HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բացի ամուսնուս գերեզմանից, էստեղ ոչինչ չունեմ». Արցախից տեղահանված ընտանիքն ապրում է Մշակույթի տանը

Ալվինա Գասպարյանը կանգնած է Նոյակերտ գյուղի Մշակույթի տան առջև, որդուն է սպասում։

15-ամյա Նվերը Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում գինեգործություն է սովորում։ Արարատից Նոյակերտ հասարակական տրանսպորտ չկա, և Նվերն ամեն օր տաքսիով է քոլեջ գնում։ Ալվինայի կրտսեր որդին՝ Նարեկը, Նոյակերտի դպրոցում է սովորում։

2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո նրանք ապրում են Արարատի մարզի Նոյակերտ գյուղի Մշակույթի տանը, որը բազմաթիվ արցախցիների ժամանակավոր կացարանն էր դարձել։

Նոյակերտի գյուղապետարանն այստեղ տարածք է հատկացրել, բարերարների օգնությամբ վերանորոգել են սենյակները, ջրագիծ անցկացրել, ապրելու պայմաններ ստեղծել, որպեսզի տեղահանված ու կացարան չունեցող ընտանիքները դրսում չմնան։ Ժամանակի ընթացքում ոմանք տուն են վարձել ու տեղափոխվել։ Հիմա Մշակույթի տան շենքում 2 ընտանիք է մնացել։

Ալվինա Գասպարյանի ամուսինը՝ Մխիթար Սևլիկյանը, զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտում։ Նա վարորդ էր։ 17 տարի ծառայել է Պաշտպանության բանակում։ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման օրը հրամանատարը զանգել է Մխիթարին ու զորամաս կանչել։ Երեկոյան ժամը 7-ին ընտանիքը լուր է ստացել, որ Մխիթարը վիրավոր է։ 3 օր հիվանդանոցներում փնտրելուց հետո սեպտեմբերի 23-ին Մխիթարին գտել են Ստեփանակերտի դիահերձարանում։ 

Նրան սեպտեմբերի 24-ին հուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը։ Հաջորդ օրը, երբ իմացել են, որ պետք է լքեն Արցախը, Մխիթարի մարմինը հանել են, տեղափոխել Հայաստան ու հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Ալվինայի կրտսեր որդին՝ Նարեկը, որոշել է հետախույզ դառնալ։

-Դու ի՞նչ երազանք ունես, Նարեկ,- հարցնում ենք։

-Պապայիս եմ ուզում,- պատասխանում է նա։

Ալվինան ասում է՝ Մխիթարը ամեն ինչ անում էր երեխաների համար։ «Ծառայությունից կյամ ար, վայեննի շորերը հանում, մտնում բոստանը։ Բլոկադա ար, վեչ մի պեն չկար, բայց մեր տանն ամեն հինչ իլալա ա, ու բոլորին էլ հյուրասիրալնք, լավ պապա ա իլալ, լավ ամուսին, լավ տղա իրա մոր ու հոր համար, մեզ համար շատ դժվար ա լինելու, հալա չենք հասկանում»,- ասում է Ալվինան։

Նվերը՝ Ալվինայի ավագ որդին, տեսողության և հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Ալվինան Ստեփանակերտում Նվերի դեղորայքը պոլիկլինիկայից ստանում էր։ Հիմա ստիպված գնում է։ Օրեր առաջ 10 օրվա համար անհրաժեշտ դեղերից միայն մեկը գնելու համար Ալվինան վճարել է 6000 դրամ։ Նրա համար դա մեծ գումար է, քանի որ այժմ չի աշխատում։ Խնայողություն չունեն, իսկ ՀՀ կառավարության տրամադրած դրամական օժանդակությունը շուտով կսպառվի։ Հայաստանում անվճար բուժօգնություն ստանալու համար Ալվինայի որդին պիտի հետազոտվի։ Ախտորոշման համար Նոյակերտի ամբուլատորիան հոգեբան չունի, Ալվինային խորհուրդ են տվել դիմել պոլիկլինիկա՝ Արարատում կամ Երեւանում։

Ալվինան 13 տարի Ստեփանակերտում խանութում է աշխատել։ Մխիթարի աշխատավարձը նախորդ տարի բարձրացել էր, բավականացնում էր նրանց ծախսերը հոգալուն, ուստի Ալվինան դուրս էր եկել աշխատանքից ու երեխաների խնամքով էր զբաղվում։ Մխիթարը նաև նոր տան շինարարություն էր սկսել։

Մխիթարն ու Ալվինան ամուսնության պետական գրանցում չունեն։ Մխիթարի մահից ու նրանց՝ Հայաստան տեղափոխվելուց հետո Մխիթարի հարազատները Ալվինայի հետ կապը խզել են։ Հետևաբար, Ալվինան չի ստանալու նաև զոհվածների հարազատներին տրամադրվող դրամական օգնությունը։

«Երբ հարցնում են՝ ինչի՞ կարիք ունես, մտածում եմ՝ ամեն ինչի, ոչ մի բան մեզ հետ չենք բերել։ Մխոն չէր ուզի մեզ էսքան ընկճված ու անօգնական տեսներ։ Երբ տարհանվում էինք, աչքներիս ոչ մի բան չէր գալիս, կարևորը ամուսնուս մարմինը կարողացանք հանել։ Բացի ամուսնուս գերեզմանից, ստեղ ոչինչ չունեմ»,- ասում է Ալվինան։

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Տվյալներ կտաք օգնենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter