HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամեն արցախցու կյանք մի պատմություն է, տխուր պատմություն»

«Ժամը 7-ի կողմերն էր, 4 մեծ չան (ցիստեռն-խմբ.) էր դրած, մարդիկ դրանից բենզին էին վերցնում։ Ով ոնց կարող էր՝ դույլերով, շատ անկազմակերպ։ Մեկ էլ ուժեղ պայթյուն լսվեց, ու մեզ էդ ալիքը դուրս շպրտեց, գցեց գետնին։ Հետո իրար հետևից մի քանի օջախներ սկսեցին պայթել ու վառվել։ Երկինքը ծխի մեջ կորավ։ Ամեն կողմից մարդկանց աղաղակներ ու գոռոցներ էին լսվում։ Օդ չկար։ Հետո ուշագնաց եղա, արթնացա հիվանդանոցում»,-պատմում է ստեփանակերտցի Սուրեն Սարուխանյանը։ Նա Ստեփանակերտի մերձակայքում 2023 թվականի սեպտեմբերի 25-ն բենզինի պահեստարանի պայթյունի հետևանքով վիրավորված արցախցիներից մեկն է։ Սուրենին տեղափոխել էին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ 2 շաբաթից ավելի նա հիվանդանոցում՝բժիշկների հսկողության տակ է եղել։ Խորը այրվածքներ ուներ։ 

Սուրենի հետ այնտեղ էր նաև նրա քենակալը՝ Մհեր Հյուսնունցը, որի կյանքը փրկել չի հաջողվել։ Մհերը մարմնական այրվածքներ քիչ էր ստացել, քանի որ պայթյունի պահին օջախին մոտ չէր եղել, բայց ծխից թունավորվել էր, թոքերը քայքայվել էին։

Քրիստնե Սարուխանյանը՝ Սուրենի կինը, պայթյունի մասին իմանալուց հետո զանգահարել է ամուսնուն, ապա քրոջը՝ Անժելիկային։ Սուրենն անհասանելի է եղել։ Անժելիկան հարևանի հետ շտապել է հիվանդանոց։ Քույրերին ասել են, որ իրենց ամուսինները վիրավոր են։ Անժելիկան ու հարևանն առաջարկել են հիվանդանոցում բժիշկներին օգնել, զուգահեռաբար փորձել են փնտրել իրենց ամուսիններին։ Հիվանդասենյակներում տարբեր աստիճանի այրվածքներով մարդիկ էին։ Անժելիկան հերթով մտնում էր բոլոր հիվանդասենյակները։ «Մարդիկ ահավոր վիճակում, վառված, գոռում, լացում էին, սենյակներ կային, որտեղ հիվանդներին ամբողջությամբ սավանով փակել էին, նշանակում էր, որ արդեն մահացած են, ես էդ սավաններն էլ եմ բացել հերթով, նայեմ, տեսնեմ՝ Մհերը կա՞, թե չէ»,-պատմում է Անժելիկան։

Ի վերջո, Ստեփանակերտի  հիվանդանոցի դռան մոտ Երևան ուղարկվող հիվանդների մեջ Անժելիկան գտել է Մհերին։ Մհերի գիտակցությունը տեղում էր։ Խոսում էր։ Նրան ուղղաթիռով Հայաստան էին ուղարկում։ Մեկ այլ ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել նաև Սուրենին։

Քրիստինեն ու Անժելիկան ծնողների ու երեխաների հետ ուղևորվել են Հայաստան։

Անժելիկան հիշում է, թե ինչպես Հայաստան հասնելուն պես վերջին անգամ տեսավ ամուսնուն, իսկ հիվանդանոցից դուրս գալուց հետո իմացավ, որ Մհերի սիրտը կանգ է առել։

Մարինան՝ Անժելիկայի մայրը, կիսաձայն ասում է՝ «քեզ էր սպասում, ուզում էր վերջին անգամ տեսներ, համոզվեր, որ ապահով հասել եք»։ Մհերին հուղարկավորել են հոկտեմբերի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Սուրենն ու Մհերը Արցախում պայմանագրային զինծառայողներ էին։ Սեպտեմբերի 24-ին՝ ադրբեջանական հարձակումից հետո շրջափակումից դուրս էին եկել ու վերադարձել Ստեփանակերտ, պետք է վերցնեին իրենց ընտանիքներն ու գային Հայաստան, քանի որ ադրբեջանական բանակն արդեն Ստեփանակերտում էր։

Քրիստինեն պատմում է, թե ինչ անհոգ էին ապրում Ստեփանակերտում, անգամ շրջափակման օրերին (2022-ի դեկտեմբերի 12-ից միչեւ 2023-ի սեպտեմբերի 19-ը-խմբ.), երբ ոչինչ չկար։ Քրիստինեի հետ ծանոթացել էինք շրջափակման ընթացքում՝ համացանցով։ Նա «Արցախի մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան խմբի ակտիվ անդամներից էր։ Այդ օրերին Քրիստինեն պատմում էր շրջափակման պայմաններում իրենց առօրյայի մասին ու հույս հայտնում, որ ամեն բան լավ է լինելու։

«Ոչ մի բան չկար, երեք երեխեքս քաղցրի կարոտ, ուտելու իրոք ոչինչ չկար, բայց ուրախ էինք, երջանիկ, մեր հայրենիքում էինք։ Մինչև վերջին օրը, մինչև հայտարարությունը, որ պիտի լքենք Արցախը, մենք վստահ ենք եղել, որ ամեն ինչ լավ ա լինելու, որ մեր հողում ենք ապրելու, որ ամեն ինչ հաղթահարելու ենք»,-ասում է Քրիստինեն։

Հիմա 9 հոգով՝ Քրիստինեն՝ 3 երեխաների ու ամուսնու հետ, Քրիստինեի ծնողները՝ Լյովան և Մարինան, Քրիստինեի քույրը՝ Անժելիկան որրդու հետ ապրում են Երևանում, վարձով բնակարանում։ Բնակարանի համար վճարում են ամսական 350 000 դրամ, որից 150 000 դրամը 6 ամիս վճարելու են բարերարները։ 200 000 դրամն՝ ընտանիքն է վճարում։

Քրիստինեն Ստեփանակերտում վարսահարդար էր աշխատում։ Առաջին մասնագիտությամբ էլ կենսաբան է։ Երևանի գեղեցկության սրահներից մեկում օրեր առաջ աշխատանք է գտել։ Երեխաները դպրոց են հաճախում։ Քույրն ու ծնողները տանն են, դեռ աշխատանք չունեն, իսկ Սուրենը, որ Պաշտպանության բանակում պայմանագրային զինծառայող էր, վերջնական ապաքինումից հետո աշխատանք կփնտրի։

Քրիստինեի ծնողները մինչեւ 44-օրյա պատերազմն ապրել են Շուշիում։ Մայրը՝ Մարինան, մինչև 90-ականներն ապրել է Բաքվում, որտեղից բռնագաղթել է արցախյան շարժման ժամանակ։ Սա Մարինա Սարկիսովայի երրորդ տեղահանումն է։

Մարինան սակավախոս է, դուստրերի խոսքերին լրացումներ է անում, ապա բերում ընտանեկան լուսանկարները, որ վերցրել են տնից դուրս գալուց առաջ։

Մարինան շատ է սիրում խոհանոցը։ Շուշիում ամբողջ ամառ ձմռան համար պահածոներ էր պատրաստում։ 44-օրյա պատերազմից հետո, երբ կորցրին Շուշիի իրենց տունը, Մարինան այլևս պահածոներ չէր պատրաաստում։ Ադրբեջանցիներն իրենց տնից  տեսանյութեր էին հրապարակել, թե ինչպես են նկուղում բացում պահածոներն ու ուտում։

Լյովան՝ Մարինաի ամուսինը, Շուշիի իրենց ամառանոցն իր ձեռքով էր վերանորոգել։ Մարինան ասում է՝ ամեն ինչում հոգի էր դրել, իր ճաշակով ամեն ինչ կահավորել։

«Ամեն արցախցու կյանք մի պատմություն է։ Տխուր պատմություն։ Ցավ, տառապանք, վիշտ, կարոտ, հայրենի տան ու հարազատի կորուստ, եթե բոլորի մասին որոշեն գրքեր գրել, պատմելու բան շատ կլինի»,-եզրափակում է Մարինան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter