HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ով ոնց կարողացավ, փախավ գյուղից»․ արցախցի 7 երեխաների մայր

28-ամյա Արփինե Հովհաննիսյանի ընտանիքը՝ ամուսինը, 7 երեխաները, ամուսնու եղբայրը, նրա կինը, սկեսուրը և մայրը տեղահանվել են Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից։ 

Արփինեի ամուսինը գյուղի անասնապահն էր, ամուսնու եղբայրը զինվորական էր։ Արփինեն պատմում է, որ Արցախում վերջին 9 ամիսները բազմազավակ ընտանիքի համար ամենածանրն էին։

«Առանց ուտելիքի, առանց ձեթ, առանց աղ, սև հացով՝ տեղական ցորենի սև ալյուրով, առանց քաղցրեղենի, երեխաները մոռացել էին քաղցրի համը։ Վախի, սարսափի մեջ, որ ամեն պահի կարող է պատերազմը կրկնվել, ու էդպես էլ եղավ։ Մենք սպասում էինք, որ լինելու է պատերազմ։ Հույս էինք տալիս մեզ, որ գուցե Արևմուտքը, Ռուսաստանը ստիպեն, որ ճանապարհը բացեն, բայց մենք ինքներս էլ լավ գիտեինք, որ էդ ամեն ինչը սուտ է, չի լինելու նման բան»,-պատմում է Արփինեն։

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվում է շրջափակումից հյուծված, հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախի վրա։  

«Սեպտեմբերի 19-ին մեր առօրյա կյանքով էինք զբաղված, կեսօրին կրակոցների ձայներ լսեցինք։ Մենք սովոր էինք, որ կրակում են, մտածում էինք մի երկու րոպեից կլռեն։ Երեկոյան տեսանք, որ չէ, ավելի  ահավոր է դառնում։ Մերոնք ահագին զոհեր են տվել, մենակ մեր մի փոքր գյուղից 4-5 հոգի է զոհվել, ահագին վիրավորներ։ Ամուսնուս եղբայրը եկավ, ասեց՝ չենք կարողանում դիմադրել։ Իր մարտական ընկերը ձեռքին է զոհվել, նույնիսկ չեն կարողացել այդ տղայի դին տեղափոխել։ Էդպես գիշերվա ժամը 1-ին ասացին պետք է գյուղից դուրս գանք՝ ով ինչպես կարողանա։ Երեխաները ամեն ինչ հասկանում էին, դուրս գալուց տղաս ասում էր՝ մամա՛, վախենում եմ, թուրքերը գալու են մեզ մորթեն, դրա համար եք չէ՞ մեզ փախցնում»,- պատմում է Արփինեն։

Նրանց ընտանիքը, գյուղից դուրս գալով, մեքենայով գնացել է դեպի Ստեփանակերտի օդանավակայան, բայց ճանապարհը՝ Վանք գյուղի խաչմերուկը, ադրբեջանցիները փակել էին։

«Մի քանի ժամ ճանապարհին կանգնել ենք։ Էդ մի քանի ժամը մենք սարսափի մեջ ենք անցկացրել, որ ամեն րոպե կարող է կոտորվենք։ Մի քանի ժամ անց լսեցինք, որ մեր զինվորներին հաջողվել է հետ մղել ադրբեջանցիներին և Վանքի խաչմերուկը բացել, էդպես կարողացանք հասնել օդանավակայան։ Այնտեղ ռուս խաղաղապահների բազայում 3-4 օր անցկացրինք՝ ասֆալտի վրա, սոված, 3-4 օր իմ երեխաները համարյա բան չեն կերել։ Դրանից հետո ավտոբուսներ տրամադրեցին, ռուսների, մեկ էլ մի ադրբեջանական մեքենայի ուղեկցությամբ դուրս ենք եկել։ Առաջիններից մեկն էինք, որ սեպտեմբերի 24–ին Արցախից եկանք Հայաստան»,- պատմում է Արփինեն։

Խեչոյանների 13-հոգանոց ընտանիքը Հայաստանում մինչև հոկտեմբերի 19-ը բնակվել է «Գորիս» հյուրանոցում։ Չգտնելով ոչ մի ուրիշ երկարաժամկետ բնակության վայր՝ այժմ Խեչոյանների մեծ ընտանիքը ապրում է Սյունիքի մարզի Բարձրավան գյուղում։ Երեխաներից հինգը արդեն հաճախում են տեղի դպրոցը։ Ընտանիքը ծրագրում է գյուղում զբաղվել գյուղատնտեսությամբ, պետությունը խոստացել է ապահովել անասուններով։ Այժմ ընտանիքի համար առաջնայինը 7 անչափահաս երեխա ունեցող տան ջեռուցման հարցն է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter