HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Հնչեցված մտքերը պայմանավորված չեն եղել Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամ այլ հայացքներով». Մուշեղ Շուշանյանի պաշտպան

Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ ավարտվել է փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու, բռնություններն արդարացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

Շուշանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը «Հետքին» հայտնեց` ինչպես բազմաթիվ անգամ, այս անգամ ևս Շուշանյանը պնդում է, որ հնչեցված մտքերը կամ արտահայտությունները պայմանավորված չեն եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամ այլ հայացքներով։ «Ավելին՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը չունի և չի ունեցել քաղաքական հայացք, ինչը որևէ կերպ կարող է վերաբերել Հայաստանի կամ հայ ժողովրդի շահերին։ Հետևապես` նորմը չի կարող կիրառվել Շուշանյանի դեմ կամ նկատամբ»,- ասաց Պապիկյանը:

Նրա խոսքով` Շուշանյանի նկատմամբ հետապնդումը, ըստ էության, սկսվել էր դեռևս մայիսի 8-ին, երբ նրա ելույթի հիմքով քրեական վարույթ էր նախաձեռնվել, բայց մեղադրանք չէր ներկայացվել: Այնուհետև սեպտեմբերի 22-ի ֆեյսբուքյան գրառումն է կատարվել, որի հիմքով ևս մեկ վարույթ է նախաձեռնվել, իսկ սեպտեբերի 28-ին նրան ձերբակալել են դատարան չներկայանալու պատճառով։

«Այս ամենը ոչ միայն անհիմն է, այլ նաև՝ անհեթեթ։ Նախ` Շուշանյանը երբեք չի թաքնվել կամ խուսափել․ զորօրինակ մայիսի 8-ի կամ սեպտեմբերի 22-ի հրապարակումներից հետո նա որևէ տեղ չի թաքնվել, և նրա փախուստը կանխելու կամ դատարանին ներկայացնելու պատճառով ձերբակալելը պարզապես պատժելու նպատակով է կատարվել։ Մինչև սեպտեմբերի 28-ը նրան ոչ ոք չի էլ ծանուցել ներկայանալու, որից ինքը խուսափեր։ 

Մուշեղ Շուշանյանի կալանքը արտոնած դատավորը որոշման մեջ նշել է, որ նա, մնալով ազատության մեջ, կկատարի նոր հանցանք, և սա այն դեպքում, երբ Շուշանյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած որևէ դատական ակտ չկա։ Դատավոր Մասիս Մելքոնյանը մոռացել է, որ ՀՀ-ում դեռևս գործում է անմեղության կանխավարկածը»,- ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նշենք, որ Մուշեղ Շուշանյանը նախկինում ևս մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հրապարակային եղանակով ծանր վիրավորանք եւ բռնության կոչեր հնչեցնելու մեջ: 

«Ծանր վիրավորանքի» մասին հոդվածն ապաքրեականացվելուց հետո այդ մասով գործը կարճվել էր, իսկ մյուս մասով քրեական հետապնդումը դադարեցվել էր Շուշանյանի նկատմամբ` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Պաշտպանական կողմը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման վերաբերյալ դատական ակտ: 

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ Վերաքննիչի գործով բողոքի քննությունը նշանակված է նոյեմբերի 24-ին։

Նշենք, որ ընթացիկ քրեական վարույթով Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նա այժմ կալանավորված է: Բռնության կոչեր են որակվել Շուշանյանի հետևյալ գրառումները. «Հայոց զարթոնքը կարող է սկսվել մի պայմանով միայն՝ եթե կիկոլը ու ողջ հայրենավաճառների խմբակը ինքնաբուխ տարերային կերպով մահապատժվեն»:

Մեկ այլ գրառման մեջ էլ Շուշանյանը գրել է. «կիկոլին, դրա կուտոկից ցանկացածին որտեղ բռնեք սատկացրեք, հնարավորինս դաժան, բայց նաև արդյունավետ, սաղ չմնան. աած, ոստիկանություն, սպասում եմ, եկեք, տարեք»:

Բացի այդ, ինչպես Քննչական կոմիտեն հայտնել է, 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում Շուշանյանը ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները:

Քրեական վարույթի նյութերն այժմ հսկող դատախազի մոտ են` մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:

Գլխավոր լուսանկարում` փաստաբան Մուշեղ Շուշանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter