
Ջո Բայդենը ժամանել է Իսրայել. նա ևս կարծում է, որ հիվանդանոցը հրթիռակոծվել է պաղեստինյան ուժերի կողմից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ի առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Իսրայել։ Թել Ավիվ Բայդենի այցը կայանում է Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կտրուկ սրման ֆոնին։
Բեն Գուրիոն օդանավակայանում ամերիկյան առաջնորդին դիմավորել են վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։
Թել Ավիվում Նեթանյահուի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ ամերիկյան կողմը ևս այն կարծիքին է, որ հիվանդանոցը հրթիռակոծվել է պաղեստինյան կողմից։ «Կարծես թե դա արվել է մյուս կողմից»,- հայտարարել է Բայդենը։
Նա նշել է, որ ինքը վշտացած ու զայրացած է այդ հարձակման փաստից։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել հիշել, որ «Համաս»-ը չի ներկայացնում պաղեստինյան ժողովրդի շահերը և «տառապանքից բացի ոչինչ չի բերել»։
Սպիտակ տան ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունն օգնելու Իսրայելին։ «Ես ուզում եմ ասել Իսրայելի ժողովրդի մասին. նրանց խիզախությունը, նրանց նվիրվածությունն իրենց երկրին, նրանց քաջությունը զարմանալի են։ Ես շատ հպարտ եմ այստեղ գտնվելու համար և ակնկալում եմ կառուցողական երկխոսություն այն մասին, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք»,- ասել է Բայդենը։
Իսրայել այցից զատ, Բայդենը պլանավորում էր այցելել նաև Հորդանան, որտեղ Գազայի հատվածում առկա ճգնաժամի թեմայով քառակողմ հանդիպում կունենար Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի, Հորդանանի թագավոր Աբդալա II-ի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթա աս-Սիսիի հետ։ Հանդիպումը չեղարկվել է Գազայում Ալ-Ահլի հիվանդանոցի հրթիռակոծության պատճառով։ Գազայի հատվածում առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոցում զոհվել է ավելի քան 500 մարդ։ Զոհերի մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան։
«Համաս»-ը Իսրայելին մեղադրում է հիվանդանոցի ուղղությամբ արձարկված ավիահարվածների մեջ։ Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է «Իսլամական ջիհադ» խմբավորումը։
Լուսանկարը՝ CNN-ից
Մեկնաբանել