HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Թող սոված լինեինք, մեր Ղարաբաղում լինեինք»․ 8 երեխաների մայր

Գորիսի կենտրոնական փողոցների գրեթե ամեն անկյունում կարելի է նկատել Արցախից տեղահանված մարդկանց խմբեր։ Նրանց դիմաց ընդամենը մի քանի պայուսակ է դրված՝ այն, ինչ համարել են ամենակարևորը ու կարողացել են իրենց հետ բերել։ 24 ժամից ավելի ճանապարհ գալուց հետո մարդիկ անորոշ նստած են աստիճաններին, քարերին ու սպասում են, թե որտեղ իրենց ապրելու տեղ կտան։ Գորիսում այլևս մարդկանց տեղավորելու հնարավորություն չկա․ հյուրանոցներն ու հյուրատները վաղուց ամբողջությամբ զբաղված են։

Դրամատիկական թատրոնի դիմաց մեքենաները ժամանակավոր տների են վերածվել։ Կիսաբաց բեռնախցիկներից երևում են հանգուցյալների լուսանկարներ, կենցաղային պարագաներ, փափուկ խաղալիքներ։ Հաճախ ամբոխի մեջ մարդիկ նկատում են իրար, գրկախառնվում, հարցուփորձ անում ու տալիս ամենակարևոր հարցը՝ ձեզ ո՞ւր են ուղարկել։ «100 տարվա հարևանս ա, մեր տները կողք կողքի էին, հիմա իրենց ուղարկում են Թալին, մենք էլ դեռ սպասում ենք»,- ասում է մի կին՝ ձեռքին անձնագիր՝ վրայի գերբը մաշված։

Գորիսի Սբ․ Գրիգոր եկեղեցու դիմաց բեռնատար է կանգնած՝ թափքին 8 երեխա։ 2 օր ճանապարհ գալուց հետո նրանք հասել են Գորիս։ Բեռնատարը հին է՝ առանց ծածկի, գիշերները նրանք հենց այնտեղ էլ քնել են։ Մի քանի օր նորմալ սնունդ չունենալուց հետո մայրը՝ 42-ամյա Զինա Գևորգյանը, տաք ուտելիք ու հիգիենիկ պարագաներ է ստացել ընտանիքի համար։ Երեխաներից մեկը՝ Արթուրը, բեռնատարի վրայից իրենց մոտեցող լրագրողներին շոկոլադ ու խնձոր է տալիս և պնդում, որ վերցնեն։

Բեռնատարում երկու ընտանիք է՝ մեկը 6 երեխայով, մյուսը՝ 2։ Ամենափոքրը 10 ամսական Արենն է՝ մոր գրկում։ Նրանք եկել են Մարտակերտի շրջանի Միրուշեն գյուղից։ Զինան ասում է, որ երբ սեպտեմբերի 19-ին սկսվել են հրետակոծությունները, ինքը այգում աշխատելիս է եղել, իսկ երեխաները՝ դպրոցում։ Որոշ ժամանակ սպասելուց հետո, երբ կրակը չի դադարել, գնացել են մեկ ուրիշ գյուղ, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։ Տնից ոչինչ չեն վերցրել, մեքենան թողել են գյուղում ու եկել։ Բեռնատարն էլ իրենցը չէ, տիրոջ հետ պայմանավորվել են հանդիպել Հայաստանում և վերադարձնել մեքենան։

«Կռիվը, որ սկսել ա մենք տնից անգամ մի լուցկի չենք վերցրել, խոխեքի շորերից բան չենք վերցրել։ Մի կերպ եկանք, հասանք էստեղ, հիմա տեսնենք կարենալո՞ւ ենք հարմարվենք ապրենք էստեղ, թե՞ չէ»,- ասում է Զինա Գևորգյանը։

Նա երեխային գրկած մտնում է եկեղեցի։ Այստեղ նստարանների վրա հագուստների կույտեր են։ Նայում է, թե ինչ կարող է վերցնել երեխաների համար, մի քանի բան է ընտրում ու դուրս գալիս։

«Մեր գյուղում էլ եկեղեցի ունեինք, ամեն շաբաթ գնում էինք։ Էնտեղ մենք ոչ լավ էինք ապրում, ոչ վատ։ 9 ամիս սովամահ եղանք ու վերջում էլ տվեցինք Արցախը։ Թող սոված լինեինք, բայց մեր Ղարաբաղում լինեինք։ Եկանք, ընկանք փողոցները՝ մեր տունը, տեղը, հեյվանը թողած, դարձանք քոչվոր։ Մենք բան չէինք ուզում ոչ մեկից՝ ո՛չ ուտելիք, ո՛չ օգնություն․ ճանապարհը որ բաց լիներ, մենք ամեն ինչ էլ կստեղծեինք։ Ի՞նչ ասեմ, սա ա, կարալ չենք փոխենք։ Ես երբեք չէի պատկերացնի, որ մեր Ղարաբաղը կկորցնենք, բայց կորցրինք, ափսոս, որ կորցրինք»,- ասում է Զինան ու երեխաներին բեռնատարի վրա սնունդ փոխանցում։

Ի՞նչ եք մտածում ապագայի վերաբերյալ, հույս ունե՞ք վերադառնալու,- հարցնում եմ Զինային։

«Ապագայի մասին դեռ ոչ մի բան չեմ կարող ասել, հիմա անգամ տուն չունենք գնալու, բայց հույս ունեմ, փոքր, բայց ունեմ։ Մի օր, որ գուցե թշնամին էլ էնտեղ չլինի, մենք նորից հետ կգնանք մեր շենը, դա հիմա մեր երազանքն ա, ես իմ հույսը կտում չեմ»,-ասում է Զինան։

Բեռնատարը եկեղեցու մոտից աղմուկով շարժվում է, ուղղությունը՝ Քաջարան։ Մեքենայի ետևից փոշու մեծ ամպ է բարձրանում, ու երեխաները ճոճվող թափքի միջից հավաքվածներին ձեռքով են անում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter