
Իրանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահման դիտորդներ ուղարկելու պատրաստակամության մասին
Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ:
«Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության պահպանումը չի բխում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների շահերից։ Դրանով պայմանավորված` Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման»,- Բաղերի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։
Հոկտեմբերի 2-ին Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, հայտարարել էր, որ իրանական կողմը նաև «ծրագրեր ունի Ղարաբաղի փախստականներին օգնություն ուղարկելու վերաբերյալ»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը 60 տոննա հումանիտար օգնություն է փոխանցել Հայաստանին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Թեհրանում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Իր այցի ընթացքում նա արդեն իսկ հասցրել է հանդիպել իր իրանցի գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիյանի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Երեկ երեկոյան Իրանի մայրաքաղաք է ժամանել նաև Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը։ Ըստ Nour News պորտալի՝ Խալաֆովը նախատեսում է հանդիպել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ քննարկել տարածաշրջանում առկա իրավիճակը։ Թե կոնկրետ ում հետ է հանդիպելու Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը, չի նշվում։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել