HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Քրիստինեն հուսով է, որ մի օր Արցախում շրջափակման մասին անցյալով կխոսեն

Քրիստինե Սարուխանյանն ամեն օր մինչ 13:00-ն աշխատում է վերջացնել բոլոր կենցաղային գործերը, որոնք կապված են էլեկտրաէներգիայի հետ։ Այդ ժամից հետո Ստեփանակերտի իրենց թաղամասում էլեկտրաէներգիան անջատում են։

Նրա սկեսուրը առավոտյան ժամը 7-ից մոտակա փռում հացի հերթ է կանգնում։ Արցախում օրեցօր իրավիճակն ավելի բարդանում է։ Խանութներում ոչինչ չկա, մարդիկ օգտագործում են այն, ինչ մնացել է տան պահարանների դարակներում։

Քրիստինե Սարուխանյանի ամուսինը՝ Սուրեն Սարուխանյանը, զինծառայող  է։ 3 երեխա ունեն։ Ապրում են Ստեփանակերտում 6 հոգով՝ ամուսինները՝ երեխաների ու սկեսուրի հետ։

Խանութներում վաղուց քաղցրավենիք չկա։ Երեխաներին խմորեղենի փոխարեն հաց, ջեմ կամ մուրաբա են տալիս, բայց դա էլ աշխատում են խնայողաբար օգտագործել, քանի որ չգիտեն, թե մինչև երբ ճանապարհը փակ կմնա։

Օրեր առաջ Քրիստինեի ծննդյան տարեդարձն է եղել։ Երեխաները խնդրել են, որ տորթ պատրաստի։ Քանի որ խանութներում խմորեղեն չեն վաճառում, իսկ տորթ պատրաստելու անհրաժեշտ պարագաներ չկան, Քրիստինեն այլընտրանքային լուծում է գտել, ձմերուկները կեղևահան է արել, իրար վրա շարել տորթի շերտերի նման ու վրան մոմ դրել։

«Դե կարևորը էրեխեքս ուրախացան, ասում էին մա՛մ, էս ո՞նց ես կարողացել սարքել։ Իմ ծնունդից օրեր առաջ էլ աղջկաս ծնունդն էր։ Աղջիկներից խնդրել էի՝ մեկը մի քիչ ալյուր էր տվել, մյուսը՝ շաքարավազ, էն մեկը՝ խտացրած կաթ։ Թխվածք էի պատրաստել, բայց դե հո նորից չէի խնդրելու, մանավանդ, որ օրերն էլ անցնում են, ու մարդկանց պաշարներն էլ վերջանում են»,- ասում է Քրիստինեն։

Հուլիսի 25-ից վառելիքի սղության պատճառով Արցախում չի գործում հասարակական տրանսպորտը։ Քրիստինեն աշխատում է քաղաքի մյուս ծայրում գտնվող գեղեցկության սրահում, վարսահարդար է։ Ամեն օր աշխատանքի չի գնում, քանի որ աշխատավայր ոտքով պետք է հասնի։ Շաբաթական 2-3 անգամ, երբ իր ծառայությունից օգտվել ցանկացող մի քանի հոգի հավաքվում են, Քրիստինեն աշխատանքի է գնում։

«Էնպիսի բաների ես հարմարվում, որ առաջ, օրինակ, չէիր անի։ Ենթադրենք՝ առաջ հո անծանոթի մեքենան չէի՞ր կանգնեցնի ու խնդրեիր, որ ճանապարհի մի մասը տանի։ Հիմա՝ կին, երեխա, կարիքից դրդված, բոլորն էլ էդպես են անում»,- պատմում է նա։

Քրիստինեն ասում է, որ շրջափակումն ազդել է մարդկանց տրամադրության ու հոգեկան վիճակի վրա, մարդիկ նյարդային են դարձել, անորոշության մեջ են ապրում ու չգիտեն, թե այդպես ինչքան կարող է շարունակվել։

Օրեր առաջ, երբ դեռ հանրային տրանսպորտը գործում էր, Քրիստինեն ավտոբուսում արտասվող կնոջ ու երեխայի է տեսել, կարծել է, որ օգնության կարիք ունեն, կամ ինչ-որ բան է պատահել։ Մոտեցել ու հարցրել է, թե ինչով կարող է օգնել։ «Մեջս էնքան ա տպավորվել էդ դեպքը։ Մոտեցա, հարցրի, ասեց՝ չէ, ոչինչ չի եղել, ուղղակի հայրենիքն է ափսոս, մարդիկ կարող են հուզվել ու իրենց չկարողանան զսպել»,- պատում է նա։

Սոցիալական ցանցերում արցախցիներին ուղղված հակասական կարծիքներ, վատ մեկնաբանություններ է կարդում, դրանից նեղսրտում է։

«Հիմա, գիտեք, սրճարանների մեծ մասը, խանութները հիմնականում փակ են, բայց ասում են, դե որ բլոկադա ա, թող սրճարան չգնան։ Մարդիկ չապրե՞ն։ Սրճարանում սահմանափակ բաներ են տալիս, օրինակ՝ սառը սուրճ, թեյ, հաստատ ոչ ոք չի գնում սրճարան, նստում սրտի ուզածը պատվիրում։ Դե դա էլ արվում է, որ ցրվեն մարդիկ, ախր ամբողջ օրը էդ մտքերով ապրես։ Ես միշտ ցույց եմ տալիս, որ լավ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, ուզում եմ հավատամ, որ լավ կլինի, որովհետև ես էս երկրագնդի վրա ուրիշ ավելի լավ տեղ չգիտեմ։ Մեր Արցախը շատ լավն է։ Թող մեզ չխանգարեն, մենք միշտ Արցախում կապրենք»,- ասում է Քրիստինեն։

Քրիստինեն լավատես է, կարծում է, որ ինչպես ամեն վատ բանի, շրջափակման մասին էլ մի օր հիշելու են` որպես իրենց բաժին հասած հերթական դժվարություն։

Ամենադժվարը, նրա խոսքով, երեխաներին մերժելն ու նրանց ցանկությունները կատարել չկարողանալն է։

«Շատ դժվար ա ծնողի համար, գիտե՞ք, որ էնքան սովորական, պրիմիտիվ բան ա ուզում էրեխեդ, բայց ասում ես չկա, չես կարա առնես, բայց ոչ թե նրա համար, որ գումար չունես, այլ, որ չկա, չեն ծախում»,- պատմում է նա։

Նախկինում ամեն ընտանիքին վաճառում էին 3 հաց, հիմա արդեն՝ 2։ Ծանր է միայնակ տարեցների վիճակը։ Նրանց համար հոգ տանող չկա, հաճախ հացի հերթերում երկար կանգնելուց նրանց ինքնազգացողությունը վատանում է։

Չնայած որ շենքում են ապրում, պատշգամբում, ծաղկամանների մեջ կանաչիներ է աճեցնում։ Շրջափակումից հետո բոլորը Ստեփանակերտում սկսել են բանջարեղեն աճեցնել։ Նրանք, ովքեր ապրում են սեփական տներում, տան բակը բանջարանոցի են վերածել, շենքերում ապրողները բավարարվում են պատշգամբի փոքրիկ ծաղկամաններով։

Դեղատներում դեղեր չկան, կաթնախառնուրդները վաղուց սպառվել են։ Հիվանդանոց հասնելն էլ բարդ է։ Հղիներին արագ հիվանդանոցներ հասցնելու համար քաղաքում էլեկտրամոբիլներ են գործում, բայց դրանք օգտագործվում են միայն ծայրահեղ անհրաժեշտության ժամանակ։

Չնայած առաջացած դժվարություններին՝ Քրիստինեն չի մտածում Արցախից դուրս գալու, ուրիշ տեղում ապրելու մասին, բայց նաև չի մեղադրում այն մարդկանց, որոնք լքել են Արցախը։

Ասում է՝ երբ սոցցանցերում տեսնում է, որ Երևանում բողոքի ակցաիներ են անում, ուրախանում է, որ Արցախում մենակ չեն մնացել։

«Ես մեկ-մեկ մտածում եմ՝ ես լա՞վ մայր եմ, որ իմ երեխաները վտանգի մեջ ու շատ զրկանքներով են ապրում։ Հետո հասկանում եմ, որ հա՛, իմ տունը էստեղ ա, ես Արցախը սիրում եմ, բայց դուրս եկողներին էլ չեմ կարա ոչ մի բան ասեմ, դուրս եկողներին քննադատողներին էլ բան չեմ կարա ասեմ։ Իմ շրջապատում բոլորը նվիրյալ արցախցիներ են, ու ես հավատում եմ, որ հենց էդ մարդկանց ամուր իրենց հողի վրա կանգնած մնալու շնորհիվ Արցախը միշտ լինելու է»,-եզրափակում է Քրիստինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter