HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովը ոչ կոռեկտ քայլ է անվանել Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին եղբայրական է համարում, բայց Մոսկվան այդ երկրի ղեկավարությանը հարցեր ունի։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Նա այս կերպ է մեկնաբանել այսօր ՀՀ Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ «Հայաստանը մեզ համար բարեկամ պետություն է, մեր գործընկերը։ Եվ, անշուշտ, մեզ շատ բան է միավորում եղբայրական հայ ժողովրդի հետ։ Եվ մենք ոչ մի կասկած չունենք, որ ընդմիշտ կմիավորի։ Բայց դրան զուգահեռ, իհարկե, Հայաստանի գործող ղեկավարությանը մենք լրացուցիչ հարցեր կունենանք։ Դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել է, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը Կրեմլում, երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, ոչ կոռեկտ քայլ են անվանում։ «Կասկածում ենք և ամենասկզբից էլ կասկածում էինք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կոռեկտ չի լինի Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին: Նախկինի պես կարծում ենք, որ դա ոչ կոռեկտ որոշում է»,- ընդգծել է Պեսկովը։

Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը չէր ցանկանա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի չեղարկել իր այցը Հայաստան:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։  Բացի այդ, Դատարանը ձերբակալման օրդեր էր տվել նաև Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։ 

Միջազգային քրեական դատարանը նշում է, որ Պուտինը և Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման մեջ։ Ըստ Դատարանի՝ կան «խելամիտ հիմքեր» պնդելու, որ Պուտինն անձնական պատասխանատվություն է կրում այդ որոշման համար։

ՀՀ ԱԺ-ն այսօր 66 կողմ և 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը թեժ քննարկումների պատճառ է դարձել Մոսկվայի և Երևանի միջև։ Հայկական կողմը պնդում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը լիարժեք հնարավորություններ կտա Հայաստանին՝ օգտվելու Միջազգային քրեական դատարանի իրավասություններից ու որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Մոսկվան խնդիրը տեսնում է նրանում, որ վավերացնելով Հռոմի ստատուտը, Երևանը ստիպված կլինի ձերբակալել Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս ժամանի Հայաստան։

Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter