HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Քրեական վարույթ՝ Ալեն Սիմոնյանին առնչվող «Պալլադա Ծաղկաձորի» գործով

Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած կնքահոր բազմամիլիոնանոց կառուցապատման մասին «Հետքի» հոդվածի հիման վրա։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 

««Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է» վերտառությամբ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված հոդվածի հիման վրա 2023 թ․ սեպտեմբերի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է քննություն»,- ասված է դատախազության պատասխանում։

Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։

«Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է» հոդվածում մենք անդրադարձել էինք Ծաղկաձորում իրականացվող կառուցապատման բիզնեսի և դրան ԱԺ նախագահի հնարավոր կապին։

Փորձեցինք Հակակոռուպցիոն կոմիտեից պարզել՝ քրեական վարույթով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրավիրվե՞լ է հարցաքննության կամ արդյոք արդեն հարցաքննվե՞լ է։ Կոմիտեից հարցաքննության վերաբերյալ տվյալներ չտրամադրեցին, միայն հայտնեցին, որ ընթացող նախաքննությամբ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծաղկաձորում ԱԺ նախագահի որդու կնքահոր մասնակցությամբ կառուցվող համալիրի շինթույլտվությունը խախտումով է տրվել։ Փաստն արձանագրել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որի հիման վրա վարչական վարույթ է սկսել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter