HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Բաքվի զինվորական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Այդ մասին հայտնում է APA գործակալությունը։ Վերջինիս փոխանցմամբ՝ 15 տարվա ազատազրկման 5 տարին Խաչատրյանը կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հիմնարկում։

Սա հենց այն պատժաչափն էր, որն ադրբեջանցի դատախազն այս շինծու գործի շրջանակներում պահանջում է Վագիֆ Խաչատրյանի համար։ Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան, որին նշանակել էր Բաքուն, դատարանին խնդրել էր անմեղ ճանաչել Խաչատրյանին։ Նույն խնդրանքով իր եզրափակիչ ելույթում դիմել էր նաև Վագիֆ Խաչատրյանը։ Նա հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանին խնդրել էր արդարացնել իրեն։

Հիշեցնենք, որ Վագիֆ Չերքեզի Խաչատրյանն այս տարվա հուլիսին ձերբակալվել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետում, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ փորձում էր Արցախից անցնել ՀՀ տարածք։

Ադրբեջանական կողմի «մեղադրանքում» նշվում էր, թե, իբր, «Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։

Շինծու այս գործով դատաքննությունը մեկնարկել էր հոկտեմբերի 13-ին։ Ադրբեջանական կողմը պնդում էր, որ Խաչատրյանին հատկացվել է փաստաբան և թարգմանիչ։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ավելի վաղ հերքել էր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքները։ «Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել»,- X-ի իր միկրոբլոգում գրել էր Բեգլարյանը՝ հավելելով, որ բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականների պատերազմում։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter