Գիշի գյուղից տեղահանված ընտանիքը գիշերել է մեքենայում․ նրանք գնալու տեղ չունեն
12-ամյա Մարիամ Գրիգորյանը ցույց է տալիս մեքենան, որում նախորդ գիշեր քնել են 8 հոգով ու պատմում, որ սեպտեմբերի 20-ին հոր «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով իրենց ընտանիքը դուրս է եկել Մարտունու շրջանի Գիշի գյուղից ու միայն երեկ՝ սեպտեմբերի 29-ին հասել Գորիս։ 5 օր մնացել են Ստեփանակերտում, ապա շարժվել դեպի Հայաստան։ Երեկ՝ Գորիս հասնելուց ու Դրամատիկական թատրոնի շենքում գրանցվելուց հետո ստիպված են եղել մեքենայում գիշերել, քանի որ գնալու տեղ չեն ունեցել։
Գրիգորյանների ընտանիքին հանդիպեցինք Գորիսի դրամատիկական թատրոնի մերձակայքում։ Ընտանիքի կրտսեր որդին՝ 2-ամյա Հայկը, մեքենայի պատուհանից դուրս էր նայում։
Սամվել Գրիգորյանը՝ երեխաների հորեղբայրը, պատմեց, որ եղբոր կինը՝ Գայանեն, առողջական խնդիրներ ունի, Արարատը՝ եղբայրը, տարել էր հիվանդանոց։ Բժշկական կենտրոնում էին նաև Արարատի ու Սամվելի ծնողները։ 6 երեխաները մնացել էին հորեղբոր խնամքին։
Սամվելը Գրիգորյանը պատմեց` գրանցվելուց հետո ցանկացել են Լոռու մարզ գնալ, բայց նրանց ասել են՝ դեռ հարմար տեղ չկա, որտեղ կարող է ընտանիքը տեղավորվել։
Գիշի գյուղում Սամվել Գրիգորյանն ապրել է ծնողների հետ, Գայանեն ու Արարատը երեխաների հետ՝ նրանց հարևանությամբ։ Հիմա ընտանիքը գնալու տեղ չունի։ Ավելի ուշ Սամվել Գրիգորյանից իմացանք, որ երեխաներին տեղավորել են Գորիսի հյուրատներից մեկում, իսկ Սամվելն այս գիշեր նորից ստիպված կլինի մնալ մեքենայում։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել