HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Քրեական վարույթի պայմաններում «Էնջելս թրավել» ընկերությունը շարունակում է խաբել մարդկանց

«Էնջելս թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Անժելա Միքայելյանը շարունակում է խաբել մարդկանց՝ գումարներ վերցնել ու դրա դիմաց ծառայություն չմատուցել, չնայած ընկերության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթին։ 

Հուլիսի 27-ին գրել էինք այս կազակերպության մասին, որը զբաղվում է տուրիստական փաթեթների վաճառքով։ Փաթեթներն իրականում գոյություն չունեն։ Ընկերության տնօրենը հաճախորդներից գումարներ է վերցնում, ապա անհետանում, հեռախոսազանգերին չի պատասխանում ու բոլոր կապերը խզում է հաճախորդների հետ։

Հոդվածի հրապարակումից հետո «Էնջելս թրավել» տուրիստական ընկերության գործունեության վերաբերյալ Քննչական կոմիտեում խարդախության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն հարուցված վարույթը չի խանգարում տնօրեն Անժելա Միքայելյանին՝ այսօր էլ խաբել մարդկանց։

Դավիթ Պողոսյանը պատրաստվում էր կնոջ հետ մեկնել Եգիպտոս հանգստանալու։ Ընկերը նրան խորհուրդ էր տվել դիմել «Էնջելս թրավել» տուրիստական ընկերություն, քանի որ նախկինում օգտվել ու գոհ էր մնացել մատուցած ծառայությունից։ 

Դավիթը հեռախոսով խոսել ու պայմանավորվել է, Անժելան նրան ուղարկել է Եգիպտոսի հյուրանոցներից մի քանիսի լուսանկարները, նշել տուրիստական փաթեթների մոտավոր արժեքները։ 

Սեպտեմբերի 16-ին Դավիթ Պողոսյանը զանգահարել է Անժելային, որպեսզի հանդիպեն ու ամրագրումն անեն։ Աժելան ասել է, որ դրսում է, առաջարկել է սրճարանում հանդիպել։ Հանդիպել են Կոմիտասի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում։ Որպես կանխավճար Անժելան Դավիթից 330 000 դրամ է վերցրել, որի դիմաց ոչ ՀԴՄ կտրոն, ոչ էլ որևէ անդորրագիր չի ստացել։

Անժելան խոստացել է շատ արագ ուղարկել հյուրանոցի ամրագրումն ու ավիատոմսերը, որից հետո Դավիթը նրան պետք է փոխանցեր գումարի մնացած մասը։ Հանդիպումից անցել է գրեթե 10 օր, բայց Անժելան կապի դուրս չի եկել։ 

Դավիթը զանագահարել է, բայց հեռախոսահամարին կամ պատասխանող չի եղել, կամ էլ անջատված է եղել։

Դավիթի ընկերը, որը նրան ծանոթացրել էր Անժելայի հետ, նույնպես սկսել է հետաքրքրվել, սակայն չի կարողացել Անժելայի հետ կապ հաստատել։ Սոցիալական ցանցերն ուսումնասիրելուց հետո Դավիթը հասկացել է, որ խաբեության զոհ է դարձել։

 «Ես ուղղակի ըկերոջս վստահելով՝ դիմեցի Անժելային, մանավանդ ինքն էլ գնացել էր նույն տուրիստականով, շատ գոհ էր, ոչ մի անախորժություն չէր եղել, դեռ մի բան էլ մի օր Ծաղկաձորում հանգիստ էր նվեր ստացել, որոշել էինք փորձված տարբերակն ընտրել»,-պատմում է Դավիթ Պողոսյանը։

Չվերթը պետք է կայանար հոկտեմբերի 8-ին, մինչ այդ Դավիթը կարողացել է կապ հաստատել Անժելայի հետ ու պահանջել է գումարը վերադարձնել։ Անժելան խոստացել է վերադարձնել ու կրկին ահետացել է։ Այս ընթացքում Դավիթն ու Անժելան մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել, Դավիթն իր վճարած գումարն է պահանջել, Անժելան ասել է, որ կվերադարձնի։ Դավիթը որոշել է սպասել մինչև հաջորդ շաբաթ, եթե մինչ այդ որևէ լուր չունենա, հաղորդում է ներկայացնելու ոստիկանություն։

Մեր նախորդ հրապարակումից առաջ «Էնջելս թրավել» տուրիստական ընկերության տնօրեն  Անժելա Միքայելյանը վստահեցնում էր, որ վերադարձնելու է հաճախորդների գումարները։

«Հետքը» նորից փորձեց կապ հաստատել Անժելա Միքայելյանի հետ, բայց նրա հեռախոսահամարն անհասանելի էր։

Պասիվ է նաև տուրիստական ընկերության ֆեյսբուքյան էջը։ Վերջին հրապարակումն արվել է 2023 թվականի հուլիսի 21-ին։ Փոխարենը տուրիստական ընկերությունը պարտաճանաչ կերպով ջնջում է բոլոր բացասական մեկնաբանությունները։ Դրա մասին վերջին հրապարակման մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը։ «Ձեր իրական կերպարը բացահայտող մեկնաբանությունները հեռացնելով՝ հույս չունենաք որ կարողանալու եք էլի գումար շորթելով խաբել մարդկանց»,-գրել է Լալա Ստեփանյանը։

Դատարանը մերժել է  Անժելա Միքայելյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը 

«Հետքը» Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից տեղեկատվություն է խնդրել նախաձեռնված վարույթի ընթացքի մասին։

Քննչական կոմիտեից պատասխանել են, որ քրեական վարույթով տնօրենին՝ Անժելա Միքայելյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախություն) 1-ին եւ 2-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 1-ին մասով։ 

«Տուժողների թիվն այս պահի դրությամբ 19-ն է։ Քննիչը միջնորդություն է ներկայացրած եղել, որպեսզի մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանքը, սակայն դատարանը մերժել է և նրա նկատմամբ բացակայելու արգելքն է ընտրվել»,- հայտնել է Գոռ Աբրահամյանը։

Քննչական կոմիտեն մեղադրյալի գործողություններից տուժածներին հորդորում է հաղորդում ներկայացնել քննչական մարմին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter