
Միշտ միասին. երկու ընկերների վերջին մարտը Շուշիի դիմացի «Խաչի պոստում»
Բորյա Բալայանը և Արթուր Աղաջանյանը մանկության ընկերներ էին, Ստեփանակերտում մի թաղում են մեծացել, միասին են անցել արցախյան առաջին պատերազմը։ Մասնակցել են 2020թ․-ի արցախյան 44-օրյա պատերազմին։ Դրանից հետո երկուսն էլ անցել են ծառայության աշխարհազորային գումարտակում։ Բորյան վաշտի հրամանատար էր, Արթուրը՝ նույն վաշտում դասակի հրամանատար։
Երկուսն էլ զոհվել են 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ, Շուշիի մերձակայքում գտնվող «Խաչի պոստ» դիրքում։
Բորյա Բալայանը և Արթուր Աղաջանյանը եղել են 842 մարտական դիրքում։ Բորյան գնդացրորդ էր, 90-ականներից հայտնի էր «Պիլիմյոտչիկ Բորյա» մարտական անունով, ստացել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, հարձակման օրը նույնպես գնդացիրով է եղել, պահել է դիրքը մինչև բեկորային վիրավորումը։ Սեպտեմբերի 19-ին ստացած վիրավորումից մեկ օր հետո մահացել է Ստեփանակերտի հիվանդանոցում։
Արթուր Աղաջանյանը, որն առաջին արցախյան պատերազմից հայտնի էր «Արջուկ» անունով, 2023թ․ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման օրվա երկրորդ կեսին 842 մարտական դիրքից 5 հոգու հետ 100 մետր առաջ է գնում, դիրքավորվում կարևոր բարձունքի վրա, այնտեղից վարում մարտը։ Ժամը 17։00-ի սահմաններում գումարտակի հրամանատարը կապի միջոցով տեղեկացնում է, որ շրջափակման մեջ են հայտնվել, տալիս է նահանջի հրաման։ Արթուրը հրաժարվում է կատարել հրամանը՝ դուրս չի գալիս դիրքից: Արթուրը շարունակում է մարտը եւ զոհվում դիպուկահարի կրակոցից:
Զինադադարից հետո նրա խոշտանգված մարմինը գտել են Արցախի փրկարարները։
Երկու ընկերները հուղարկավորվել են Եռաբլուրում՝ կողք կողքի։
Գլխավոր լուսանկարը՝ Բորյա Բալայանի ընտանեկան արխիվից։ Ձախից երկրորդը՝ Բորյա Բալայանը։
Մեկնաբանել