HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից Հայաստան եկած բուժառուները կարող են հայտնվել դրսում. նրանք գնալու տեղ չունեն

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ էին հավաքվել Արցախից Հայաստան եկած այն բուժառուներն ու նրանց հարազատները, որոնք շրջափակման օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հաայաստանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել։ Նրանց մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցներից, բայց պարբերաբար հետազոտություններ է անցնում։

Ըստ բուժառուների՝ Արցախի Կառավարությունը փոխհատուցել է նրանց կացության համար և տեղավորել Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Սպիտակ տուն» հյուրանոցում։

Հյուրանոցն արցախցի բուժառուների ու նրանց հարազատների համար որպես կացարան ծառայել է շրջափակման առաջին իսկ օրերից, երբ Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից բուժառուներն ու նրանց խնամակալները գալիս էին Երևան։

Երկու շաբաթ առաջ հյուրանոցի տնօրենը հանդիպել է արցախցիներին ու ասել, որ այսուհետ չի կարող հյուրանոցում տեղ տալ, քանի որ Կառավարությունն այլևս չի փոխհատուցում նրանց կացության համար։

Նախորդ շաբաթ արցախցի բուժառուներն ու նրանց հարազատները գնացել են Հայաստանի Կառավարություն՝ պարզելու իրենց ճակատագիրը։

Կառավարությունից հանգստացրել են, թե մտահոգվելու կարիք չկա, քանի որ իրենց կացության հարցերը լուծվելու են, բայց հյուրանոցի տնօրեն Կարեն Օսպիյանից իմացել են, որ Կառավարությունը հյուրանոցին չի փոխհատուցել։

Ուստի, այսօր կրկին եկել էին Կառավարություն՝ ճշտելու, թե ուր պետք է գնան։ 

Հյուրանոցի տնօրեն Կարեն Օսիպյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 24-ից մինչև հիմա իր հյուրանոցում բնակվող արցախցի բուժառուները հյուրանոցի հաշվին են ապրում։ Մինչ այդ՝ անցած տարվա դեկտեմբերից, երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը, Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխված բուժառուներն ու իրենց հարազատերը բնակվել են հյուրանոցում, որի համար պետությունը փոխհատուցել է մասամբ։ Հունիսին փոխանցել են գումարի 40 տոկոսը միայն։ Այս պահին 18-սենյականոց հյուրանոցում ժամանակավոր բնակվում է 24 արցախցի բուժառու և բուժառուի հարազատ (խնամակալ)։ 

Կառավարության շենքի մոտ արցախցիների հետ էր նաև հյուրանոցի տնօրենը։ Հավաքվածներին Կառավարությունից տեղեկացրին, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը պետք է հանդիպի փոխվարչապետի հետ՝ քննարկելու նաև արցախցի բուժառուների կացության հարցերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter