Այսօր հուղարկավորեցին Արցախում զոհված 8-ամյա Նվեր և 10-ամյա Միքայել Ղազարյաններին (տեսանյութ, լուսանկարներ)
Գերեզմանափորին հարցնում ենք՝ որտե՞ղ են հուղարկավորելու արցախցի զոհված երեխաներին՝ երկու եղբայրներին։
-Այստեղ,- ցույց է տալիս մի գերեզմանափոս։
Երեխաների հարազատները նախընտրել են նրանց հուղարկավորել մեկ փոսի մեջ։
Այսօր Մասիս քաղաքի գերեզմանատանը հողին են հանձնում սեպտեմբերի 19-ին Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված եղբայրներին՝ 8-ամյա Նվերին և 10-ամյա Միքայել Ղազարյաններին։
Նվերն ու Միքայելը զոհվել են Սառնաղբյուր գյուղի վրա ադրբեջանական հրետակոծությունից։ 10-ամյա Միքայելի մարմինը դուրս են բերել հարձակման նույն օրը, փոքրիկ Նվերին փնտրել են մի քանի օր։ Սեպտեմբերի 23-ին Սառնաղբյուր գյուղից տարհանվել է 4 քաղաքացիական անձի մարմին։ Նրանց մեջ եղել է նաև 8-ամյա Նվերի մարմինը։
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախի Սառնաղբյուր գյուղից զոհվել է 5 քաղաքացիական անձ, որից 3-ը եղել են երեխաներ։
Մեկնաբանել