HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյունից տուժած արցախցիներին տեղափոխում են Այրվածքաբանության կենտրոն

Այրվածքաբանության ազգային կենտրոնի մոտ շտապօգնության մեքենաների հոսքը չի դադարում։ Սեպտեմբերի 25-ին Արցախում բենզինի պահեստի պայթյունից տուժած քաղաքացիները ուղղաթիռով տեղափոխվում են Երևան, այնուհետև՝ տարբեր բուժհաստատություններ։

«Կռվի մասին կինոներ տեսե՞լ եք, հենց էդպես է եղել»,- պայթյունը նկարագրելիս Լիանա Աղաբաբյանն առաջինը դա է նշում։ Լիանային հանդիպեցինք Երևանում՝ Այրվածքաբանության կենտրոնի բակում։ Նրա դուստրը՝ 19-ամյա Մարթան, պայթյունից վիրավորվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Սեպտեմբերի 25-ին նրանք ծանոթների միջոցով իմացել են, որ «Հայկազովի» զորամասի մոտ բենզին կա, ու ցանկացողները կարող են գնալ բենզին վերցնել։

Լիանան դստեր ու ամուսնու հետ գնացել է այնտեղ։ Զորամասի առաջ մեծ հերթ է եղել, որոշ տարածություն ոտքով են անցել։ Երկու մեքենաները լիցքավորելու ու Արցախից դուրս գալու համար բենզին չեն գտել, ու երբ լսել են, որ բենզին կա, մտածել են, որ լավ հնարավորություն է մեքենաները լիցքավորելու ու դեպի Հայաստան շարժվելու համար։

Լիանան ու ամուսինը դստերը՝ 19-ամյա Մարթային, չեն ուզել տանը մենակ թողնել, վերջին օրերին բոլորն աշխատել են միշտ միասին լինել։

Բենզինի հերթում սպասելիս ուժեղ պայթյունի ձայն է լսել, ապա նկատել, որ հրդեհ է բռնկվել։ Արագ տարածվող հրդեհի մեջ Լիանան ամուսնուն և դստերը կորցրել է, քանի որ պայթյունի հարվածային ալիքը նրանց տարբեր ուղղությամբ է նետել։

Նկարագրում է՝ ինչպես է ոտաբոբիկ ընտանիքի անդամներին փնտրել։ Մի կողմից կրակն է տարածվել, անձրև է եկել, շուրջը ամբողջովին կրակ ու ծուխ է եղել, ոչինչ չի երևացել, բղավել է դստեր ու ամուսնու անունը, սակայն ոչ մի արձագանք։

Որոշ ժամանակ անց դստեր ձայնն է լսել։ Մարթայի դեմքը, ոտքերն ու ձեռքերն ամբողջությամբ այրված են եղել։ Մեծ դժվարությամբ կարողացել են դուրս գալ դեպի ճանապարհ՝ Լիանան, Մարթան և ևս 4 վիրավոր։ Պատահաբար փողոցում հանդիպել են ռուս խաղաղապահների, որոնք նրանց հասցրել են իրենց տեղակայման վայր։

Լիանան ամուսնուց մինչ առավոտ լուր չի ունեցել, վիրավորների ցուցակներում ամուսնու անունը չի գտել ու կարծել է, թե ամուսինը մահացել է, բայց մի քանի ժամ առաջ հարազատներից լուր է ստացել, որ ամուսինն էլ է վիրավոր և գտնվում է Ստեփանակերտում։

Սեպտեմբերի 26-ի առավոտյան ուղղաթիռներից մեկով Լիանան և դուստրը՝ Մարթան, Ստեփանակերտից տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Լիանա Աղաբաբյանի հարազատներից մի քանիսն էլ են եղել դեպքի վայրում, որոշներից մինչ այս պահը տեղեկություն չկա։

Վերջին տվյալներով՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել պայթյունից տուժած մոտ 80 քաղաքացի։ Ամեն նոր մեքենա մոտենալիս մարդիկ գնում են ստուգելու՝ արդյոք մեքենայում իրենց հարազատն է, թե ոչ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter