HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բլոկադա․ Արցախից Ալեքսը պիտի ֆուտբոլիստ դառնա

Գորիս 27․09․2023

Գորիսում գտնվելու չորրորդ օրը Ալեքսը վերջապես ֆուտբոլի դաշտ գտավ։ Խոտածածկը չի հավանում, պատառոտած է ու արհեստական, Ասկերանի իրենց դաշտը բնական էր։ 8 օր ֆուտբոլ չխաղալուց հետո Ալեքսի աչքերը գնդակից հազվադեպ են շեղվում։ Ամբողջ դաշտում նա մենակ է, ամեն հարվածի ժամանակ հիշում է, թե ում հետ էր խաղում․ փոխանցումերը հիմնականում Սերգոյին էր տալիս, ամենաշատը Մխիթարի խաղն էր սիրում։ Հիմա թիմակիցները ցրված են տարբեր տեղեր, ու թիմն էլ, որ անվանել էին «Բլոկադա», չկա։

«Մեր թիմը ձևավորվել էր շրջափակման ժամանակ, քննարկում էինք, թե ինչ անուն կարելի է դնել, մարզիչն ասեց՝ ինչի պակաս ունեք, ամեն մեկս տարբեր բաներ ասեցինք, վերջը որոշվեց, որ պիտի բլոկադա դնենք անունը»,- պատմում է 11-ամյա Ալեքսանդր Բեգլարյանը։

Սեպտեմբերի 24-ին՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման առաջին օրը, Ալեքսի ընտանիքը Ստեփանակերտից Հայաստան եկող առաջին ավտոբուսների մեջ էր։ Հայաստանում նրանք որևէ հարազատ չունեն, ժամանակավորապես ապրում են Գորիսի հյուրանոցներից մեկում՝ զուգահեռաբար փնտրելով տուն։ Ընտանիքը սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմի ժամանակ Ասկերանից տարհանվել է Ստեփանակերտի օդանավակայան, 3 օր հետո էլ՝ Հայաստան։ «Ամուսնուս զինգրքույկը և զինվորական համազգեստը վառեցինք, նստեցինք ավտոբուսը, եկանք էստեղ»,- ասում է Կարինեն՝ Ալեքսի մայրը։

«Բլոկադա» թիմի վերջին խաղը Ասկերանում սեպտեմբերի 19-ին էր։ Ալեքսը հիշում է, որ երբ հրետակոծությունը սկսվել է, իրենք դաշտում խաղում էին, հետո պատսպարվել են հանդերձարանում, երբ տեսել են, որ կրակը չի դադարում, մեքենա են գտել ու գնացել ապաստարան։

«Էդ օրը իմ ֆուտբոլի բոթասները մնացին հանդերձարանում։ Գնդակս էլ մնաց, բայց սրա նման չէր, ավելի մեծ էր ու ծանր, սրան, որ խփում եմ, փուչիկի պես թռնում ա»,- ասում է Ալեքսը ու մատի վրա պտտում նարնջագույն գնդակը, որ հենց նոր է գնել։

Գորիսի հյուրանոցում տեղավորված ընտանիքներից շատերը հենց Ասկերանից են։ Այստեղ Ալեքսի հետ են նաև երկու ավագ եղբայրները՝ Գրիգորին ու Սամվելը, քույրը՝ Սվետլանան, ծնողները և տատը։ 2020թ․-ի 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց ընտանիքը նորից Հայաստանում էր՝ Արմավիրի մարզի Դողս գյուղում, բայց հիմա, քանի որ ամեն ինչ այլ է, նրանք մշտական բնակվելու տեղ են փնտրում։ Մայրը՝ Կարինեն, ասում է, որ կուզենա էնպիսի մի տեղում ապրել, որտեղ շատ արցախցիներ կլինեն, մի թաղամաս կամ որևէ այլ տեղ։ 

Բեգլարյանների ընտանիքը Արցախի իրենց տնից ոչինչ չի վերցրել։ Մի քանի անգամ հարցնում եմ Կարինեին՝ լուսանկար, որևէ հուշ բերե՞լ եք Ձեզ հետ, ասում է՝ ոչ։ Հետո Կարինեի սկեսուրը՝ Շողիկը, կամաց գնում է հյուրանոցի իրենց սենյակը ու ձեռքին կապույտ տրցակով վերադառնում։ Բոլորը սևեռված նայում են, թե ինչ կա տատի ձեռքին՝ փաստաթղթե՞ր, բրոշյուրնե՞ր, թե՞ մեկ այլ բան։ Կապույտ ծրարի մեջ Բեգլարյանների ընտանեկան լուսանկարներն են։ Ալեքսը ու մյուս երեխաները միանգամից նետվում են նկարների վրա՝ իրենց մանկական լուսանկարներն են Արցախից, ընտանեկան հավաքույթներից, զինվորական համազգեստով, այնպիսին, ինչպիսին բոլորն ունեն։ Տատը երեխաներին թույլ չի տալիս դիպչել դրանց, ասում է, որ մասունքներ են, մոր մահից հետո պայուսակն է դրել ու երբեք չի հանել, այդպես էլ բերել է Հայաստան։

59-ամյա տիկին Շողիկը երկրորդ տունն է կորցնում։ Առաջինը 1991-ին է ստացել Ասկերանում ու հաջորդ տարի ռմբակոծությունից ավերվել է, հետո նորն են կառուցել։ Նա երկար տարիներ «Ղարաբաղ Տելեկոմ»-ում է աշխատել, սեպտեմբերի 19-ի հրետակոծության պահին էլ աշխատանքի է եղել։ Գնացել է ապաստարաններից Ալեքսին ու Սվետլանային գտել է, տարել տան նկուղ, հետո դրամարկղն էլ փակել ու ինքն էլ գնացել։ 

«Գնացի, տեսնեմ ապաստարանի մի անկյունում Սվետլանան խեղճացած կանգնած է, երեխեքի կեսին եկել, տարել էին արդեն, ինքը մնացել էր, ես էլ իրեն վերցրի, դուրս եկանք»,- պատմում է Շողիկը։

Ալեքսի ամենամեծ ափսոսանքը շանը չբերելն է։ Պատմում է, թե ինչ խելացի էր շունը, ոնց էր հետը ֆուտբոլ խաղում, հողաթափերը բերում։ Հետո միանգամից ավելացնում է՝ երևի արդեն բռնել են շանս, բոթասներս էլ վերցրել են։

«Շատ կուզեի հիմա մեր գյուղում լինեի, դպրոցում լինեի, բայց ստեղ էլ վատ չի։ Մամային համոզում եմ Երևան գնանք, որ ֆուտբոլ պարապեմ, Հայաստանի հավաքականում պիտի խաղամ, դա իմ երազանքն ա, ու ամեն ինչ անելու եմ, որ հասնեմ դրան»,- ասում է Ալեքսը։

Ֆուտբոլի դաշտում գնդակը համարյա էլ չի երևում, Գորիսում մութն ընկել է ու քաղաքի ամենապայծառ կետը հրապարակի էյֆելյան աշտարակն է։ Դրամատիկական թատրոնի դիմաց մարդկանց խմբեր են, ցուրտ է, բայց գնալու տեղ չկա։ Ավտոբուսների վրա մարզերի անուններով ցուցանակներ կան, իսկ ներսում մարդիկ քնել են՝ լրագրողների ֆոտոխցիկների ու բոլորի աչքի առաջ։ Ալեքսը գնդակով մոտենում է մարդկանց ամբոխին, շրջանցում աշտարակը, հետո հասնում սննդի կարմիր վրանների մոտ, ու հետևից կանացի մի ձայն կանչում է՝ Ալեքսա՞նդր, դո՞ւ ես, բա մաման շտե՞ղ ա։ Ասկերանի իրենց հարևանն է, Թալին են գնում։

Հ․Գ Բեգլարյանների ընտանիքն այս պահին շարունակում է մնալ Գորիսի հյուրանոցում՝ զուգահեռաբար փնտրելով տուն Հայաստանի կենտրոնական մարզերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter