HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

34 տարի Կոնդի բնակիչը զրկված է սեփական տանիքից

60-ամյա Ալլա Մանուկյանը ծնված օրվանից մինչև 1989 թվականը ապրել է Երևանի Կոնդ թաղամասի Ռուսթավելի նրբանցքի թիվ 20 տանը: Տունը բաժանված է եղել 3 մասերի: Երկու մասերը պատկանել են Ալլա Մանուկյանի հորեղբայրներին, իսկ երրորդ հատվածում ապրել են՝ Ալլա Մանուկյանը՝ երկու որդիների հետ, մայրը, քույրը և եղբայրը: 

1989 թվականին Կոնդ թաղամասը վերակառուցելու ծրագրի շրջանակներում Ալլա Մանուկյանը, նրա մայրը, քույրն ու եղբայրը տան իրենց զբաղեցրած հատվածը հանձնում են պետությանը: Ալլա Մանուկյանի մայրը, եղբայրը և քույրը պետության հետ պայմանագիր են կնքում՝ ստանալով 3 սենյականոց բնակարան քաղաքի ծայրամասում: Իսկ Ալլա Մանուկյանին պետությունն առաջարկում է 2 սենյականոց բնակարան՝ կամ Դավթաշենում, կամ Նոր Նորքի 9-րդ զանգվածում, կամ էլ տեղում՝ Կոնդ թաղամասում կառուցվելիք շենքերից մեկում, որը պատրաստ կլիներ 3 տարուց: Ալլա Մանուկյանը պետության հետ պայամանավորվում է տուն ստանալ Կոնդ թաղամասի կառուցվելիք շենքերից մեկում: Իսկ մինչ բնակարանի պատրաստ լինելը, վերջինս որդիների հետ սեփական միջոցներով տեղափոխվում է վարձով բնակարան: Եթե 3 տարուց երկար տևեր շենքի կառուցումը, պետությունը պարտավորվում է Ալլա Մանուկյանի բնակարանի վարձավճարը շարունակել փոխհատուցել:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ալլա Մանուկյանի պայմանավորվածությունը մնում է օդում: Նա դիմում է մի շարք պատկան մարմինների, սակայն ոչ մի կառույց չի լուծում վերջինիս խնդիրը: 2005 թվականին Ալլա Մանուկյանի հորեղբայրը վերակառուցում է իր տունը՝ ապօրինի զավթելով նաև Ալլա Մանուկյանի բաժնեմասը: Այդ ընթացքում Ալլա Մանուկյանին քաղաքապետարանից հայտնում են՝ քանի որ իր տունը կանգուն է, փոխհատուցում չեն կարող տալ՝ հաշվի չառնելով, որ Մանուկյանի հորեղբայրը ապօրինի է զավթել Ալլա Մանուկյանի բաժնեմասը և վերակառուցել: Ալլան ասում է` իր իրավիճակում հայտնված Կոնդի գրեթե բոլոր բնակիչներին` շուրջ 63 ընտանիքների, պետությունը փոխհատուցում է տվել, միայն ինքը և ևս մեկ բնակիչ են մնացել անտուն:

2007 թվականին Ալլա Մանուկյանին հորեղբայրն առաջարկում է գնալ իրենց հետ ապրելու, մինչև կլուծվի իր տան հարցը: Ալլա Մանուկյանը համաձայնում է: 2008 թվականին հայտնվում է «Դաունթաուն» շինարարական կազմակերպությունը, որը Կոնդ թաղամասում բարձրահարկ շենքեր կառուցելու նախագիծ ուներ: Ալլա Մանուկյանը որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերում այդ կազմակերպության հետ, որ իրեն փոխհատուցում կտան: Սակայն կազմակերպությունը բնակարանի փոխհատուցում է տալիս միայն Մանուկյանի հորեղբոր ընտանիքին, իսկ Ալլա Մանուկյանը կրկին մնում է անտուն:

Այս անգամ պատկան մարմինները Ալլա Մանուկյանին հորդորում են իր հարցերը լուծել շինարարական կազմակերպության հետ: Ալլա Մանուկյանը դատի է տալիս այդ կազմակերպությանը: 2009 թվականին դատարանը արգելանքի տակ է դնում տունը՝ մինչև դատական որոշում կայացնելը:

Սակայն, ըստ Ալլա Մանուկյանի, շինկազմակերպությունը, անտեսելով դատարանի՝ տունն արգելադրելու մասին որոշումը, ապօրինի մուտք է գործում տուն և սկսում քանդման աշխատանքներ իրականացնել: Ալլա Մանուկյանի խոսքով՝ կազմակերպությունը թալանում է իրեն, ոսկիներ, թանկարժեք այլ իրեր վերցնում է և ընդամենը թղթի մի կտորի վրա թվարկում է որոշ իրեր, թե տնից ինչ են հանել, որը, ըստ Մանուկյանի, իրականությանը չի համապատասխանում:

Մանուկյանը պատմում է՝ քանդման աշխատանքների ժամանակ ինքը մտել է տուն՝ պարզաբանում ստանալու, թե ինչու են ապօրինի գործողություններ կատարում: Այդ ժամանակ վիճաբանություն է սկսվել իր և «Դաունթաուն» կազմակերպության փոխտնօրեն Գնել Քոչարյանի միջև: Այդ ընթացքում, ըստ Մանուկյանի, Գնել Քոչարյանը հարվածել է իր գլխին, և ինքը տեղափոխվել է հիվանդանոց: Ալլա Մանուկյանն ասում է՝ կազմակերպության այս գործողությունները այդպես էլ մնացել են անպատիժ:

Այս ամենի հետևանքով Ալլա Մանուկյանը կրկին մնում է անօթևան և շարունակում ապրել վարձակալության հիմունքներով` թեև մինչ օրս իր գրանցման հասցեն Ռուսթավելի նրբանցքի թիվ 20 տունն է: Այժմ նրա երկու որդիները Ռուսաստանի Դաշնությունում են: Ասում է՝ որդիները ևս տուն չունեն այնտեղ. վարձով են բնակվում և իրեն կանչում են: Սակայն Ալլա Մանուկյանը ցանկանում է ապրել իր հայրենիքում: Վերջին տարիներին, երբ բարձրացան բնակարանների վարձավճարները, Ալլա Մանուկյանը տեղափոխվեց բարեկամների տներում բնակվելու: Հիմա որոշ ժամանակ մի բարեկամի տանն է, հետո՝ մյուս ու այսպես շարունակ՝ հույսով, որ մի օր կվերականգնվի արդարությունը և կկարողանա ապրել իր սեփական տանիքի տակ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter