HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Լավ եմ արել, ասել եմ, բա քաղաքական գործիչ եմ, հայրենիք է կորում»․ Հրանտ Բագրատյանի գործով առաջին դատական նիստը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր՝ նոյեմբերի 10–ին, տեղի ունեցավ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով առաջին դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Մանվել Շահվերդյանը։ Հրանտ Բագրատյանը մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ։

Նիստի ընթացքում քննարկվեց Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։ Նախաքննության ընթացքում խափանման միջոց էր ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը կարծիք հայտնեց, որ պետք է անփոփոխ մնա խափանման միջոցը, և որևէ միջնորդություն չունի։ 

Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանն ասաց, որ Բագրատյանի նկատմամբ քրեական հետապնդումը տևել է 4 օր և քրեական վարույթի նյութերում չկա որևէ ապացույց, որից կարելի է ողջամտորեն եզրակացնել, որ Բագրատյանը փախչելու էր ՀՀ–ից կամ կատարելու էր նոր հանցանք։ Քանի որ չկան խափանման միջոցը կիրառելու համար անհրաժեշտ նյութեր, իսկ խափանման միջոցը, ըստ պաշտպանի, հենց այնպես չի կիրառվում, նա խնդրեց դատարանին վերացնել Հրանտ Բագրատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

Ի պատասխան դատավորի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատյանը՝ նա ասաց․ «Պիտի խնդրեմ, որ վերացնեք դա, անհարմար է իսկապես ինձ համար։ Ամոթ է, ամոթ․․․ ու՞մ դեմ եք խափանում, ի՞նչն եք խափանում, ու՞մ եք խափանում․․․ Ձեր առջև կանգնած է Հանրապետության հիմնադիրներից մեկը, իմ ամբողջ էությունը չի ընդունում, երբ ինձ մեկն ասում է՝ խափանեք, ի՞նչը խափանեք, չեմ հասկանում։ Անկեղծ ասած, ես վիրավորական եմ համարում նման միջոցի առկայությունը»։ Դատարանը որոշեց վերացնել խափանման միջոցը։

Բագրատյանի պաշտպանը ներկայացրեց նաև միջնորդություն քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին։ Ըստ փաստաբանի՝ Բագրատյանի գործով օպերլիազորի՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդման մեջ բացահայտված չէ վերջինիս այն լիազորությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել առերևույթ հանցանքի փաստը, հետևաբար, խախտվել է օրենքով սահմանված հաղորդմանը ներկայացվող պարտադիր պահանջը։ Օպերլիազորի հաղորդման մեջ նշված է, որ համացանցի մշտադիտարկման ընթացքում է հայտնաբերել Բագրատյանի կողմից կատարված առերևույթ հանցանքի փաստը, մինչդեռ նման լիազորություն (խմբ․– համացանցի մշտադիտարկում իրականացնելու), ըստ պաշտպանի, օպերլիազորը չի ունեցել: Հովհաննես Քոչարյանը հետևություն է անում, որ օպերլիազորի կողմից հանցանքի մասին հաղորդումը չի կարող համարվել պատշաճ, հետևաբար, քրեական վարույթը նախաձեռնվել է օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։

Հանրային մեղադրող Հայկ Ավետյանն ասաց՝ պաշտպանական կողմը որևէ կերպ չի վիճարկում, որ առերևույթ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Գ․ Մկրտչյանը հանդիսանում է օպրեատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմին։ Իսկ քննիչի համար քրեական վարույթ նախաձեռնելու հիմք կարող է հանդիսանալ օպրեատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից ստացված հաղորդումը։

«Ստացվում է՝ պաշտպանական կողմը, չվիճարկելով, որ այն աղբյուրը, որից ստացվել է առերևույթ հանցագործության մասին տեղեկությունը, հանդիսանում է օպրեատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմին, միևնույն ժամանակ պնդում է՝ քանի որ այդ տեղեկությունը չի ստացվել օպրեատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից իր լիազորություններն իրականացնելիս, աղբյուրը ապօրինի է»,– ասաց դատախազը։ Հայկ Ավետյանի համոզմամբ՝ միջնորդությունը ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Փաստաբան Հովհաննես Քոչարյանն ասաց՝ չեն հերքում, որ հաղորդումը տրամադրողը օպերլիազոր է, իրենց տեսակետն այն է, որ հաղորդումը չի բավարարում դատավարական օրենքով նախատեսված պահանջներին բովանդակային իմաստով։ Դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել, մինչև միջնորդության վերաբերյալ էական հանգամանքների պարզումը։

Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանի հաջորդ միջնորդությունը ապացույցների անթույլատրելիության մասին էր։ Նրա խոսքով՝ վարույթ նախաձեռնելու մասին քննիչի կազմած արձանագրությանը կցված փաստաթղթերի մեջ բացակայում է թվով 1 լազերային սկավառակը՝ ենթադրյալ հանցավոր արարքի նկարագրության տեսանյութը։ Ըստ պաշտպանի՝ քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրության մեջ որևէ կերպ նշված չէ, որ քննիչը ստացել է այդ լազերային սկավառակը, հետևաբար, անհայտ է, թե այդ ապացույցը քրեական վարույթում ինչպես է հայտնվել։ Այս փաստից ելնելով՝ փաստաբանը դատարանին խնդրեց անթույլատրելի ճանաչել այդ սկավառակում պարունակվող տեսագրությունը, ինչպես նաև անթույլատրելի ճանաչել այդ տեսանյութի զննությունից պարզված զննություն կատարելու մասին բոլոր արձանագրությունները։

Դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ միջնորդության համար էական հանգամանքները պարզելու հիմքով։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 28–ին՝ ժամը՝ 10։00–ին։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր։ Մասնավորապես, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

Դատական նիստից հետո Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ «վերացնել» բառը, որը որակվել է բռնության կոչ, բռնություն չի նշանակում։ «Այդ բառը օգտագործվել է «հեռացնել», «դադարեցնել» իմաստով։

«Լավ եմ արել, ասել եմ, բա ի՞նչ պիտի անեի, բա քաղաքական գործիչ եմ, հայրենիք է կորում»,– ասաց Բագրատյանը՝ նշելով, որ իր՝ այդ ելույթն ուղղված է եղել Փաշինյանին, որ ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Նա նաև հայտարարեց, որ այս քրեական գործով քաղաքական հետապնդում է իրականացվում իր նկատմամբ։

Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանն ասաց, որ այս փուլում քաղաքական հետապնդման մասին հայտարարություն չի ցանկանում անել և դատավարության ընթացքում քաղաքական հետապնդումների մասին չի խոսելու ու կենտրոնանալու է բացառապես ապացույցների վերլուծությունների վրա՝ փորձելով ապացուցել Հրանտ Բագրատյանի անմեղությունը։ Միևնույն ժամանակ Քոչարյանը նշեց, որ Հրանտ Բագրատյանն ազատ է իր կարծիքն արտահայտելու մեջ։

Նա նշեց՝ եթե այս գործում բռնություն կա, ապա դա միայն Եվրոպական կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրության նկատմամբ է։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը կարող է օգտագործել այլաբանություններ, համեմատություններ՝ խոսքը առավել զգայական և ընկալելի դարձնելու համար։ «Այդ արտահայտչական հնարքները թույլատրելի և պաշտպանելի են և՛ Սահմանադրությամբ, և՛ Եվրոպական կոնվենցիայով»։ Ըստ պաշտպանի՝ չպետք է կարծել, որ հրապարակային խոսքը պետք է լինի միայն անշառ, բարեհաճորեն ընկալվող խոսք, այն  կարող է լինել սուր, սադրանքի էլեմենտներ, վիրավորանքի տարրեր պարունակող, որը նույնպես պաշտպանվում է։ 

Փաստաբան Հովհաննես Քոչարյանի համոզմամբ՝ քրեական հետապնդումը հարուցվել է առանց հանցակազմը հաստատող հատկանիշների, և այս գործով դատական ակտը պետք է լինի արդարացման ակտ։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանություններ (1)

Սամվել
Հրանտ Բագրատյանի ասացը Փաշինյանին հասցեին մեռոնա Նիկոլի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter