HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանում սպառնում է 15 տարի ազատազրկում

Ադրբեջանում այսօր շարունակվել է Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով հերթական դատական նիստը։ Դրա ընթացքում ադրբեջանցի դատախազը դատարանից պահանջել է, որ Խաչատրյանը դատապարտվի 15 տարի ազատազրկման։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դատախազ Սուլթանովը հայտարարել է, որ Ադրբեջանի դատախազությունը պահանջում է, որ 15 տարի ազատազրկման 5 տարին Խաչատրյանն անցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հիմնարկում։

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ այդ երկրի օրենսդրության համաձայն՝ 65 տարին լրացած անձանց նկատմամբ չի կիրառվում ցմահ ազատազրկումը, իսկ Խաչատրյանը 68 տարեկան է։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Վագիֆ Չերքեզի Խաչատրյանն այս տարվա հուլիսին ձերբակալվել էր Լաչինի միջանցքի սկզբանամասում տեղակայված ադրբեջանական անցակետում, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ փորձում էր Արցախից անցնել ՀՀ տարածք։ 

Ադրբեջանական կողմի «մեղադրանքում» նշվում է, թե, իբր, «Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։

Շինծու այս գործով դատաքննությունը մեկնարկել էր հոկտեմբերի 13-ին։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Խաչատրյանին հատկացվել է փաստաբան և թարգմանիչ։ 

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ավելի վաղ հերքել էր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքները։ «Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել»,- X-ի իր միկրոբլոգում գրել էր Բեգլարյանը՝ հավելելով, որ բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter