
Կֆար-Ազա կիբուցում հայտնաբերվել է շուրջ 200 իսրայելցու մարմին
Իսրայելի հարավում գտնվող Կֆար-Ազա կիբուցում հայտնաբերվել են խաղաղ բնակիչների մարմիններ, այդ թվում կանանց և երեխաների, որոնք, ըստ նախնական տվյալների, սպանվել են «Համաս» արմատական խմբավորման ներկայացուցիչների կողմից։ Այդ մասին CNN-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։ Զինվորականը հրաժարվել է պատասխանել զոհերի թվի մասին CNN-ի հարցին։
Ավելի վաղ, i24News հեռուստաընկերությունը, հղում անելով Zaka որոնողափրկարարական կազմակերպության կամավորներին, հայտնել էր, որ կիբուցում հայտնաբերվել է 200 խաղաղ բնակչի մարմին, որոնց թվում, ըստ հեռուստաընկերության տվյալների, կարող էր լինել մոտ 40 երեխա։
Ընդ որում, հեռուստաընկերությունը նշել էր, որ զոհերի ընդհանուր թիվը, հավանաբար, էլի կաճի, քանի որ զինվորականները շարունակում են շրջել տներով՝ մարմինների հայտնաբերման համար։
«Սա պատերազմ չէ, սա մարտադաշտ չէ։ Դուք տեսնում եք նորածիններին, մորը, հորը իրենց ննջասենյակներում, և թե ինչպես են նրանց սպանել ահաբեկիչները: Սա պատերազմ չէ, սա կոտորած է»,- լրագրողներին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ Իթայ Վերուվը։
The Times of Israel-ը նշում է, որ կիբուց են հրավիրվել օտարերկրյա տասնյակ լրագրողներ։ Միևնույն ժամանակ Business Insider-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, մայոր Նիր Դինարին, գրում է, որ իսրայելցի զինվորականները կիբուցում հայտնաբերել են նույնիսկ գլխատված երեխաների մարմիններ։
Ավելի վաղ, զանգվածային սպանությունների մասին հայտնի էր դարձել Գազայի հատվածի հետ սահմանից ոչ շատ հեռու գտնվող Բեէրի կիբուցում, որտեղ, ըստ առկա տվյալների, հայտնաբերվել էր առնվազն 100 մարմին։ Եվս 260 մարդ էլ սպանվել էր Ռեիմ կիբուցի մոտ՝ էլեկտրոնային երաժշտության Universo Paralello Israel Edition փառատոնի անցկացման վայրում։
Լուսանկարը՝ Reuters/Ronen Zvulun
Մեկնաբանել