
«Մենք հարձակման ենք անցնում, Գազան երբեք էլ առաջվանը չի լինի». Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Գազայի հատվածի հետ սահմանին զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իսրայելական բանակը «իրավիճակը վերցրել է իր վերահսկողության տակ» և «անցնում է լայնամասշտաբ հարձակման»: Այդ մասին հայտնում են Haaretz-ը և The Times of Israel-ը։
«Ես հանել եմ բոլոր սահմանափակումները: «Համաս»-ը փոփոխություններ էր ցանկանում Գազայի հատվածում, և այն կփոխվի 180 աստիճանով՝ համեմատած նրա հետ, ինչ նախատեսում էին գրոհայինները: Նրանք կզղջան այս պահի համար: Գազան երբեք էլ առաջվանը չի լինի: Ով էլ գա գլխատելու, սպանելու կանանց և Հոլոքոստը վերապրած մարդկանց, մենք կոչնչացնենք նրանց»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Իսրայելցի նախարարը հավելել է, որ պատերազմը կարող է ձգվել «մի քանի շաբաթ կամ ամիսներ»։
«Համաս» արմատական շարժման գրոհայինները հոկտեմբերի 7-ի առավոտյան հարձակվեցին Իսրայելի վրա։ Նրանք մի քանի հազար հրթիռ են արձակել և ներխուժել սահմանամերձ շրջաններ՝ մարտի բռնվելով իսրայելցի զինվորականների հետ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Հարձակման օրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտնում է «երկար և դժվարին պատերազմի» մեջ: Նա նաև նշել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է նախապատրաստվել հարձակողական գործողության, որի նպատակը «Համաս»-ի լիակատար ոչնչացումն է:
Լուսանկարը՝ Իսրայելի ՊԲ մամուլի ծառայության
Մեկնաբանել