HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Շահումյան

1993 թ. ապրիլի 3-ին հայկական զորամիավորումներն ազատագրեցին Քարվաճառի (նախկին Քելբաջար) շրջանը: Հաշվի առնելով, որ այստեղ տեղափոխվել են Շահումյանի շրջանից բռնի տեղահանվածները` ԼՂՀ կառավարությունը շրջանը վերանվանել է Նոր Շահումյան, որի կենտրոնը Քարվաճառ քաղաքն է:

Նոր Շահումյանի շրջանը 1936 քառ. կմ է, այն տարածքով ամենամեծն է ազատագրված շրջաններից:

Հայ իշխանների նախկին նստավայրը

Նոր Շահումյանի (Քելբաջարի) շրջանի Ծար գյուղում, բացառությամբ 2-3 ընտանիքի, մնացած բնակիչները միմյանց բարեկամներ են:

Ութ տարի առաջ Մարտունու Զոլաքար գյուղի բնակիչ Սամվել Սիմոնյանը եկել է Ծար, սիրահարվել բնությանը, խաչքարերին ու կիսաքանդ եկեղեցիներին՝ գյուղում հայերի հինավուրց բնակության վկաներին, ու որոշել է հաստատվել այստեղ: Նա այսօր Ծար գյուղի գյուղապետն է: Սամվելն աստիճանաբար այստեղ է տեղափոխել եղբայրներին, ծնողներին, բարեկամներին:

Սեւադա Սիմոնյանը Սամվելի եղբայրն է եւ գյուղի ութամյա դպրոցի տնօրենը: Նա գյուղ եկել է 1999 թվականի ձմռանը՝ կնոջ եւ երկու աղջիկների հետ: Եվս մեկ աղջիկ ու տղա ծնվել են գյուղում, տնային պայմաններում: Երեխաների ծնունդն ընդունել է Սեւադայի մայրը, որին գյուղում կոչում են «Մեծ Մայրիկ»: Նա վաղուց արդեն դարձել է գյուղի տատմերը:

Սեւադան ընդգծում է, որ իր՝ Ծար տեղափոխվելու շարժառիթը ոչ մի դեպքում սոցիալական չէր: Զոլաքարում նրանք ապրում էին ինչպես բոլորը՝ հող էին մշակում, մի քանի անգամ մեկնել են արտագնա աշխատանքների: Սեւադան ասում է, որ վարակվեց եղբոր հայրենասիրությամբ, բացի այդ` «տեղափոխվելը փոփոխություն էր, հետաքրքիր էր»:

Սակայն, գյուղում կան նաեւ մարդիկ, ովքեր այստեղ են եկել ավելի լավ կյանքի փնտրտուքով: «Եվ նրանք այդ կյանքը գտել են»,- համոզված է Սեւադան: Գյուղում ապրում է տասնչորս ընտանիք, եւ առնվազն մեկ հոգի յուրաքանչյուր ընտանիքից ապահովված է աշխատանքով. չորս մարդ աշխատում է գյուղապետարանում, տասնմեկ մարդ՝ դպրոցում:

«Կարելի է ասել, որ մեր գյուղում հիմա ապրում է միայն մեկ աղքատ ընտանիք, - ասում է Սեւադան,- Մովսիսյան Վաղինակի ընտանիքը»: 

Ութ երեխայի (յոթ աղջիկ, մեկ տղա) հայր Վաղինակը Վարդենիսից է եկել: Նրա կինը՝ Հայկուհին, փախստական է Խանլարի շրջանից: Վաղինակի ընտանիքը տեղափոխվել է Ծար 1999 թվականին: Հայկուհին դպրոցում հավաքարար է, ամուսինը՝ տնտեսվար: Նրանց ավագ դուստրը տասնչորս տարեկան է, կրտսերը՝ ընդամենը քառասուն օրական: Երեխաներից չորսը դպրոց են հաճախում: Հայկուհին կյանքից չի բողոքում, միայն փաստում է, որ ութ երեխա պահելը հեշտ գործ չէ: Երեխաների հագին հնամաշ հագուստ է: Նրանք խաղալիքներ չունեն: Ավագ երեխաները բակում տնակ են կառուցում թիթեղներից: Երեխաներին մի կերպ լողացնում ու սանրում են միայն «հանդիսավոր» դեպքերում, օրինակ` երբ հյուր են գալիս «լրագրողներ քաղաքից»:

«Նրանցից բացի,- ասում է Սեւադան,- բոլորը քիչ թե շատ լավ են ապրում»:

Սեւադայի կինը՝ Լյուդան, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է: Ինքը՝ Սեւադան, դասավանդում է աշխարհագրություն եւ պատմություն:

«Կրթությունս թերի իրավաբանական է, բայց այս ութ տարիների ընթացքում այնպես եմ պատմություն եւ աշխարհագրություն սովորել երեխաների հետ միասին, որ հենց վաղն էլ կարող եմ որակավորում ստանալ»,- ծիծաղում է Սեւադան:

Ինչպես Նոր Շահումյանի գյուղերի մեծ մասում, ուսուցիչների պակասի խնդիրն այստեղ էլ սուր է: Երեխաները չեն անցնում անգլերեն: Ուսուցիչների մեծ մասը չունի բարձրագույն կրթություն:

«Չնայած հիմա էլ գյուղում դժվարությունները շատ են, սակայն առաջին տարիների հետ չես համեմատի,- ասում է Սեւադան,- երբ գյուղացիները ստիպված էին ամառ-ձմեռ ոտքով հասնել մինչեւ շրջկենտրոն Քարվաճառ կամ Վարդենիս՝ տարրական գնումներ կատարելու, հետո էլ սեփական մեջքի վրա քաշ տալ ալյուրով, շաքարավազով եւ այլ մթերքներով լի պարկերը:

Սեւադան հիշում է, որ իր եղբայրներից մեկի երեք ամսական երեխան յոթ տարի առաջ թունավորվել էր կաթի փոփոխությունից եւ մահացել մեկ օրվա ընթացքում, եւ նույնիսկ ձի չկար, որ երեխային ժամանակին հիվանդանոց հասցնեին:

Հիմա շատերը մեքենա ունեն: Գնումների համար գերադասում են գնալ ոչ թե Քարվաճառ, այլ` Վարդենիս, ուր ամեն ինչ ավելի էժան է: Խանութի բացակայությունը շարունակում է մնալ գյուղի կարեւոր խնդիրներից մեկը:

Ծարում արդեն անցկացրել են էլեկտրական լարեր: Շուտով գյուղը կապահովվի էլեկտրաէներգիայով. առաջին անգամ այն օրվանից, երբ բնակիչները տեղափոխվել են այստեղ: Ծարի բնակիչներն անհամբեր սպասում են այդ իրադարձությանը, որը ետեւում կթողնի մոմի երերուն կրակով լուսավորված երկար ու մութ երեկոները, երբ տան գործերն ավարտված են, խոսակցության թեմաները` սպառված, ու նույնիսկ հեռուստացույց չկա, որ ժամանակն անցնի: Երբ պետք է վառել վառարանը կամ թոնիրը ամեն անգամ, երբ պարզապես սուրճ ես ուզում խմել: Երբ լողանալու պարզ գործընթացը վերածվում է մի ամբողջ ծիսակարգի:

Սեւադան հպարտությամբ ասում է, որ իրենց գյուղն իսկական գանձ է հնէաբանների եւ պատմաբանների համար: Բոլոր կողմերից ձորերով շրջապատված գյուղը գտնվում է շրջանի ամենաբարձր կետում: Սեւադան ցույց է տալիս մի կիսավեր տուն, որի հենասյուները սովորական գերանների փոխարեն կառուցված են քարից: Հազարաշեն կոչվող այս տունը կառուցվել է 1658 թվականին ոմն Ավանեսի կողմից: Գյուղացիները համոզված են, որ այդ տունը երբեմն եղել է իշխանական պալատ, իսկ գյուղը՝ հայ իշխանների նստավայր:

Սեւադան եւ Լյուդան ստանում են Քարվաճառի «Նոր Շահումյան» թերթը: Նրանք պահպանել են թերթի համարներից մեկը, որտեղ մեծ հոդված կա իրենց գյուղի մասին: Հոդվածը հատված է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» աշխատությունից:

Աշխատությունում ասվում է, որ Ծար գյուղի մասին հնագույն հիշատակումներից մեկը վերաբերում է 1289 թվականին: Ծարում եղել է չորս եկեղեցի, խաչքարերով գերեզմանատուն եւ մոտակայքում երկու վանք: 1225 թվականին կառուցված Մայր եկեղեցին կանգնած է եղել գյուղի կենտրոնում: Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1274 թվականին եւ հանդիսանում է առայսօր պահպանված երկու եկեղեցիներից մեկը: Երկու եկեղեցիների ավերակների վրա էլ պահպանվել են հայկական գրություններ: Նրանց կողքին կանգնած խաչքարեր են, մի մասն էլ ընկած է գետնին:

Հայերն այստեղ բնակվել են մինչեւ 1730-50-ական թթ., երբ քրդական ու թուրքական վաչկատուն ցեղերը ներխուժել են շրջան: Հետագայում այստեղ հաստատված քրդերը Ծարը վերանվանել են Զառ:

Իր աշխատությունում Սամվել Կարապետյանը նշում է, որ հայկական հուշարձանների ոչնչացումը Ծարում հասել է հսկայական մասշտաբների խորհրդային իշխանությունների օրոք, հատկապես 1940-50-ական թթ.: Հենց այդ ժամանակ են հիմնահատակ քանդվել երկու եկեղեցիները, գերեզմանատունը եւ վանքերը, իսկ քարերն օգտագործվել են Ծարում եւ հարեւան Ճրագ գյուղում բնակվող քրդերի դպրոցական եւ այլ շինություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter