HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

17 մլն դրամ է վճարվել Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ին ԵԱՏՄ նիստը ընդունելու համար

Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությանը պետական միջոցներից հատկացվել է 17 միլիոն դրամ՝ ամիսներ առաջ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացմանը մատուցած ծառայությունների համար։ Պետական գնումն իրականացվել է առանց մրցույթի։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսի 24-ին և 25-ին, որի անցկացման վայրը ընտրվել էր Ծաղկաձորի նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցը։

Պետական գնման պայմանագիրը Նալբանդյանին պատկանող «Պոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊ ընկերության հետ կնքել է Արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությունը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի համար վարձակալվել են հյուրանոցի նախասրահը, ընդունարանը և 3 սրահ, որոնցից մեկը մեծ միջոցառումների համար է նախատեսված։

Երբ փորձեցինք հասկանալ, թե ինչ ընթացակարգով է արվել պետական այս գնումը, պարզվեց, որ հյուրանոցի ընտրությունն իրականացվել է առանց մրցույթի։ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պարտականությունները կատարող Իննա Թորգոմյանը մեզ հայտնել է, որ նախագահի, վարչապետի, փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած պաշտոնյաների ծախսերը փոխհատուցվում են այլ ընթացակարգով։ Ըստ Կառավարության որոշման՝ նման հրավերների դեպքերում ծախսերը հաշվարկվում և վճարվում են ըստ փաստացի կատարված ծախսերի։ Պարզ ասած՝ միջոցառումն անցկացվելուց հետո ծառայություն մատուցած կազմակերպությունները ներկայացնում են հաշիվներ, որի հիման վրա կատարվում է վճարում։

Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս է ընտրվել միջկառավարական խորհրդի նիստի անցկացման վայրը, և ինչո՞ւ են արտաքին քաղաքական գերատեսչությունում նախապատվությունը տվել նորահայտ գործարարի հյուրանոցին։ Այն հյուրանոցին, որը Նարեկ Նալբանդյանը պետությունից գնեց արտոնյալ պայմաններով և դժվարանում է ժամանակին վճարել դրա գումարը։ 

«Հիշատակված միջոցառման վայրի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ տվյալ հյուրանոցում առկա են նման մեծամասշտաբ միջոցառում կազմակերպելու համար անհրաժեշտ շենքային պայմաններ՝ նիստերի մեծ դահլիճ, դիմավորման պաշտոնական արարողության համար համապատասխան սրահ, մամուլի կենտրոնի համար համապատասխան տարածք և այլն։ Տարածքի անվտանգության ապահովման տեսանկյունից ևս հյուրանոցը գտնվում է բարենպաստ դիրքում»,- պարզաբանել է ԱԳՆ պաշտոնյան։

Վերջին տարիներին Հայաստանում մի քանի անգամ անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ։ 2022 թ․-ի հոկտեմբերին այն անցկացվել է Երևանում գտնվող Դվին հյուրանոցային համալիրում։ Դրանից առաջ՝ 2021 թ․-ի նոյեմբերին, նիստն անցկացվել է կրկին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 2020 թ․-ի նիստը կրկին անցկացվել է մարզահամերգային համալիրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter