ԱՄՆ-ն խոստանում է Իսրայելին տրամադրել ամբողջ անհրաժեշտ օգնությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հատուկ ուղերձով, որը նվիրված էր Իսրայելի վրա պաղեստինյան «Համաս» արմատական շարժման հարձակմանը։
Բայդենն ընդգծել է, որ Իսրայելը հիմա, ինչպես երբևէ, կարող է իր հույսը դնել Միացյալ Նահանգների աջակցության վրա։ Նա հիշեցրել է, որ հենց ԱՄՆ-ն է եղել առաջին երկիրը, որը ճանաչել է Իսրայելի անկախությունը։
«Մենք հոգ կտանենք այն մասին, որ նրանք ստանան օգնություն, որի կարիքն ունեն այդ երկրի քաղաքացիները, և նրանք կարողանան շարունակել պաշտպանել իրենց»,- հայտարարել է Բայդենը։
Բայդենն ընդգծել է, որ ահաբեկչական հարձակումներին «երբեք արդարացում չի լինի» և «Իսրայելին թշնամի մյուս ուժերին» կոչ արել ձեռնպահ մնալ որևէ գործողությունից և չօգտվել իրավիճակից։ Բայդենը, հավանաբար, նկատի ուներ «Հեզբոլահ» շարժմանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտվանից Գազայի հատվածից սկսել էր հրթիռակոծվել Իսրայելի տարածքը։ Տագնապի ազդանշանները առավոտյան 07:28-ից (Երևանի ժամանակով) չեն դադարում հնչել երկրի բազմաթիվ քաղաքներում։ Իսրայելի բանակն ու վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել են «պատերազմական դրության» և «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։ Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը կհաղթի պատերազմում, իսկ հակառակորդը (նկատի ունի «Համաս» շարժումը-խմբ.)՝ կոչնչացվի։
«Համաս»-ի գրոհայինները կարողացել էին ներթափանցել սահմանամերձ շրջաններ, որտեղ մինչ այս պահը շարունակվեմ են բախումները իսրայելցի ուժայինների հետ։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Վերջին տվյալներով՝ Իսրայելի զոհերի թիվը գերազանցում է 300-ը։
Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությունը հայտնել է 232 զոհի և ավելի քան 1600 վիրավորի մասին։
Լուսանկարը՝ nbcnews.com-ից
Մեկնաբանել