HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Սոցիալական աջակցությունից օգտվելու համար արցախցիները պետք է ազատեն հյուրանոցները

Մինչև նոյեմբերի 15-ը Արցախից բռնի տեղահանվածները պետք է ազատեն հյուրատներն ու հյուրանոցները, որտեղ ժամանակավոր բնակվում էին։ Այս մասին նոյեմբերի 9-ին Կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Այս պայմանով միայն արցախցիները կարող են դառնալ 50 000-ական դրամ երկամսյա սոցիալական աջակցության շահառու։

«Մեկ շաբաթ էլ դեռ ունեն, ստացել են բնակարան վարձակալելու համար գումարներ հոկտեմբերին, նոյեմբեր ամսվա համար դիմում կներկայացնեն, կստանան, և դա է տրամաբանությունը, որ մենք վերջնաժամկետ ենք սահմանում, այսինքն՝ սա շատ կարևոր հանգամանք է, որ բոլորը գիտենան, որ մինչև նոյեմբերի 15-ը պետք է ազատեն այդ վայրերը, տարածքները, որպեսզի կարողանան դիմում ներկայացնել»,-ասել է Տիգրան Խաչատրյանը։

Արցախից բռնի տեղահանված Օկսաննա Մարկոսյանն ընտանիքի հետ բնակվում է Ծաղկաձորի «Վիլլաձոր» հյուրանոցում։

Օրեր առաջ Կոտայքի մարզպետարանից նրանց հայտնել են, որ մինչև նոյեմբերի 10-ը պետք է ազատեն հյուրանոցը։ Օկսաննայի խոսքով, իրենց այլ տեղ չեն առաջարկել։

Օկսաննան գնալու տեղ չունի։ Չգիտի, թե ինչ է անելու։ «Վիլլաձոր» հյուրանոցում Արցախից բռնի տեղահանված 5  ընտանիք  է ապրում։ Նախկինում նրանց թիվն ավելի շատ է եղել, ժամանակի ընթացքում տուն են վարձել ու տեղափոխվել։

Օկսաննան իր 3 երեխաների ու ամուսնու հետ է։ Նույն քոթեջում բնակվում էր նաև Օկսաննայի եղբոր ընտանիքը, բայց վերջինս Էջմիածնում աշխատանք է գտել, տուն վարձել ու ընտանիքի հետ տեղափոխվել։ Հիմա Օկսաննայի ու նրա քրոջ ընտանիքն է ապրում հյուրանոցի տրամադրած քոթեջում։ Նրա խոսքով, հյուրանոցի սեփականատերն ասել է, թե ինքը չի ստիպում, որ դուրս գան, ընդհակառակը, կողմ է, որ մնան, բայց քանի որ կառավարության որոշում կա, ոչինչ անել չի կարող, բացի այդ՝ պետությունն այլեւս չի փոխհատուցելու նրանց կեցության ծախսերը, հյուրանոցն էլ առանց փոխհատուցման չի կարող պահել։

Օկսաննային կարճաժամկետ վարձակալությամբ տուն է հարկավոր, քանի որ որոշել են արտերկիր մեկնել։ Բայց երբ տանտերերն իմանում են, որ 10-15 օրով կամ 1 ամսով են ցանկանում տուն վարձել, հրաժարվում են տրամադրել։

Տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Հետքին» հայտնում են, որ նոյեմբերի 8-ի տվյալներով՝ պետական աջակցությամբ Հայաստանի մարզերի հյուրանոցներում բնակվում է Արցախից բռնի տեղահանված 1805 մարդ։ Արագածոտնի մարզի հյուրանոցներում արցախցիներ արդեն չեն մնացել։ Երևանի հյուրանոցներում նոյեմբերի 8-ի դրությամբ 48 հոգի կա։

ՏԿԵՆ-ը վստահեցնում է, որ մինչ հյուրանոցներն ազատելը տեղական ինքնակառավարման մարմինները կհոգան արցախցիների տեղավորման հարցը, ոչ ոք դրսում չի մնա։ Այն մարդիկ, որոնք դեռ վարձով բնակարան չեն գտել, ժամանակավոր կտեղավորվեն համալսարանական պանսիոնատներում։ Մինչդեռ Օկսաննա Մարկոսյանն ասում է, որ թե՛ Ծաղկաձորի համայնքապետարանից, թե՛ Կոտայքի մարզպետարանից իրենց գնալու տեղ չեն առաջարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter