ՄԱԿ-ը ևս մեկ առաքելություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ
ՄԱԿ-ի առաքելությունը, որը զբաղվում է հումանիտար իրավիճակի ուսումնասիրմամբ և բնակչության կարիքներով, ժամանել է Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ վաղ առավոտյան ՄԱԿ-ի առաքելության ավտոմեքենաները Աղդամից ժամանել են Ստեփանակերտ։
Սա արդեն ՄԱԿ-ի երկրորդ առաքելությունն է, որը ժամանում է Լեռնային Ղարաբաղ։ Նախորդ առաքելությունը, որի զեկույցը խստորեն քննադատվել էր Հայաստանի կողմից իր կողմնակալության համար, Լեռնային Ղարաբաղ էր այցելել հոկտեմբերի 1-ին։
Թվով երկրորդ առաքելության այցելության մասին, ավելի վաղ, հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Հենրի Կլյուգեի հետ հանդիպման ժամանակ։
«Հանդիպմանը տեղեկացվել է, որ առաջիկայում Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգողի գրասենյակը կազմակերպության համապատասխան մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչների հետ կրկին այցելելու է այդ տարածքներ: Նշվել է, որ Բաքուն աջակցում է այդ գործընթացին»,- զրույցի մանրամասները մեջբերել էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Լուսանկարը՝ APA գործակալության
Մեկնաբանել