, որ Հայաստան կգան ու կմնան անտուն: Առջևում ձմեռ է, Սուսաննան չգիտի՝ ինչ է լինելու հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter