HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից տեղահանված երեխաները Երևանի մանկապարտեզներում չեն կարողանում տեղավորվել մեծ հերթերի պատճառով

Սեպտեմբերի 19-ին՝ կեսօրին, Մարիամ Աբրահամյանը նոր էր աշխատանքից վերադարձել տուն։ Կոշիկներն էր հանում, երբ պայթյունի ուժեղ ձայներ լսեց, մոտեցավ պատուհանին ու տեսավ, որ դրսում իրարանցում է, փողոցում բոլորը խուճապահար այս ու այն կողմ են վազում։

Մարիամը միանգամից հասկացավ, որ պատերազմ է սկսվել, արագ վազեց սենյակ, որտեղ ամուսինը երեխաներին էր քնեցնում ու բոլորով արագ իջան նկուղ։ Այդ օրը նրա զույգ որդիները մանկապարտեզ չէին գնացել, քանի որ վատառողջ էին, իսկ դուստրը վերադարձել էր դպրոցից։ Այս տեսարանն ամեն օր Մարիամի աչքի առաջ է։ Նորից պետք է պատերազմի միջով անցնեին։

Մարիամ Աբրահամյանի ընտանիքը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել։ 56 ժամ ճանապարհին են եղել։ Հասել են Երևան, վարձակալած բնակարանում տեղավորվել 7 հոգով՝ Մարիամը, ամուսինը՝ Տիգրան Բարսեղյանը, ամուսնու ծնողները՝ Վարդանը և Կարինեն ու 3 երեխաները։

Ստեփանակերտում ամուսիններն աշխատել են, իսկ 3 երեխաները դպրոց ու մանկապարտեզ են հաճախել։ Մարիամի դուստրը՝ Միան, առաջին դասարանի աշակերտ է։ Նրան մոտակա դպրոց են տարել։ Մարիամն ասում է՝ դպրոցում առանձնահատուկ ուշադրություն են ցուցաբերում Արցախից եկած երեխաներին, օգնում են, սիրով ընդունել են, բայց զույգ որդիների համար Արաբկիր վարչական շրջանի պետական մանկապարտեզներում տեղ չի գտնվել։ 

Բոլոր մանկապարտեզներից Մարիամին նույն պատասխանն են տվել՝ հերթագրված շատ երեխաներ կան, խմբերում տեղ չկա, ոչինչ անել չեն կարող։ Մասնավոր մանկապարտեզների վարձավճարներն էլ բարձր են,  յուրաքաչյուր երեխայի համար միջինում՝ 70 000 դրամ։Մարիամն այդքան չի կարող վճարել։ 

Նա նախ զանգահարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որտեղ ասել են, թե հարցն իրենց իրավասության շրջանակից դուրս է, ուղղորդել են Երևանի քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետարանից էլ ասել են, թե տեղ չկա, իսկ արցախցի բռնի տեղահանված երեխաների համար դեռևս որևէ որոշում չկա։

Այս մասին Մարիամը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Արձագանքները շատ են։ Մասնավոր մանկապարտեզներից մի քանիսը պատրաստակամություն են հայտնել որոշ ժամանակով անվճար ընդունել Մարիամի որդիներին։ 

«Մասնավորներից առաջարկներ եղան, բայց նախ՝ մենակ ինձ մոտ չէ այս խնդիրը, այլ շատ-շատերի մոտ, հետո էլ՝ դա ժամանակավոր լուծում է, իսկ այս հարցին որևէ հստակ, համակարգային լուծում է պետք, գուցե պետությունը սուբսիդավորի մասնավորներին, որպեսզի կարողանան երեխաներին ընդունել։ Մենք երբ եկել ենք, շատ լավ գիտակցել ենք, որ պիտի աշխատենք, մերը ստեղծենք, հիմա աշխատելու համար էլ պետք է, որ երեխաների զբաղվածության հարցը լուծվի։ Մենք չենք ասում, որ մեզնից առաջ հերթում եղած մարդկանց տեղը մեզ տան, բնականաբար ոչ, ուղղակի պետությունը պետք է փորձի լուծումներ գտնել»,-ասում է Մարիամը։

Ասում է՝ արդեն աշխատանքի առաջարկներ կան, բայց քանի դեռ երեխաների զբաղվածության հարցը չի լուծվել, այդ առաջարկները ստիպված է մերժել։

Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից «Հետքին» տեղեկացրին, որ քաղաքապետարանը հնարավորության սահմանում փորձում է լուծել Արցախից բռնի տեղահանված երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու հարցը, բայց համակարգային լուծման տարբերակներ դեռ չեն գտել։ Պարբերաբար կապի մեջ են վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների հետ, փորձում են կարիքների գնահատում անել։

Նախքան արցախցիների բռնի տեղահանումը Երեւանում մանկապարտեզի հերթում արդեն սպասում էր 8000 երեխա։ Հիմա թիվը մի քանի անգամ մեծացել է։

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ այս տարի 24 մանկապարտեզի վերակառուցում և հիմնանորոգում է կատարվում, որի շնորհիվ կնվազի հերթում սպասող երեխաների թիվը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter