HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ Պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու վերաբերյալ արձանագրությունն ԱԺ նախագահն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովն այն օրենքով սահմանված կարգով քննարկել է նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում։ Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն։

««Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։ Ինքնաբացարկների դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններս նիստին ներկա չեն եղել։

Այսպիսով, պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու 2 արձանագրություն։

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամներ Ռոմիկ Մխիթարյանի և  Տիգրան Տեր-Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Նույն նիստում ԿԸՀ կազմած մեկ այլ արձանագրությամբ, մանդատները տրվել են «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Ռաֆիկի Մկրտչյանին և Հարություն Վարդանի Մանվելյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 25-ից կալանավորված էր։ Պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրա կալանքը ենթակա է վերացման։ Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, ապա նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից էլ նրան ձերբակալել էին:

Պատգամավորի կարգավիճակի ստանձնման կապակցությամբ Քոչարյանի փաստաբանական թիմը մասնակի՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով, հրաժարվել է հատուկ վերանայման բողոքից:

«Պատճառն այն է, որ Լևոն Քոչարյանը ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ, ուստի պաշտպանական կողմը բողոքը պնդում է միայն հիմնավոր կասկածի մասով»,- նշվում է փաստաբանական թիմի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter