HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող Մուշեղ Շուշանյանը չի ստացել գործի բոլոր նյութերը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ փաստաբան Մուշեղ Շուշանյանի գործով դատական նիստը: Նախագահող դատավորն էր Արտուշ Գաբրիելյանը:

Մուշեղ Շուշանյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ: Նա այժմ կալանավորված է:

Շուշանյանը դատարանին հայտնեց, որ քննիչն իրենց չի տրամադրել գործի բոլոր նյութերը: Դրանցում բացակայել է իր վերջին հարցաքննության տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը: «Նման պայմաններում դատալսումները չեն կարող կայանալ, և ես խնդրում եմ դատալսումները հետաձգել, իմ իրավունքի խախտումը վերացնել, պաշտպանիս տրամադրել հարցաքննության տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը, որից հետո հաջորդ դատական նիստում կարող ենք շարունակել նախնական դատալսումները»,- ասաց Մուշեղ Շուշանյանը: 

Հանրային մեղադրող Վազգեն Ռուստամյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ քննիչը քրեական վարույթի նյութերը տրամադրել է պաշտպանության կողմին: Մուշեղ Շուշանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ հայտնեց, որ այդ հարցով դիմել է թե քննիչին, թե դատարանին, սակայն ոչ մեկից չի կարողացել ստանալ: Դատարանը հայտնեց, որ իր մոտ առկա նյութերում կա այդ տեսաձայնագրությունը, այն կտրամադրի պաշտպանական կողմին ու ժամանակ կտա՝ դրան ծանոթանալու:

Արայիկ Պապիկյանը հայտնեց նաև, որ Շուշանյանից անձնական խուզարկության ժամանակ գրպանի որոշակի գումար են վերցրել, որը մինչ օրս քննիչը չի վերադարձրել: «Սա ցույց է տալիս այն վերաբերմունքը, որ ցուցաբերվում է պարոն Շուշանյանի նկատմամբ, և ինչու՞ է նա այս պահին բանտում՝ մենք չգիտենք»,- ասաց Պապիկյանը:

Դատական նիստը հետաձգվեց տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը պաշտպանական կողմին փոխանցելու և նրանց այդ ձայնագրությանը ծանոթանալու հնարավորություն տալու հիմքով: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ ժամը՝ 15:00-ին:

Նշենք, որ բռնության կոչեր են որակվել Շուշանյանի հետևյալ գրառումները. «Հայոց զարթոնքը կարող է սկսվել մի պայմանով միայն՝ եթե կիկոլը ու ողջ հայրենավաճառների խմբակը ինքնաբուխ տարերային կերպով մահապատժվեն»:

Մեկ այլ գրառման մեջ էլ Շուշանյանը գրել է. «կիկոլին, դրա կուտոկից ցանկացածին որտեղ բռնեք, սատկացրեք, հնարավորինս դաժան, բայց նաև արդյունավետ, սաղ չմնան. աած, ոստիկանություն, սպասում եմ, եկեք, տարեք»:

Բացի այդ, ինչպես Քննչական կոմիտեն հայտնել է, 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է ««Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում Շուշանյանը ՀՀ վարչապետի հասցեին, քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները: Սակայն Շուշանյանը պնդում է, որ հնչեցված մտքերը կամ արտահայտությունները պայմանավորված չեն եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամ այլ հայացքներով։

Պաշտպան Արայիկ Պապիկյանը Շուշանյանի ձերբակալությունը և կալանքը անհիմն է որակել: «Այս ամենը ոչ միայն անհիմն է, այլև՝ անհեթեթ։ Նախ` Շուշանյանը երբեք չի թաքնվել կամ խուսափել․ զորօրինակ մայիսի 8-ի կամ սեպտեմբերի 22-ի հրապարակումներից հետո նա որևէ տեղ չի թաքնվել, և նրա փախուստը կանխելու կամ դատարանին ներկայացնելու պատճառով ձերբակալելը պարզապես պատժելու նպատակով է կատարվել։ Մինչև սեպտեմբերի 28-ը նրան ոչ ոք չի էլ ծանուցել ներկայանալու, որից ինքը խուսափեր։ 

Մուշեղ Շուշանյանի կալանքը արտոնած դատավորը որոշման մեջ նշել է, որ նա, մնալով ազատության մեջ, կկատարի նոր հանցանք, և սա այն դեպքում, երբ Շուշանյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած որևէ դատական ակտ չկա։ Դատավոր Մասիս Մելքոնյանը մոռացել է, որ ՀՀ-ում դեռևս գործում է անմեղության կանխավարկածը»,- «Հետքին» հայտնել էր փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Մուշեղ Շուշանյանը նախկինում ևս մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հրապարակային եղանակով ծանր վիրավորանք եւ բռնության կոչեր հնչեցնելու մեջ: 

«Ծանր վիրավորանքի» մասին հոդվածն ապաքրեականացվելուց հետո այդ մասով գործը կարճվել էր, իսկ մյուս մասով քրեական հետապնդումը դադարեցվել էր Շուշանյանի նկատմամբ` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Պաշտպանական կողմը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման վերաբերյալ դատական ակտ: 

Գլխավոր լուսանկարում՝ Մուշեղ Շուշանյանը և Արայիկ Պապիկյանը

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter